Հարցազրույց գրող, աստվածաբան Դավիթ Սամվելյանի հետ
– Ձեր «Արտագաղթած կարոտ» եւ «Ռոդենի ձմեռը» պատմվածքների ու էսսեների ժողովածուները՝ հրատարակված 2016, 2017 թվականներին, վերահրատարակվել են եւ շուտով կհայտնվեն վաճառքում: Ոլորտի մարդիկ ասում են, որ դրանք նոր խմբագրմամբ են: Որպես հեղինակ ինչո՞վ կբացատրեք այս երկու ժողովածուների նման պահանջարկը:
– Երկու ժողովածուներն էլ սպառվել են շուրջ մեկ տարվա ընթացքում, բայց «Ռոդենի ձմեռը» այդ ընթացքում երկու անգամ է հրատարակվել: Գրքերի հաջողությունը, ըստ իս՝ դրանցում շոշափվող թեմաների արդիականությունն ու հոգեհարազատությունն է ընթերցողին: Օրինակ, «Ռոդենի ձմեռի» հերոսներից Աբուլը, Սոնան, Արեգը, Մոսոն դարձել են խորհրդանիշն այն մարդկանց, որ թեեւ կյանքում բազմիցս սխալվում են, ինչ-ինչ դժվարություններից ելնելով նույնիսկ հայտնվում փորձանքների մեջ, այդուհանդերձ, չեն կորցնում իրենց մարդ տեսակը: Ինչ վերաբերում է ժողովածուների նոր խմբագրմանը, ավելի շատ միջամտել եմ «Արտագաղթած կարոտին»՝ թարմացնելով էսսեները, նաեւ կրճատելով ու հավելելով: Ավելացել է հավելված, սա էլ թող անակնկալ լինի ընթերցողին:
– Գրքերի վերահրատարակումը հրատարակչությա՞ն նախաձեռնությունն է, թե՞ ձեր:
– «Ռոդենի ձմեռի» դեպքում երկու հրատարակումը իրականացվել է իմ միջոցներով, կոնկրետ հիմա երկու գրքերի վերահրատարակումը «Էդիթ պրինտի» նախաձեռնությունն է:
– Հեղինակ եք նաեւ 2004-ին լույս տեսած «Նաեւ նրա» եւ 2010-ին՝ «Լուսե երազ» գրքերի: Երբեւէ մտածե՞լ եք թարգմանվելու մասին:
– Այս պահին ռուսերեն է թարգմանվում «Ռոդենի ձմեռը»:
– Ինչո՞ւ հատկապես ռուսերեն:
– Որովհետեւ ռուսախոս լսարանը մեծ է: Իմ դեպքում՝ նման առաջարկ եղավ թարգմանչից (չբարձրաձայնեց անունը): Ի դեպ, բանաստեղծություններիս մի մասը առաջիկայում կտպագրվի ճապոնական մամուլում, ինչը նույնպես իմ նախաձեռնությունը չէ (դարձյալ չմանրամասնեց-Ս.Դ):
– Մասնագիտությամբ աստվածաբան եք, բայց ձեր գործերում այդ ոլորտը բացակայում է, ինչո՞ւ: Թեպետ վերջին շրջանում հոգեւոր ոլորտում էլ ամեն ինչ խաղաղ չէ:
– Հավանաբար ուշադիր չեք ընթերցել գրքերս: «Ռոդենի ձմեռը» ժողովածուում «Խավարման գիշեր» պատմվածքիս հերոսը սարկավագ է, որն ապրում է հասարակ մահկանացուներիս պես, բայց իր տեսակետն է արտահայտում սրբությունների, ոլորտում եղած կարծրատիպերի, հավատքի հանդեպ հասարակության շրջանում հանդիպող շատ դեպքերում՝ անլուրջ, մակերեսային վերաբերմունքի մասին: Օրինակ՝ հերոսս մենախոսում է՝ ինչքա՜ն սրբեր կան մեր օրերում… մեր քուրը, մեր մերը սուրբ են, կարծես չսրբադասված սրբեր լինեն… Բայց բոլորիս էլ հայտնի են չակերտավոր սրբերի վարած կյանքն ու կենսաձեւը հասարակության մեջ:
– Ձեր խոսքը վերաբերում է «մեր սուրբ քրոջն ու մո՞րը»:
– Խոսքս վերաբերում է բոլոր նրանց, ովքեր ներկայանում են սրբի կարգավիճակով, բայց իրականությունն այլ է… Իսկ «Արտագաղթած կարոտի» էսսեներից շատերը ոչ թե առաջին հայացքից թվացող սիրահարի խոկումների արտահայտում են, այլ ներքեւից Վերեւ ուղղված բողոք, երբեմն՝ ցասում, երբեմն էլ՝ նույնիսկ անհույս դիմումներ…
– Հոգեւոր աշխարհի ներկայացուցիչներից երբեւէ բացասական արձագանք հնչե՞լ է՝ ձեր գործերում շոշափվող կրոնական մոտիվներից ելնելով:
– Ստեղծագործություններիս հերոսները մարդիկ են եւ յուրաքանչյուրը հանդես է գալիս սեփական մտքերով, մտատանջություններով, ինչու չէ՝ թուլություններով… Բայց իմ գործերում առկա, ձեր խոսքերով՝ կրոնական մոտիվները, նույնիսկ բանավեճի առիթ չեն հանդիսացել… Կարծիք չստեղծվի հասարակության մեջ, թե միայն կամ մեծամասամբ հոգեւոր թեմաներ են գրքերումս: Դրանցում կա սեր, դավաճանություն, արտագաղթ, սոցիալական վիճակ, մեր Երեւանի անցյալի ու ապագայի համար ցավ ու մտավախություն… ընդհանրապես այն ամենը, ինչ բնորոշ է մեր կյանքին ու երկրին, որտեղ ապրում ենք:
Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ օրաթերթ»,
26.01.2019