Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանեք, բայց արժեքներից մի՛ խոսեք

Հունվար 28,2019 10:00

Գուցե տարօրինակ հնչի, բայց ես ողջունում եմ պետական պաշտոնյաների և նրանց սպասարկող անձնակազմի տարեվերջյան պարգևատրումները. դա այն հնարավոր միջոցներից է, որ կնպաստի համատարած կոռուպցիայի անիվը շրջելուն: Ինքս չեմ էլ կարծում, թե իրավական միտումնավոր խախտում արած լինեն նոր իշխանավորները. դրա մասին կարող են ճշգրիտ դատողություններ անել մասնագետ իրավաբանները: Թեև ինձ իրավունք չեմ վերապահի բացառելու, որ սա մտածված կոմբինացիա է բարձրագույն իշխանությանը վարկաբեկելու համար:

Եթե մեկը դեռևս գոյություն ունեցող աղետի գոտու որևէ բազմանդամ ընտանիքի համար բնակարան է գնում, հեռուստաընկերությունները լայնորեն լուսաբանում են: Այսօր այդ պարգևատրումների մասին հրապարակումներում երևում են այնպիսի թվեր, որոնցից որոշներով կարելի էր ամբողջական բնակարան ձեռք բերել աղետի գոտու դեռևս անօթևան ընտանիքների համար. չեմ կարծում, թե միլիոնների պարգևատրում ստացած պաշտոնյաները նախապատվություն ունեն անօթևանների հանդեպ կամ կերազեին բնակվել աղետի գոտու հյուղերում: Բայց սա երբևէ շտկելի է, քանի որ նոր իշխանությունը դեռևս փորձառու չէ և, երևի, դեռ չի հասցրել հստակեցնել պետական բարոյականության իր կոդեքսը:

Ինչպես ձևակերպվել է ժամանակին՝ «խնդիրը շատ ավելի խորն է և կապված է պետականության հիմնադրույթների հետ»: Չկա հեղափոխություն, եթե այն գոնե չի փորձում արժեքների վերադասավորում բերել, հանգեցնել գիտակցական բեկման: Զարմանալի է, երբ ՊԵԿ նախագահը, որն ի պաշտոնե պետք է ստանձնի հեղափոխության տնտեսական ամրագրման հիմնական պատասխանատվությունը, ավելին՝ դառնա տնտեսական հեղափոխության իրականացնողներից մեկը, հրաժարվում է հրապարակել իր կառույցի պարգևատրումների ցուցակը՝ հույժ կասկածելի հղում անելով անձի իրավունքների մասին օրենսդրությանը: Սա ճիշտ նույն պատասխանն է, ինչ տալիս են, երբ ասում ենք՝ բացեք ԿԳԲ-ի արխիվները, լյուստրացիա իրականացրեք: Սովորական քաղաքացին ինչո՞ւ է պարտավոր հենց այնպես հավատալ ՊԵԿ-ի պարոն նախագահին, որ պարգևատրումներում մեծ թվեր չեն եղել (թեև սովորական քաղաքացու և իրպեսների համար թվերի մեծն ու փոքրը շատ տարբեր են): Սա, իրոք, մտածողության խնդիր է, առնչվում է պետականության հիմնադրույթներին: Սա նաև քաղաքակրթական ընտրանքի խնդիր է – մենք բա՞ց հասարակություն ենք ուզում կառուցել, թե՞ մնալ իրազեկման փակվածության, տեղեկատվական անազատության մեջ: Այսինքն՝ որոշ առանձնաշնորհյալներ կարող են տիրապետել մոլորակի վրա երբևէ եղած ամենաքստմնելի կառույցի՝ ԿԳԲ-ի տվյալներին, խաղացնել իրենց քաղաքական շահերին համապատասխան, երկիրը մշտապես թողնել գործակալների և «ստուկաչների» վերակացությանը, իսկ սովորական ժողովուրդը՝ երկրի հարազատ տերը, տեղեկատվության չտիրապետելով, պետք է ընտրությունից ընտրություն իր քվեն տա գուցե և իր հորը գնդակահարածին, Սիբիր քշածին, այսօր էլ՝ օտար երկրի շահերը սպասարկողին: Նույնն է՝ որոշ առանձնաշնորհյալներ կարող են իրենք իրենց պարգևատրել, իսկ սովորական ժողովուրդը պետք է կուրորեն հավատա, որ դրանք երեկ իրեն գջլող մաքսավորները չեն, որոնց հետ Ավետարանում սեղան չէին նստում: Այսպիսի «գաղտնապահությունը» ուղիղ հակոտնյան է ժողովրդավարության և վերջերս իրականացված հեղափոխության ոգու: Ժողովրդավարությունը պարզապես պահանջում է հրապարակայնություն, բացախոսություն, տեղեկացվածության իրավունք:

Սա էլ դեռ ոչինչ, թեև վերաբերում է պետականության որակին: Կարելի է ըմբռնումով մոտենալ՝ մտածելով, որ ՊԵԿ նախագահն ու երևի էլի ոմանք գալիս են նախորդ կոռումպացված համակարգերի իրենց տաքուկ անկյուններից և դեռ չեն վարժվել Վարչապետի պահանջած ջերմային նոր ռեժիմին:

Իր ասածները խմբագրել ջանացող ՊԵԿ պարոն նախագահը նոր ճեպազրույցում խմբագրման արդեն ոչ ենթակա մի նոր մոտեցում է ներկայացնում, ասելով, թե իր ղեկավարած կառույցում մարդիկ «իրենց ստեղծած արժեքին համապատասխան» են վճարվել: Խնդիրն այստեղ «արժեք» հասկացության ընկալումն է: Իհարկե, այստեղ կարելի էր պաշտոնյանին ասել՝ «Կոշկակա՛ր, կոշիկից վերև մի՛ դատիր», ու վերջացնել, բայց խնդիրն իրոք խորապես հիմնարար է, վերաբերում է մեր հոգևոր անվտանգությանը:

Այո՛, ՊԵԿ-ը մեր բոլորիս պետական բյուջե է բերել գուցեև մեծ գումարներ: Եթե այդ գումարներն են «արժեքը», ապա ո՞րն է, ասենք, մանկավարժի ստեղծած «արժեքը», ինչո՞վ է պետական շատ բարձր պաշտոնյան չափում «արժեքը»: Եթե անգամ նա օգտագործեր «նյութական արժեք» կապակցությունը (նույնիսկ ֆրեյդյան «սխալ բառերի» ֆենոմենը չի փրկի), միևնույնն է, խորքում գռեհիկ մատերիալիզմն է ճչում:

Անձամբ ես 1987թ.-ից մանկավարժ եմ, որպես դոցենտ ստանում եմ 128 հազար դրամ: Պարոն պետական շատ բարձր պաշտոնյան մի՞թե կարծում է, թե ես արժեք չեմ ստեղծել և չեմ ստեղծում: Կարո՞ղ է պարոն պետական շատ բարձր պաշտոնյան չափել իմ ստեղծածը, թե՞ դա արժեք չէ: Շատ բարձր այլ պաշտոնյաներ, ում ես եմ դասախոսել, իրենց թույլ չեն տա այդպիսի հակաքաղաքակրթական մոդուլներով մտածել, խոսել և գործել:

Ես Կառավարությունից ամենևին չեմ պահանջում տարեվերջյան պարգևատրում, բայց և չեմ ուզում, որ ինձ վիրավորեն՝ արժեքներ ստեղծելն իրենց բացառիկ շնորհը համարելով: Պարոն շատ բարձր պաշտոնյան եթե 400 տարի էլ ապրի և գործի, միևնույն է, չի կարողանալու ստեղծել այն արժեքի գեթ մեկ տոկոսը, ինչ ես եմ ստեղծել, ավելին՝ չի կարողանալու հասկանալ, թե ո՛րն է իրական Արժեքը: Ես անձնապես եմ վիրավորված անկանոն, կամ որ ավելի ճիշտ է՝ նյութականացված մտքի այդ արտավիժումից: Կրկնակի ցավալի է, որ ես կարող եմ Արժեքի նորմալ պատկերացումը ներարկել միայն բուհական իմ լսարանին, իսկ պետության և քաղաքացու հոգին աղավաղող այս հակաքաղաքակրթությունը քարոզվում է ամեն վայրկյան, ողջ հանրապետությունով մեկ, տասնամյակներ շարունակ. որքա՞ն կարող է այդպիսի պիղծ մտքերի միջավայրում իր մարդկայնությունը պահել մեր դեռևս անաղարտ ու նվազող ժողովուրդը:

Կրկնեմ, ուրախ եմ, որ պետական շատ բարձր պաշտոնյաներից ու իրենց գործավարուհիներից յուրաքանչյուրը, կոռուպցիայից հեռու մնալու համար, որպես պարգևատրում մեկ օրում ստացել են իմ տարեկան աշխատավարձից պատիկային ավելին: Մաղթում եմ, որ է՛լ ավելին ստանան. ավելին, քան աղետի գոտու բոլոր անօթևանների տների գինն է: Թող ինքնահավելավճարվեն, ինքնապարգևատրվեն, եթե դա է իրենց երջանիկ և ազատ անհատ դառնալու միակ ճանապարհը: Վճարվեք, հարստացեք, մորթեք, բայց արժեքներից մի՛ խոսեք:

Միքայէլ Հայրապետեան

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031