Aravot.am- ը Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ժամանակ տեղեկատվության եւ հասարակայնության վարչության պետ աշխատած Արթուր Գեւորգյանին խնդրեց մեկնաբանություն անել ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանի այն հայտարարության վերաբերյալ, որ այս անգամ պարգեւատրվել են մարդիկ, որոնք տարիներ շարունակ պարգեւավճար չեն ստացել:
https://www.facebook.com/hayk.marutyan/videos/2070604323052638/
«Նախ` ի՞նչ է նշանակում տարիներ շարունակ չստացած, երբ նույն տարիներ շարունակի ընթացքում տեղեկատվությունը բաց է եղել՝ բոլորիդ աչքի առաջ ու հասանելի, թե ովքեր են ստացել պարգեւավճարներ»,-զարմացավ Արթուր Գեւորգյանը:
Ապա հավելեց. «Եթե նշվում է տարիներ շարունակ, խնդրեմ դրա պատասխանը բաց աղբյուրով ներկայացված է եղել, եթե դա տարիներ շարունակ չստացած լինել է նշանակում, ես ավելացնելու բան չունեմ»:
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետն ուղիղ եթերում հայտնել էր, որ որոշում էր կայացրել պարգևավճարները հատկացնել այնպես, ինչպես որոշվել էր 2017 թվականին և հաստատվել է 2018 թվականի բյուջեով. «Այդպես էլ արվեց, ուղղակի մի վերապահումով, որ այս անգամ ես հանձնարարեցի, որ պարգևավճար ստանան Երևանի քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները, քանի որ տարիներ ի վեր կային աշխատակիցներ, որոնք այս գումարները չէին ստանում՝ չնայած, որ աշխատում էին, իրենց ուժը, եռանդը դնում այս գործի մեջ»:
Ըստ նրա հրապարակած ցանկի՝,Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալը ստացել է 956 հազար դրամ, որն առանց հարկերի անում է 688 հազար դրամ։
Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի պարգեւավճարը եղել է 886 հազար դրամ, որն առանց հարկերի անում է 637 հազար դրամ։
Քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյան. մաքուր՝ 637 հազար դրամ,
Քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյան՝ մաքուր 937 հազար դրամ,
Գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյան՝ 637 հազար դրամ։
Վարչական շրջանների ղեկավարները ստացել են 288 հազար դրամ։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ