«Կարճ ժամանակ առաջ Իտալիայում էի՝ Ֆլորենցիայում, Սան Մինիատո եկեղեցու 1000-ամյակն էին տոնում ամբողջ մի տարի: Սան Մինիատո, այսինքն Մինաս, համարում են, որ այդ եկեղեցու հիմնադիրը հայ է, ու հազար տարեկան է այդ եկեղեցին:
Ինձ առաջարկել էին այդ համերգներից մեկի համար մի գործ գրել, ես գրեցի Ներես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ» աղոթաշարից աղոթքների շարք, յոթ աղոթքներ՝ մեծ նվագախմբի, մեծ երգչախմբի եւ մենակատարների համար: Նաեւ այդ գործը նվիրեցի Հռոմի պապին, նոտաներն իրեն հանձնեցի: Վեհափառի հետ էինք»,- ծննդյան օրն իր տուն այցելած լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Մանսուրյանը:
Մաեստրոն նշեց, որ գործն ավելի շուտ էր կատարվել, եկեղեցում երկու համերգ էր եղել. «Տոսկանայի նվագախումբն էր, երգչախումբը, իտալացի մեներգիչներ: Բոլոր իտալացիները մեր գրաբարով երգեցին աղոթքները: Շատ գեղեցիկ էր, իմ վերջին ավարտուն գործը դա է եղել, որից վերջերս եմ բաժանվել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ