Aravot.am-ը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանից հետաքրքրվեց ՝ ինչպե՞ս է վերաբերվում մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի ֆեյսբուքյան էջում իր հասցեին հնչեցված մեղադրանքներին, որտեղ նախարարի պաշտոնակատարն ասել էր, որ Կոնստանտին Օրբելյանը «բոլորին փորձում է այնպես ներկայացնել, թե իբր իրեն կանչում են մրցանակը ստանալու, եւ ես թույլ չեմ տալիս»:
«Ինձ համար, իսկապես, շատ տարօրինակ և անբացատրելի է այդ ֆեյսբուքյան գրառումը և ցավում եմ, որ աշխատանքային մակարդակում լուծելի հարցերը իջեցվում են հուզականությամբ մատուցված ոչ պաշտոնական գրառումների հարթակին և ավելորդ լարվածություն ստեղծում։ Տարօրինակ է նաև այն, որ ինչ-որ ստախոսության մասին է ակնարկվում նույն գրառման մեջ, որին էլ հաջորդում է իմ անունը։
Ի սկզբանե ներկայացվել են գործուղման համար անհրաժեշտ փաստաթղթերը նախարարություն։ Իրականությանը չի համապատասխանում այն, որ իբր իմ կողմից բոլորին ասվել է, որ ինձ չի թույլատրվում գնալ ԱՄՆ՝ Գրեմմիի մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով։
Ինչ վերաբերում է նույն գրառման մեջ իմ մասնակցության համար ներկայացված հայտին և ընդհանրապես Գրեմմիի հայտերի ներկայացման ընթացակարգին, ապա մենք այդ մասին մանրամասն ներկայացրել ենք հանրությանը և բոլոր նրանց, ովքեր տեղյակ չեն այդ հեղինակավոր մրցանակաբաշխության մանրամասներին»,- ասաց մաեստրոն:
Օպերային թատրոնի արձագանքը ներկայացված է նաեւ թատրոնի ֆեյսբուքյան էջում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ