Տավուշի մարզի դատարանը ճանաչված մարզիկ, մարզիչ, մասնագիտությամբ իրավաբան Սամվել Այվազյանին դատապարտել էր 1 տարի ժամկետով ազատազրկման: Սամվելը կալանավորվել էր 2018թ. փետրվարի 6-ին: Նա մեղադրվել էր իր կողմից կեղծված, իրավունք վերապահող «Վարդգես Վարազդատի Ալոյանի» տվյալներով, իր լուսանկարով ՀՀ քաղաքացու կեղծ անձնագրով Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանի Բագրատաշենի սահմանային անցակետով սահմանը ապօրինի հատելու փորձի համար: Սամվել Այվազյանը 2017 թվականի օգոստոսի 3-ի ժամը 19:24-ին հայտնաբերվել էր ՀՀ ԱԱԾ ՍԶ սահմանային վերահսկողության Բագրատաշենի բաժնի ծառայողների կողմից: Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, եւ մեղադրողի միջնորդությունը բավարարել՝ նրան դատապարտել երկու տարով ազատազրկման: Սամվելի 78-ամյա մայրը՝ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին դասախոսը, «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց, թե որդին զանգել է, թե արդեն «Կոշից» դուրս է գալիս, սակայն վայրկյաններ հետո նրան նորից կալանել են:
Համաներումը «տարածվել է» մինչեւ քրեակատարողականի մուտք հասնելը:
Սամվելին այսօր ծանր մեղադրանք է առաջադրվել: Քրեական հեղինակության սպանության փորձի «նախապատրաստման» մեջ արդյոք դերակատարում ունի՞ նա, արդյոք կա՞ կապ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ վարչության նախկին աշխատակից, դիպուկահարի դիակը հայտնաբերելու հետ:
Մանրամասները կարդացեք «Առավոտի» հաջորդ համարում:
Ռ. Մ.
«Առավոտ օրաթերթ»,
26.01.2019