Չնայած «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանն» իրենց համարում են խորհրդարանական ընդդիմություն, կյանքը ցույց է տալիս և, կարծում եմ, կշարունակի ցույց տալ, որ նրանք ընդամենը իրար են ընդդիմադիր, այլ ոչ թե իշխանությանը: Նրանք կշարունակեն ընդդիմանալ իրար ոչ միայն այն պատճառով, որ ի վիճակի չեն լինելու «Իմ քայլի» դեմ քայլ անել, այլև այն պատճառով, որ հասարակությունն ու ընտրողներն էլ նրանցից այդ քայլը չեն ակնկալում, և, դրանից էլ բացի, այս ընթացքում կյանքը նաև ցույց տվեց, որ հասարակությանն ու ընտրողներին այս երկուսի՝ իրար ընդդիմադիր լինելը չափազանց է հետաքրքրում:
Շատ քաղաքագետներ ու վերլուծաբաններ, ինչպես նաև անձամբ Էդմոն Մարուքյանը բազմիցս քննադատել են անձամբ Գագիկ Ծառուկյանին առ այն, որ վերջինս տարիներ շարունակ հանդիսանալով պատգամավոր և քաղաքական ուժի լիդեր՝ երբևէ Ազգային ժողովի ամբիոնից ելույթ չի ունեցել: Ծառուկյանն ինքն էլ դա չի ժխտում, չնայած Ազգային ժողովի ամբիոնից հեռու երբեմն-երբեմն կարծիքներ է հայտնում և մտքեր է արտահայտում, և նրա արտահայտած վերջին միտքը, որն ուղղված էր Էդմոն Մարուքյանին՝ «ես քո դասական ցավը տանեմ», բավական մեծ արձագանք գտավ ընտրողների, չընտրողների և հասարակության կողմից, և պարզ դարձավ, որ ընտրողներն ու հասարակությունը Ծառուկյանից ու քաղաքական գործիչներից ոչ թե քաղաքական լուրջ ելույթ են ակնկալում, այլ նմանատիպ սրամիտ ու տղայական ռեպլիկ, և՝ ևս մի քանի նմանատիպ ««հաջողված» ռեպլիկ, և ընտրողներն ու հասարակությունն իսկապես ու վերջնականապես կհամոզվեն, որ Ազգային ժողովում «Իմ քայլից» հետո որակյալ երկրորդ ուժը ոչ թե «Լուսավոր Հայաստանն» է, այլ, ընդհակառակը, «Բարգավաճ Հայաստանը»:
Սա, իհարկե, լրիվ նորություն է: Ավելի արտառոց Ազգային ժողով ու ավելի արտառոց բաներ տեսածներիս համար է նույնիսկ նորություն: Նկատի ունեմ՝ Ազգային ժողովում երկրորդ պատվավոր տեղի համար մրցակցությունը: Ավելի քան ծիծաղելի է: Իրենց ընդդիմություն հռչակած «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանն» առաջին իսկ օրվանից իրար են ընդդիմանում և իրար են «դասական» համարում՝ մոռանալով կամ չհասկանալով, որ դասական ընդդիմությունն ու ընդդիմադիրը նրանք են, ովքեր ոչ թե իրար են ընդդիմանում, այլ իշխանությանն ու իշխող ուժին:
Բոլորն են նշում ու շեշտում, որ Ազգային ժողովի այս վերջին ընտրություններում հիմնական ու անվիճելի դրականն այն է, որ, ի տարբերություն նախորդ գումարումների Ազգային ժողովների, այս գումարման Ազգային ժողովում օլիգարխներն ակնհայտորեն քիչ են, ու թե դա ինչքանով կնպաստի Ազգային ժողովի որակի բարձրացմանը, կյանքն ու ժամանակը ցույց կտան, և չնայած շատերն են նշում, որ Ազգային ժողովի այս վերջին ընտրությունը ոչ թե քաղաքական գաղափարների ընտրություն էր, այլ ընդամենը ընտրություն էր հեղափոխականների ու հակահեղափոխականների միջև, այդուհանդերձ, Ազգային ժողովի գործունեության առաջին իսկ օրվանից հակառակը պարզվեց. պարզվեց, որ երկրորդ և երրորդ տեղերը գրաված «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը» լավ էլ գաղափարական են, եթե, իհարկե, երդվյալ ռուսամետությունն ու երդվյալ արևմտամետությունը համարենք քաղաքական գաղափարներ:
Ազգային ժողովում սկսված և, կարծում եմ, դեռ երկար շարունակվելիք լեզվակռվից պարզ դարձավ, որ, ի դեմս «Բարգավաճ Հայաստանի», ներկայիս Ազգային ժողովում ունենք միանգամայն երդվյալ ռուսամետներ, և, ի դեմս «Լուսավոր Հայաստանի», նույնքան երդվյալ արևմտամետներ:
Այսինքն՝ պարզվում է, ոչ միայն գաղափարական են, այլև միանգամայն մոլի ու երդվյալ գաղափարական, եթե, իհարկե, ռուսամոլությունը կամ ռուսատյացությունը քաղաքական գաղափար համարենք: Այս իմաստով միանգամայն անհայտ է, թե ինչ կողմնորոշում ունի Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն ունեցող «Իմ քայլը»:
Անհայտ է, որովհետև ռուսամետության ու արևմտամետության առումով անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմնորոշումն է անհայտ: Ցանկության դեպքում Փաշինյանին կարելի է ռուսամետ քաղաքական գործիչ համարել, իսկ այլ ցանկության դեպքում՝ արևմտամետ: Այսինքն՝ ունիվերսալ: Կամ, ինչպես մեզանում ընդունված է ասել, հայամետ:
Հետհեղափոխական այս ամիսների ընթացքում վարչապետ Փաշինյանն իր ելույթներով մերթ արևմտամետ քաղաքական գործչի տպավորություն է թողել, մերթ էլ՝ ռուսամետ: Ընդ որում՝ ընդգծված ռուսամետ: Իսկ թե իրականում ով ինչամետ է՝ ժամանակն ու իրադարձությունները ցույց կտան: Փաստը փաստ է, որ ժամանակին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դեմ էր արտահայտվում Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում ընդգրկվելուն, մինչդեռ այսօր արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը միանգամայն ըմբռնումով է վերաբերվում Մոսկվայի, Կրեմլի ու անձամբ Պուտինի հետ հարաբերություններին, ինչպես նաև ԵԱՏՄ-ում Հայաստանի ներկայությանը, և դա միանգամայն բնական ու հասկանալի է, և արդեն նույնիսկ մեր ամենառուսատյացները Փաշինյանից չեն ակնկալում, որ նա պիտի ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու խնդիր դնի:
Չնայած «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը» իրարից առաջ ընկնելով՝ երկուստեք հայտարարում են, որ իրենք խորհրդարանական ընդդիմություն են, քաղաքական վերլուծաբաններից շատերն են հայտարարում, որ Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն ունեցող «Իմ քայլն» ու անձամբ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ընդդիմություն չունեն, և քաղաքական վերլուծաբաններից շատերը նաև կարծում են, որ այսօր Հայաստանում կարող է գոյություն ունենալ միայն ու միայն արտախորհրդարանական ընդդիմություն, և դա են վկայում նաև «Բարգավաճ» և «Լուսավոր» Հայաստանների միջև արդեն սկսված և, կարծում եմ, ապագայում առավել շարունակելի գզվռտոցները:
Ազգային ժողովի այս երկու խմբակցությունների միջև արդեն սկսված հակամարտությունը ևս վկայում է, որ այս երկուսը միմյանց են ընդդիմադիր և ապագայում էլ դժվար թե իշխանությանն ընդդիմադիր լինեն՝ կամավոր ու մեծահոգաբար ընդդիմության դերն ու ֆունկցիաները զիջելով արտախորհրդարանական ուժերին, որոնցից որևէ մեկն էլ առայժմ ընդդիմություն լինելու կամ դառնալու որոշակի նշաններ ցույց չի տվել:
Համենայնդեպս, գոնե հույս կա, որ առաջիկայում ցույց կտա: Հակառակ դեպքում իշխանության համար էլ է բարդ ու անհասկանալի վիճակ ստեղծվելու, և չնայած որևէ իշխանություն ընդդիմություն ունենալու ցանկությամբ չի տառապում, այդուհանդերձ, ընդդիմության բացակայության դեպքում վտանգ կա, որ կունենանք ոչ միայն «դասական» ընդդիմություն, այլև չափազանց «դասական» իշխանություն:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ