Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վերճիհան Զիֆլիօղլուն գիրք է գրել 1917թ. Ռուսաստանից Թուրքիա փախած արիստոկրատների մասին

Հունվար 28,2019 12:00

Վերճիհան Զիֆլիօղլուն գիրք է գրել 1917թ. Ռուսաստանից Թուրքիա փախած արիստոկրատների մասին

Պոլսահայ լրագրող եւ գրող Վերճիհան Զիֆլիօղլուն 5-րդ գիրքն է հրատարակում 1917թ. բոլշեւիկյան հեղաշրջումից հետո Թուրքիա փախած 5 արիստոկրատների մասին, որոնցից ոմանք ունեն հայկական արմատներ: «Առավոտը» այդ մասին զրուցեց հեղինակի հետ: Նրանից տեղեկացանք, որ գիրքը կոչվում է «Մի մոռացիր ինձ, սիրելի Ռուսաստան»:

«Ինչու այդ վերնագիրը, որովհետեւ հերոսները խոսում են իրենց հայրենիքի հանդեպ սիրո մասին, խոսքը հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչների մասին է»,-ասում է Վերճիհանը: Նրանից տեղեկացանք, որ գիրքը կհրատարակվի Անկարայում, նախ թուրքերեն, ապա ռուսերեն եւ անգլերեն կթարգմանվի: Հրատարակիչը Kuzey Isigi Publishing House-ն է: Գրքում օգտագործվել են արխիվային փաստաթղթեր, բացառիկ լուսանկարներ, որոշ նյութեր նաեւ Վերճիհանի ընտանեկան արխիվից: Գրողը «Մի մոռացիր ինձ, սիրելի Ռուսաստան»-ը որակում է որպես հետազոտական աշխատանք, ուսումնասիրություն, բանավոր պատմությունների գիրք:

Մեր զրուցակիցը նշում է, որ գիրքը գրելու համար հարցազրույցներ է վերցրել «առաջին ձեռքից» եւ երկրորդ սերնդի ներկայացուցիչներից: «Մի մոռացիր ինձ, սիրելի Ռուսաստան»-ը տարբեր բաժիններ ունի: Առաջին բաժնում հեղինակը խոսում է «սպիտակ» ռուսների մասին: Սսում է, որ նրանց ժառանգներից շատերն ապրելով Ստամբուլում, ունենալով թուրքական անձնագրեր, կարծել են, որ Սպիտակ Ռուսաստանը երկիր է, իսկ սպիտակ ռուսները` ժողովուրդ: «Ես նրանցից ոմանց պատմել եմ, թե իրենք ինչ մշակույթ են բերել Ստամբուլ` օպերա, արվեստ եւ այլն: Ընդ որում, երբ իմ դոսյեն ուղարկեցի Ստամբուլի հայտնի հրատարակչություն, նրանք գաղափար չունեին, թե ովքեր են սպիտակ ռուսները, արձագանքեցին, որ դեմ են արիստոկրատներին, բոլշեւիկների ու հեղափոխության կողմից են: Ես որպես գրող` ասացի, որ այս գիրքը մարդկային պատմություն է, եւ իրենք չեն կարող իրենց աչքերը փակել իրականության առաջ, պայքարեցի գրքի հրատարակման համար: Ոմանք ինձ մեղադրեցին, թե դեմ եմ հեղափոխությանը եւ արիստոկրատիայի կողմից եմ…Գրքում ես պատմում եմ արիստոկրատների եւ Սպիտակ բանակի սպաների մասին, օրինակ՝ սպա Բորիս Կրասնիկովի մասին, որին բոլշեւիկները փորձել են սպանել, սակայն նա կարողացել է փախչել Ստամբուլ: Նրա ժառանգներն առայսօր շարունակում են պահել այն պատմական թուրը, որի վրա Նիկոլայ Երկրորդ ցարի նշանն է, թուրն արդեն սեւացել է, մետաղն օքսիդանում է»,-ասում է հեղինակը:

Վերճիհանը նշում է, որ գրքի մյուս գլխում էլ պատմում է Սպիտակ բանակի այն զինվորների մասին, որոնք եկել էին Կարս այն շրջանում, երբ պատմական քաղաքը ռուսական կայսրության վերահսկողության ներքո էր: «Նրանք հաստատվել են Կարսում եւ հետագայում չեն վերադարձել Ռուսաստան, որպեսզի չսպանվեն բոլշեւիկների կողմից: Մինչեւ 1997 թ., վերջին սպիտակ ռուսական ընտանիքը փորձել է հեռանալ Կարսից, նրանք տեղափոխվել են Ստամբուլ, ունեցել են սոցիալական եւ քաղաքական դժվարություններ… Այդ սպաներից ոմանք գերմանական, լեհական արմատներ ունեն, ոմանք էլ հայկական: Օրինակ, Կազիմիր Պամիրի մայրը հարուստ ընտանիքից էր, ռուսական կայսրության ժամանակ եղել են Երեւանում եւ Կարսում…»,- ասում է գրքի հեղինակը ու հավելում, որ սպիտակ ռուսների ժառանգները սկզբում թերահավատորեն են վերաբերվել իրեն, չեն վստահել, չեն ցանկացել պատմել իրենց նախնիների մասին:

Վերճիհանն իր գրքի վրա աշխատել է 7 տարի, դրա համար քանիցս այցելել Ռուսաստանի տարբեր քաղաքներ, օգտվել Էրմիտաժի նյութերից:

Մեր հարցին, թե ինչո՞ւ որոշեց 1917թ. հեղափոխությանն անդրադառնալ, մեր զրուցակիցը պատասխանում է, որ թեման առնչվում էր նաեւ իր ընտանիքին. «Հերոսներից մեկը` Պավել Արտուսկովը իր հարազատներից է, հոր` Սարգիսի լավագույն ընկերներից մեկը: Արտուսկովի հայրը եւս Սպիտակ բանակի սպա է եղել…Ես այս գիրքը գրել եմ քայլ առ քայլ` սկսած իմ մանկությունից: Բացի այդ, ես խորապես սիրում եմ ռուսական գրականությունը, արվեստը, պատմությունը»:

Վերճիհանն ասում է, որ գրքի վրա աշխատելիս ավելի է կապվել թեմային, քանի որ ավելի շատ է կարդացել ռուս դասականներին:

Նրանից տեղեկացանք, որ Թուրքիայում գրքին անդրադարձել են 10 եւ ավելի առաջատար լրատվամիջոցներ, հարցազրույցներ են ծրագրել Deutsche Welle-ն, AP-ը, Al-Monitor-ը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը տրամադրել է Վերճիհան Զիֆլիօղլուն:

«Առավոտ օրաթերթ», 

26.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031