Ճանաչված օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանը Հայաստան է ժամանել, որ մասնակցի եղբոր՝ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ութսունամյա հոբելյանին: Լրագրողների հետ զրույցում երգչուհին ասաց, որ ինքնաթիռի տոմսը հատուկ վաղ էր գնել, որպեսզի այլ բաներ հետո չծրագրավորեր: Նշեց, որ քույրն ու եղբոր դուստրն էլ հատուկ այդ առիթով են ժամանել արտասահմանից։
«Շատ հուզիչ օր էր, շատ շնորհակալ եմ, որ այստեղ եք այսօր, եղբորս համեստ բնակարանում՝ իր ծննդյան օրը, որտեղ միայն արվեստ է, գրականություն եւ երաժշտություն, եւ մենք ենք այստեղ, դուք եք այստեղ: Եղբորս մաղթում եմ, որ իննսունամյակին նույն բանը կատարվի, նույն բանը երգվի, նույն երեխաները գան իր տուն»,- մաեստրոյի անակնկալ հյուրերին ասաց Արաքս Մանսուրյանը:
Տիկին Մանսուրյանը հավելեց. «Կարծում եմ, որ սա ոչ միայն իմ անձնական երջանկությունն է, իմ հրաշք եղբոր, այլեւ հայ ժողովրդի: Այդ բառը չեմ սիրում, երբ ինձ են ասում, բայց Տիգրան Մանսուրյանը լեգենդ է, այսօր մենք պետք է հպարտությամբ ամեն վայրկյան արտասանենք այդ անունը: Տիգրան Մանսուրյանը մեր կողքին է, Աստված իրեն երկար կյանք տա»:
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ