Ուզում եմ հասկանալ, թե ո՞րն է կրթության ոլորտում մեր կառավարության ծրագիրը, տեսիլքը։ Ի՞նչ խնդիրներ է մատնանշել ու ի՞նչ նպատակներ է դրել իր առջև և ի՞նչ քայլեր է անելու դրանք լուծելու ուղղությամբ։ Տևական ժամանակ է այս նպատակով փնտրում եմ ՀՀ կառավարության 2019թ․ ծրագիրը, սակայն այն կայքում տեղադրված չէ։ Կրթության նախարարության կայքում նույնպես չկա, այնտեղ նախորդ կառավարության, այսինքն հին ծրագրերն են։ Վերջապես շատ կարևոր է հասկանալ, թե 2019թ․ կառավարության ծրագրում կրթության բյուջեի համար որքա՞ն գումար է կանխատեսվել։ Կառավարությունն այդպես էլ չի ներկայացրել ո՛չ կրթության ռազմավարական ծրագիր, ոչ էլ օրենքով պահանջվող Կրթության զարգացման պետական ծրագիր, որի համար իրավացիորեն քննադատվում էր նախորդ կառավարությունը։
Էսպես ո՞նց կլինի, չենք հասկանում, թե ԿԳ նախարարությունը, 2014 թվականից գործածության մեջ դրված, սակայն երբևէ չկիրառված, հնամաշ «մանկավարժի վարքականոն» անիմաստ փաստաթուղթը վերամշակելուց բացի ավելի կարևոր նշանակություն ունեցող ու հրատապ իրավական փաստաթղթեր չի՞ տեսել։ Երբ այս մասին բարձրաձայնում եմ, հակադարձում են, թե ընդամենը 8 ամիս է անցել, թողեք աշխատեն։
Անցած 8 ամսում նվազագույնը, որ ԿԳՆ-ն կարող էր անել, դա դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման և տնօրենի ընտրություն կարգերի փոփոխությունը պետք է լիներ, որոնց մասին շատ եմ ասել, դրանց անհրաժեշտության մասին են փաստում հանրապետության բազմաթիվ դպրոցներում տնօրենների ընտրության ժամանակ տեղի ունեցող ընդվզումները, դրանց մասին բազմաթիվ բողոքներ է ստանում թե՛ կրթության նախարարությունը, թե՛ կրթության տեսչական մարմինը։ Այս մասին ԿԳ նախարարը խոստացել է դեռևս 2018թ․ հունիսի 12-ին Ազգային Ժողովում․ «Արայիկ Հարությունյանն ասաց, որ առաջիկա ամիսներին պատրաստվում են կառավարման այս օղակի վերափոխման նախագիծ ներկայացնել»։
Նաև ասել է․ «Հրատապ վերանայման կարիք ունի ավագ դպրոցների ընտրության կարգը, 5 տարի հետո մեր դպրոցն անճանաչելի է դառնալու. Ա. Հարությունյան», այնինչ ոչինչ չի արվել այս ուղղությամբ։ Ավագ դպրոցների ընտրությունն այդպես էլ չի համապատասխանեցվում ռազմավարական ծրագրին ու չեն վերանայվում առկա փաստերը։ Օրինակ, անհասկանալի մոտեցմամբ կրթության նախկին լիազորված մարմինը ավագ դպրոցներից որոշներին տվել է 5-րդ դասարանից ընդունելություն կատարելու իրավունք, որն ամբողջությամբ հակասում է ավագ դպրոցի՝ որպես նախամասնագիտական կողմնորոշման կրթություն ապահովող կրթական աստիճան լինելու գաղափարին, անհավասար պայմանների մեջ է դնում հարևան դպրոցներին ու քանի որ մեր ծնողներն էլ դեռևս ավագ դպրոցը չեն կարևորում, գերադասում են երեխաներին ուղարկել այն դպրոց, որտեղ երեխան կլինի 5-րդ դասարանից մինչև 12-րդ, այսինքն պարզապես խոչընդոտվում է ավագ դպրոցի կայացմանը։ Մի այլ դեպքում, Գորիսի Ա․ Բակունցի անվան թ․1 ավագ դպրոցին դեռևս 2012թ․ կառավարության որոշմամբ տրվել է 1-12-րդ դասարաններ ունենալու իրավունք, դեռ նախորդ նախարարի օրոք եմ բարձրացրել այս ապօրինի որոշման մասին, սակայն մինչ օրս ոչ մի քայլ չի արվել։ Երրորդ դեպքում, Կապանի հսկա թաղամասի թ․3 դպրոցին տվել են «ավագ» կարգավիճակ այն դեպքում, երբ այդ թաղամասում հիմնական դպրոց չկա, իսկ դրա բացակայությունը լուրջ դժվարություններ է ստեղծում ծնողների համար, ովքեր մինչ օրս բողոքում են, լսող չկա։ Այս խնդիրները կարելի՞ էր լուծել անցած 9 ամիսներին, մանավանդ որ սրանց մասին հատ-հատ նամակագրություն եմ ունեցել թե՛ նախկին, թե՛ գործող նախարարների օրոք։
Անահիտ ԲԱԽՇՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ