Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ:
Ողերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ:
Մենք մեծ ոգեւորությամբ ենք նշում այս տոնը՝ մեկ անգամ եւս արժեւորելով ու կարեւորելով հայոց բանակի առանձնահատուկ տեղն ու դերը հայրենիքի եւ հարազատ ժողովրդի պաշտպանության, տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման, պետության բնականոն կենսագործունեության ապահովման գործում:
Փառաբանում ու մեծարում ենք մեր ողջ ժողովրդին, որ իրավամբ հանդիսանում է հայրենյաց պաշտպան, իր հող ու ջրի, իր երկրի ու օջախի պաշտպանը, այն հողի, որտեղ հանգչում են մեր նախնիների մարմինները, որը սրբացել է հարազատ երկրի ազատության ու անկախության համար իրենց կյանքը զոհաբերած մեր հերոս տղաների, քույրերի ու եղբայրների արյամբ:
Մենք հպարտանում ենք մեր յուրաքանչյուր զինվորի սխրանքով, քաջությամբ ու խիզախությամբ: Նրանք ամուր կանգնած են սահմանին եւ պատվով են կատարում հայրենյաց պաշտպանի իրենց սուրբ առաքելությունը:
Թանկագի՛ն բարեկամներ,
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս այս նվիրական տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք՝ ի փառս մեր հայրենիքի ու ժողովրդի»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Ուղերձում ասված է.
«Մեծարգո՛ Նիկոլ Վովայի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա առթիվ:
Հայոց փառապանծ բանակը մեր ժողովրդի հպարտությունն է, նրա ազատության ու անվտանգության հիմնական երաշխավորը, տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման կարեւոր գրավականներից մեկը:
Փա՜ռք ու պատիվ մեր հերոսական բանակին, հայրենիքի ազատության համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակներին, քաջ զինվորներին, ում անսասան կամքի, խիզախության ու անձնվիրության շնորհիվ այսօր ամուր են հարազատ երկրի սահմանները:
Այս նվիրական տոնի կապակցությամբ մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մեր ողջ ժողովրդին: Մաղթում եմ խաղաղություն, մեծագույն հաջողություններ ու նոր հաղթանակներ Մայր Հայրենիքին եւ Հայոց բանակին»:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ