Սմբուկով եւ մսով բազմաթիվ ուտեստներ են հայտնի, դրանց համադրությունը իսկապես շատ լավն է: Նույնքան տարածված են նաեւ սմբուկով եւ ընկույզով, սմբուկով եւ թարմ պղպեղով, սմբուկով եւ նռով համադրությունները: Այս աղցանում միավորվել են սմբուկը եւ նրա բոլոր ընկերները, բացի՝ պանրից:
Անհրաժեշտ մթերքները
Թարմ սմբուկ- 2 հատ
Թարմ պղպեղ-1-2 հատ
Տավարի միս- 200 գրամ
Սխտոր-1-2 պճեղ
Ընկույզ-1 բաժակ
Նռան հատիկներ- 1 բաժակ
Բուսական յուղ՝ տապակելու համար- 0,5-1 բաժակ
Քամած մածուն- 200 գրամ
Թարմ կանաչի (մաղադանոս, համեմ, սամիթ)- մի քանի ճյուղ
Չորացրած կանաչիներ (ուրց, ծիթրոն, հազրեվարդ կամ «պրովանսյան կանաչիներ» խառնուրդը)- ըստ ճաշակի
Համեմունքներ- ըստ ճաշակի՝ աղ, սեւ եւ կարմիր պղպեղ, այլ համեմունքներ
Պատրաստման եղանակը
Միսը կարող է լինել ինչպես յուղոտ, այնպես էլ՝ ամբողջովին անյուղ կտոր: Կարեւորը՝ շատ ջլոտ չլինի: Կարող եք վերցնել թարմ միս, կարող եք վերցնել նախապես խաշած միս: Եթե թարմ է, երկար-բարակ կտրատեք, աղ, սեւ պղպեղ արեք, թողեք մոտ կես ժամ՝ սենյակային ջերմաստիճանում մնա, կամ ամբողջ գիշեր՝ սառնարանում: Եթե արդեն խաշած է կամ, ինչպես այս դեպքում է՝ ջեռոցում եփված, պարզապես կտրատեք երկար-բարակ կտորներով եւ դրեք մի կողմ:
Սմբուկը, պղպեղը, նուռն ու թարմ կանաչիները լավ լվացեք, սմբուկը կեղեւահանեք: Կտրատեք բարակ շերտերով: Թավայի մեջ լցրեք բուսայուղը, թողեք լավ տաքանա, կրակը ցածրացրեք եւ տապակեք սմբուկները: Տապակած սմբուկները շարեք թղթե անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ բուսայուղը ներծծվի թղթի մեջ:
Ապա լցրեք աղցանամանի մեջ: Երբ սմբուկներն ամբողջությամբ տապակած կլինեն, շատ քիչ բուսայուղով տապակեք միսը: Եթե խաշած միս եք օգտագործում, այն նույնպես հարկավոր է բուսայուղի մեջ կարմրացնել:
Հենց միսը բավարար չափով տապակվի, նույն թավայի մեջ ավելացրեք պղպեղները եւ սխտորը, թողեք դրանք էլ տապակվեն՝ պարբերաբար խառնելով:
Տապակված միսն ու պղպեղները նույնպես լցրեք աղցանամանի մեջ: Ավելացրեք նաեւ մյուս մթերքները՝ նուռը, կտրատած ընկույզը, կտրատած կանաչին, համեմունքները եւ քամած մածունը: Լավ խառնեք, թողեք 10-15 րոպե՝ համերը միահյուսվեն եւ մատուցեք:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ