Լրահոս
Օրվա լրահոսը

Չարաբաստիկ սեւ ճանճը (պատմվածք)

Հունվար 27,2019 14:09

Վերջերս Փայլակը հյուր էր գնացել իր հեռավոր բարեկամներից մեկի տուն: Ջերմ ողջագուրանքներից ու կարճ հարցուփորձից հետո, ինչպես հատկանշական է ամեն մի հայկական ընտանիքի, տանտերերը անմիջապես սկսեցին սեղան պատրաստել՝ նրան հյուրասիրելու համար:

Դե՛, հիմա կասեք, ինչպես թե սեղան պատրաստեցին, ուրեմն այդ բարեկամները սեղան չունեի՞ն, որ հյուրի ներկայությամբ սկսեցին սեղան պատրաստել: Իսկ եթե ասեմ սեղան գցեցին, կասեք՝ ինչու՞ պետք է սեղանը գցեին, արդեն պիտանի չէ՞ր այդ սեղանը, որ հենց այդ օրը պիտի գցեին:

Լավ, այսպես ասեմ, որ ասածս վեճի առարկա չդառնա, բարեկամները ցանկացան Փայլակին հյուրասիրել և սեղանի վրա դասավորեցին զանազան ուտելիքներ ու խմիչքներ:

Երբ հյուրասիրելու համար արդեն պատրաստ էին բոլոր ուտելիքները և սպասքի մեջ տեղավորված, տանտիրուհի Վարսենիկը դիմեց Փայլակին.

-Փայլակ ջան, վաղուց գյուղի անարատ կաթ խմած ու պանիր կերած չես լինի, կարո՞ղ է ուզենաք դրանցից համտես անել, քույրիկս է գյուղից ուղարկել:

-Իհարկե կուզենամ համտես անել, նույնիսկ կվայելեմ, եթե կաթը կակաոյով սարքես, իսկ պանիրն էլ աղի չլինի,-աշխուժացավ Փայլակը:

-Հա՛, պանիրը դեռ աղաջրի մեջ չեմ դրել, հիմա կբերեմ ու մինչև դու համտես կանես, կաթն էլ կակաոյով կսարքեմ,-ասաց տիկին Վարսենիկն ու անմիջապես ուղևորվեց խոհանոց:

Մինչ Փայլակն ու Ժորիկը (տիկին Վարսենիկի ամուսինը) սկսված զրույցը կխորացնեին, տիկին Վարսենիկը սենյակ վերադարձավ ու սեղանին դրեց ափսեով լի ախորժելի «անալի» պանիրը ու նորից գնաց խոհանոց՝ կակաոն պատրաստելու:

Փայլակը Ժորիկի ու նրա աղջկա՝ Մանուշակի հետ աշխույժ զրույց էր անում ու միաժամանակ դանդաղորեն վայելում դեռ աղի երես չտեսած պանիրը, առանց այն լավաշով փաթաթելու:

Այդ ընթացքում նա ընկավ հիշողությունների գիրկը, մտաբերեց իր մանկությունը, պատկերացրեց սիրելի մայրիկին, որը հաճախ էր պատրաստում «անալի» պանիր և ինքն էլ շատ էր սիրում այն վայելել: Աղ դրած պանիրը Փայլակն այնքան էլ չէր սիրում:

Այս մտքերով տարված, Փայլակը հանկարծակիի եկավ, երբ կրկին հայտնվեց տիկին Վարսենիկը՝ կակաոյի երկու մեծ բաժակները սինու մեջ դրած, մեկը՝ իր, իսկ մյուսը՝ ամուսնու, Ժորիկի համար:

Տիկին Վարսենիկը սինին զգուշորեն դրեց սեղանին, վերցրեց կակաոյով լի բաժակներից մեկը, դրեց Փայլակի, իսկ մյուսը՝ ամուսնու դիմաց:

-Վայելեցեք գյուղից բերած թարմ մթերքները,-հպարտորեն ասաց տիկին Վարսենիկը, ինքն էլ նստելով զանազան ուտելիքներով ծանրաբեռնված սեղանի շուրջ:

-Ես կակաոյով կաթը շատ եմ սիրում,-ասաց Փայլակը ու շարունակեց,-ուսանող ժամանակ, երբ պոլիտեխնիկականի դասերն ավարտվում էին, մի քանի ընկերներով գնում էինք Մատենադարանի դիմացի «պոնչիկանոցը», երկու-երեք պոնչիկ էինք պատվիրում և անպայման մեկ բաժակ կակաոյով կաթ: Վերջերս էլ, հիշելով երիտասարդ տարիներս մտա մեր մոտի «Գրանդ Քենդի» սրճարան-խանութը, բարձրացա երկրորդ հարկ, որտեղ սրճարանն է և պոնչիկ ու կակաոյով կաթ պատվիրեցի:

-Կակաոն վերջացել է, պոնչիկն էլ՝ սառն է, վաղը եկեք,-անտարբեր նետեց աշխատակցուհին, և ես էլ հիասթափված այդպիսի անտարբեր վերաբերմունքից ցած իջա երկրորդ հարկից ու տուն շտապեցի:

Այսպես հիշողությունների գիրկն ընկած զանազան պատմություններ էր անում Փայլակը, բայց աչքը չէր կտրում կակաոյով կաթի բաժակի երեսին սևին տվող առարկայից, որը սովորական ճանճի էր նման:

-Եղբայր Փայլակ, կակաոն սառեց, ինչու՞ չես խմում,-հանկարծ նկատեց տիկին Վարսենիկը:

-Ճիշտն ասած, կաթի երեսին սև, ճանճանման բան եմ նկատել, չէի ուզում ձեզ անհանգստացնել, բայց ստիպված եմ ասելու,-շփոթված կմկմաց Փայլակը:

-Բանի տեղ մի դիր, եղբայր Փայլակ, դա կակաոյի չորացած կեղև կլինի,-անտարբեր ասաց տիկին Վարսենիկը:

Բայց հո Փայլակը տեսնում էր, որ այն ոչ թե կակաոյի չորացած կեղևի ինչ-որ կտոր է, այլ բնական, սև ճանճ՝ իր բոլոր բարեմասնություններով:

-Գուցե և դուք ճիշտ եք ասում,-արձագանքեց Փայլակը և սկսեց օգտվել սեղանի վրա դրված այլ ուտելիքներից:

Սակայն նրա տեսադաշտում անընդհատ բաժակի երեսին երևացող սև ճանճն էր և նրանից ազատվելու հարմար առիթ գտնելը:

-Հիմա արդեն կակաոն սառած կլինի, խմեք,-նորից հնչեց տիկին Վարսենիկի ձայնը:

-Ես սիրում եմ այն սառը վիճակում խմել,-անտարբեր տոնով ստեց Փայլակը ու շարունակեց դանդաղորեն ծամել բերանում կուտակված ուտելիքը:

Տեսնելով, որ սեղանակիցները զբաղված են ուտելով և որսալով հարմար պահը, Փայլակը երկու մատով արագորեն բռնեց բաժակի վերևում երևացող անշնչացած ճանճի թևերից, աննկատ դուրս բերեց այնտեղից, սեղանի վրայից վերցրեց անձեռոցիկը, ճանճը դրեց նրա մեջ, զգուշորեն փաթաթեց, այնպես, իբր ձեռքերն է սրբում կակաոյի կտորը բաժակի միջից հանելուց հետո:

Բայց Փայլակը հո այնպիսիներից չէր, որ աղմուկ բարձրացներ, ճանճը ցուցադրեր սեղանի շուրջը նստածներին:

Հիմա ճանճը այլևս մեկուսացված էր և մնում էր հաշիվները մաքրել այնքան սիրելի կակաոյով կաթի հետ:

Նա սեղանի վրայից վերցրեց օղիով լի բաժակը, որ այդ պահին առաջարկեց Ժորիկը, արագորեն ըմպեց միջի տարողությունը, ապա դանդաղորեն սկսեց ձեռքը պարզել դեպի կակաոյով հագեցած կաթի բաժակը, մինչ կենարար օղին սկսում էր բթացնել նրա զգայարանները:

Երբ օղին ինչ-որ չափով կատարեց իր բթացման գործընթացը, Փայլակը բավականին մեծ ումպերով սկսեց կլանել արդեն սառը կակաոյով կաթը, ապա անձեռոցիկով սրբելով շրթունքները, շնորհակալություն հայտնեց տիկին Վարսենիկին, որը աշխույժով պատասխանեց.

-Անուշ լինի, շատ համով կաթ էր, չէ՞:

-Հոյակապ էր,-բառեր չգտնելով արձագանքեց Փայլակը և անցավ մյուս ուտելիքներին, որպեսզի մոռացության տա այն սև ճանճին, որը անզգուշաբար հայտնվել էր հենց իր կակաոյով կաթի բաժակում:

Բայց նա չէր հավատում, որ այլևս այս դեպքը կմոռանա, երբ հաջորդ անգամ կփորձի ինչ-որ տեղ կակաոյով կաթ խմել ու հիշեց այն զազրելի դեպքը, երբ շատ տարիներ առաջ խաշի էր հրավիրված և նոր էր զգացել իր դեմ դրած խաշի ախորժելի բույրը, երբ հանկարծ նկատեց այնտեղ գտնվող մազի ծայրը: Մտածելով, որ սովորական կենդանական մազ է խաշի վատ մաքրված մսակտորի վրա, ուզեց այնտեղից դուրս հանել ու աննկատ դեն նետել, բայց մազի ծայրից ինչքան քաշեց նա ավելի երկարեց և պարզվեց նրա կանացի ծագում ունենալու հավանականությունը:

Այն ժամանակ էլ, որպեսզի չանհանգստացնի խաշի հրավիրված ներկաներին, Փայլակը մազը ճարպկորեն անհետացրեց սեղանի տակ ու նախքան խաշը կպատրաստեր վայելելու համար, երկու բաժակ օղի խմեց ու տաքացած գլխով արագորեն նախապատրաստեց խաշը ու արագորեն ոչնչացրեց ափսեի պարունակությունը՝ ներկաներից հետ չմնալու համար:

Անցել են տարիներ ու արդեն վաղուց իրեն ոչ-ոք խաշի չի հրավիրում և միայն խանութից գնած պատրաստի խաշ է երբեմն վայելում, բայց միևնույնն է, այդ մազի մասին երբեք չի մոռանում:

Եվ ահա Փայլակի համար սիրելի խաշի զազրելի պատմությունը քիչ էր, հիմա էլ դրան ավելացավ նոր պատմություն՝ կակաոյով կաթի միջից հայտնաբերված չարաբաստիկ սև ճանճի պատկերով: Ճակատագրից չես փախչի: Հայի բախտ է, չէ՞:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031