Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիմա Վարժապետյան. «Մարդկությունը չպետք է մոռանա ողբերգությունները, որպեսզի հետո դրանք չկրկնվեն»

Հունվար 27,2019 17:49

Հունվարի 27-ը նշվում է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի օր: Հայաստանի հրեական համայնքը եւս անմասն չի մնացել այդ օրը հիշատակելուց: Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը նշեց, որ ՄԱԿ-ի որոշմամբ այս օրը նշվում է որպես Հոլոքոստի հիշատակի օր, եւ այն կապվում է նաեւ խորհրդային զորքերի կողմից Օսվենցիմի ճամբարից մարդկանց ազատագրման oրվա հետ:

Տիկին Վարժապետյանը հայտնեց, որ աշխարհի բոլոր հրեական համայնքները լռության րոպեով, ծաղիկների խոնարհմամբ, ֆլեշմոբերով, «Մենք հիշում ենք» գրությամբ պաստառներով նշում են հիշատակի օրը:

«1945 թ խորհրդային զորքերը մտան Օսվենցիմ եւ ազատագրեցին ողջ մնացած շուրջ 7000 հրեաների ու այլ ազգերի ներկայացուցիչների: Ըստ որոշ հաշվարկների, այդ համակենտրոնացման ճամբարում 1,5-4 մլն մարդ է եղել: Այդ ժամանակ 960 000 հրեաներ ողջ Եվրոպայից արդեն սպանվել էին, եւ երբ  խորհրդային զորքերը մտան Օսվենցիմ, ողջ էր մնացել շուրջ 7000 մարդ»:

Ռիմա Վարժապետյանը տեղեկացրեց, որ Հոլոքոստի հիշատակի օրը Երեւանում հավաքվել էին հրեական համայնքի, վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը, րաբբին, գեներալ -լեյտենանտ Հայկ Քոթանջյանը, որը գլխավորում է հայ-հրեական ֆորումը եւ այլք:

Տիկին Վարժապետյանն ընդգծեց, որ մարդկությունը չպետք է մոռանա նման ողբերգությունները, որպեսզի հետո դրանք չկրկնվեն: Հավելեց, որ հրեական Հոլոքոստի միջոցով Հայաստանի հրեական համայնքը կարող է բարձրաձայնել նաեւ Հայոց ցեղասպանության մասին եւ դառնալ յուրօրինակ խոսափող:

Հայաստանի հրեական համայնքի ղեկավարից տեղեկացանք, որ մեր երկրում ներկայում ապրում է 500 հրեական ընտանիք, իսկ հրեական համայնքն ամենաակտիվներից է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Ռիմա Վարժապետյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031