ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը, փոխնախարար Տիգրան Գալստյանը, նախարարության այլ աշխատակիցներ, նկարիչ Աշոտ Տաթեւոսյանը, Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տնօրեն Մարտուն Կոնստանդյանն ու նույն դպրոցի սաներն անակնկալ այցելեցին մաեստրոյին: Մինչ այդ Տիգրան Մանսուրյանը տան պատուհանից պատահաբար տեսել էր իր «թաքուն» հյուրերին ու ձեռքով էր անում: Երաժշտական դպրոցի սաները ներքեւից երգեցին «Ես իմ անուշ»-ը՝ Տիգրան Մանսուրյանի երաժշտությամբ, ինչից մաեստրոն շատ հուզվեց:
Մեծաթիվ հյուրերը տեղավորվեցին մաեստրոյի փոքրիկ, համեստ բնակարանում, որտեղ սենյակի կեսը զբաղեցնում էր ռոյալը: Նա հերթով գրկեց իր համար երգած փոքրիկներին ու ասաց. «Բոլոր լեզուներով խոսող երեխաներին սիրում եմ, բայց հայերեն խոսողներին ու երգողներին՝ ավելի»:
Մանրամասն՝ տեսանյութում
«Շատ շնորհակալ եմ, անակնկալ էր ինձ համար, այս ամենը շատ գեղեցիկ է, մենք միասնական ենք տարբեր սերունդներ… Շատ սիրելի մարդիկ կան, մի մասը Երեւանում, մյուս մասն աշխարհով մեկ է, մի մասն այն աշխարհում է: Ես կուզեի դուռը բացել եւ իրենց հետ կիսվել իմ ուրախությամբ: Ես ահագին գործ արեցի եւ էլի եմ ուզում անել։ Լավ է, որ երգեցիք «Ես իմ անուշ, Հայաստանին»:
Երբ պետական օրհներգի մրցույթն էր, ես որոշեցի, որ պետք է Եղիշե Չարենցի այդ բանաստեղծությունը երգվի որպես հիմն, ոչ որպես աշուղական գործ…Շատ մեծ կոմպոզիտոր եւ շատ գեղեցիկ երգի հեղինակ Աշոտ Սաթյանի գործն, իհարկե շատ գեղեցիկ է, բայց իբրեւ հիմն, այս ստեղծագործությունն այդ հնարավորությունն էլ ունի: Եվ ես այդ տեսակետից երգեցի…»,- հուզվում էր կոմպոզիտորը:
Նա ասաց, որ պետք է հաճախ Երեւանից դուրս գնալ, բնության հետ կապվել. «Ինչ հրաշք գեղեցկություններ կան, անվերջ են…Մարտիրոս Սարյանն ասում էր, եթե մեր լեռները հարթեցնենք, քանի որ խորդուբորդ է Հայաստանը, մեծ երկիր ենք դառնում, Եթե բարձրանում ենք սարն ի վեր եւ իջնում ենք, անցնում ենք մեծ երկրի տարածքով: Պետք է երբեմն անցնել այդ տարածքներով, ինչքան հնարավոր է, որովհետեւ կհարստանանք դրանից, երկիրն էլ կմեծանա»:
Մոսկվայում բնակվող նկարիչ Աշոտ Տաթեւոսյանն իր աշխատանքը նվիրեց կոմպոզիտորին ինչը դուր եկավ մաեստրոյին:
«Պետք է սիրել երկիրդ եւ մայրենի լեզուն, մայրենի լեզուն լավ պետք է իմանալ, խորքերն անսահման են հայոց լեզվի: Հայոց լեզվի միջոցով մենք աշխարհին կարող ենք միանալ: Բոլոր դարերով մենք ունենք աշխարհի հետ կապվելու բոլոր գրությունները, գրքերը՝ եւ հոգեւոր եւ աշխարհիկ գրքեր…Մենք Թարգմանչաց տոն ունենք, շատ քիչ ժողովուրդ կա, որ այդպիսի տոն ունի: Մենք այդքան կարեւորել ենք աշխարհի հետ մեր կապը, լինելով այս հողի վրա, մեր լեզվի մեջ, բայց ունեցել ենք կապեր»,- ընդգծեց կոմպոզիտորը:
Իր 80-ամյակի մասին խոսելիս՝ Մանսուրյանն ասաց. «Ես ստեղծագործող եմ, կյանքը առանց դրա վախենամ՝ լինի շատ դժվար, ես պետք է մշտապես աշխատեմ, իմ ուրախությունը, ապրելու իմաստը երաժշտություն գրելն է: Հուսամ՝ Աստված կնվիրի այնպիսի գործեր, որ ոչ թե տեխնիկական, այլ ներշնչված, իսկապես բովանդակությամբ հարուստ գործեր լինեն; Դրան է պետք ձգտել:
Հուսամ Աստված դա էլ կնվիրի ինձ, եթե այսքան տարի պահել է, ուրեմն կշարունակվի: Վերջին տարիներին սովորաբար մեծ հեղինակներն իրենց արխիվն են դասավորում, վերջին շտկումներն են անում: Չեմ ուզում դրանցով զբաղվել, ես ուզում եմ դեռ գրել»:
Մաեստրոն ասաց, որ հատուկ ծննդյան օրը նշել չէր ծրագրել, քանի որ միշտ աշխատում է. «Մարտ ամսին Լոս Անջելոսին UCLA համալսարանում գիտաժողով կա, եւ համերգներ՝ ինձ նվիրված: Մի գործի նոտաները դեռ վերջնական պատրաստ չեն, վերջին խմբագրումներն եմ անում, որ հասցնեմ ու մարտին համերգը լինի:
Ես Նոր տարուն էլ եմ աշխատել: Գիշերվա ժամը 12-ը եղավ, ես պետք է գոնե սիմվոլիկ դաշնամուրի հետ լինեմ, նոտաների հետ…Մի օր իմացա, որ Մարտիրոս Սարյանն ամեն նոր տարին վրձինը վերցնում եւ կտավի հետ իր հարցերն էր լուծում: Այսինքն աշխատում է Նոր տարվա ամեն մի պահի, որ տարին լինի բեղմնավոր: Դա կարեւոր բան է: Առաջին պահերից տարվա պետք է սկսել; Նաեւ այդպիսի օրը պետք է պետք է բովանդակությամբ լցնել, սթափությունը չկորցնել, չպետք է հասնել ինքնահիացումի հանգրվանին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ