Հունվարի 28-ը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, հանրահայտ «Չիկոն և ընկերները» ջազային խմբի հիմնադիր և ղեկավար, թմբկահար, Հայաստանում հարվածային գործիքներ նվագելու ակադեմիական ուսուցման հիմնադիրներից Արմեն Թութունջյանի` Չիկոյի ծննդյան օրն է: Երկնային կյանքով ապրող ջազի վարպետը դառնում է 75 տարեկան: Երեւանյան ակումբներից մեկում ջազմենները վաղը կնշեն Չիկոյի ծննդյան օրը՝ ցավոք, առանց նրա:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց երաժշտի որդին՝ Հայկ Թութունջյանը, «Երկնքում ջազ է հնչում» վերնագրով վավերագրական ֆիլմ է նկարվել, որի ռեժիսորը Սուրեն Արեենցն է:
«Ֆիլմը նվիրված է հորս հիշատակին: Անցյալ տարի էլ հրատարակվել է «Ջազը Հայաստանում» գիրքը, որը ներկայացնում է Հայաստանում էստրադային եւ ջազային երաժշտության ծագման եւ զարգացման 80-ամյա պատմությունը: Այն եւս նվիրված էր հորս հիշատակին եւ իր սկսած գործը ավարտին հասցնելու յուրատեսակ փորձ էր»,-նշեց Հայկ Թութունջյանը:
Հիշեցնենք, որ 2017 թ. հունիսի 8-ին «Գինի եւ ջազ» փառատոնում տեղի ունեցած ելույթից 4 օր անց Արմեն Թութունջյանը մահացավ: Ամիսներ անց՝ նոյեմբերի 26-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ նրա հիշատակի համերգը, որի մասին եւս անդրադարձ կա «Ջազը Հայաստանում» գրքում:
Չիկոյի հիշատակի համերգից մի կտոր՝ տեսանյութում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ