2018-ի նոյեմբերի 25-ից հետո, երբ Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Պարոն Նիկոլ Փաշինյան, նոր, ժողովրդավարական Հայաստանում հնարավո՞ր է հայտնի հրապարակախոս եւ ռեժիսոր Տիգրան Պասկեւիչյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի ցուցադրումը Հ1-ով»՝ նա այլեւս հանդես չէր գալիս հրապարակային ելույթներով: «Առավոտի» «Առաջին դեմքից» հաղորդաշարին հյուրընկալված Լեւոն Զուրաբյանը հարցին, թե որն էր լռության պատճառը՝ մասնավորապես պատասխանեց. «Ես համարում էի, որ հիմա կարիք չկա խոսելու, դրա անհրաժեշտությունը չկա: Ձեւավորված իշխանությունը նոր է անում իր քայլերը: Իհարկե, կարելի է այն փաստարկը բերել, որ 9 ամիս ունեին՝ ահագին բան կարող էին անել, եւ ես ընդունում եմ այդ փաստարկը: Բայց նոր իշխանությունը հակադարձում էր, որ հին ԱԺ գործունեությունը երկրում քաղաքական լուրջ խոչընդոտ է որեւէ նորմալ բան անելու: Եվ դա արժեքավոր փաստարկ էր»:
ՀԱԿ փոխնախագահը հավելեց. «Այնուամենայնիվ, այսօրվանից, երբ արդեն ԱԺ-ն ձեւավորված է՝ հաշվիչը զրոյացված է ու միացված»: Այժմ սպասում են կառավարության ծրագրի ներկայացմանը. «Շատ կարեւոր մաս է, որովհետեւ մինչեւ հիմա մենք լուրջ ծրագիր չենք տեսել»: Լեւոն Զուրաբյանն ասաց, թե պետք է տեսնեն՝ ինչ է անում այս նոր կառավարությունը:
Անդրադարձանք Հայ ազգային կոնգրեսի հունվարի 26-ի հայտարարությանը, որում դրույթ կա. «Վերաբացել և կրկին քննել մարտիմեկյան իրադարձություններին առնչվող, այդ թվում՝ 2008թ-ի նախագահական ընտրությունների շրջանում և մարտի մեկի սպանդից հետո հարուցված բոլոր քրեական գործերը»: Հարցին՝ նման բան արվում է, երբ որ կա նոր ի հայտ եկած հանգամանք, արդյոք կա՞ն անհրաժեշտ ու բավարար պայմաններ բոլոր այդ քրգործերը վերաբացելու համար, պրն Զուրաբյանը մասնավորապես պատասխանեց. «Այո, կան: Այս դեպքում նոր հանգամանք են ՄԻԵԴ ընդունած որոշումները՝ Մուշեղ Սաղաթելյանի եւ Վարդան Ղավալբաբունցի գործերով: Այս որոշումներն իրենց մեջ այնպիսի տարրեր ունեն, որոնք վերաբերում են ոչ միայն Սաղաթելյանին կամ Ղավալբաբունցին, այլ դրանք եզրակացություններ են, որոնք կարող են տարածվել բոլորի գործերի վրա: Ի վերջո՝ մեղադրանքները նույնն են եղել: Մեղադրանքի հիմքում ընկած հայեցակարգը նույնն է եղել եւ այն, ըստ էության, քանդված է, վերափոխված է»:
Ռոբերտ Քոչարյանն իր կողմնակիցներին ուղերձ է հղել կալանավայրից՝ հայտարարելով. «Ինձ դարձրել են քաղբանտարկյալ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով» (Այս մասին հիշատակմանը մեր զրուցակիցն արձագանքեց ծիծաղով): Հետաքրքրվեցինք, թե արդյոք Քոչարյանի այդ պնդման հիմնավորում չե՞ն կարող դիտարկվել ՀՔԾ և ԱԱԾ պետերի գաղտնալսված հեռախոսազրույցները, որտեղ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը պատմում է, թե Քոչարյանի դատավորին ասել է՝ «Կալանքը ասի՝ ուզես-չուզես պիտի տաս»: Լեւոն Զուրաբյանը դեմ չէ, որ այս ամենն ուսումնասիրվի, բայց քաղբանտարկյալ լինելու պնդումը դիտարկում է այլ տեսանկյունից. «Ես տեսել եմ, որ Ռոբերտ Քոչարյանը ներքաշել է բանակը քաղաքական գործընթացների մեջ՝ դա անհերքելի փաստ է: Եթե դա արել է՝ ուրեմն, խախտել է սահմանադրությունը, տապալել է սահմանադրական կարգը»: Նաեւ նշեց, թե «քաղբանտարկյալ» բնորոշումը կարող է վերաբերել քաղաքական գործունեությամբ զբաղվողին, անպայման պետք է լինի քաղաքական դրդապատճառ. «Ռոբերտ Քոչարյանը չկար քաղաքականության մեջ եւ այն պահին, երբ նրան առաջադրվեց մեղադրանք՝ նա դարձավ քաղաքական գործիչ: Սա գլխիվայր շրջված իրականություն է»: Որպես կալանավորման հիմնավորվածություն պրն Զուրաբյանը դիտարկեց նաեւ այն գործոնը, որ Քոչարյանը փորձում է իր գնած լրատվամիջոցների շնորհիվ ազդեցություն գործել՝ նպատակ ունենալով փորձել ապացուցել իր անմեղությունը:
Կարդացեք նաև
Այս համատեքստում խոսեցինք «Գործ համար Մարտի 1» կինոնկարի մասին, որը հեռարձակած «Հինգերորդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանն ասել էր. «Եթե մենք դեմոկրատական երկիր ենք, եթե մենք ազատ խոսքի կրող երկիր ենք մեզ համարում, մենք պետք է ունենանք տարբեր տեսակետներ, տարբեր տեսակի ֆիլմեր… Շատ-շատ մարդկանց գուցե դուր չի եկել, բայց շատ-շատ մարդկանց դուր չեն եկել նաև մյուս տարբերակները, որ եղել են»։ Ակնարկը թերեւս 2008-ին Լևոն Տեր֊Պետրոսյանի շտաբի քարոզչական խմբի անդամ Տիգրան Պասկևիչյանի «Հայաստանի կորսված գարունը» կինոնկարի մասին էր, որի վերաբերյալ ընդդիմախոսները նշում են, թե «ոչ մի տեղ չի խոսում ցուցարարների կողմից ոստիկաններին հարվածելու, նրանց վրա քարեր ու մոլոտովի կոկտեյլներ նետելու, մեքենաներ վառելու մասին», նաեւ փորձ է արված ոստիկանության սպա Համլետ Թադևոսյանի եւ զինծառայող Տիգրան Աբգարյանի սպանության պատասխանատվությունից ձերբազատել ցուցարարներին: ՀԱԿ փոխնախագահի արձագանքը մասնավորապես այս էր, թե նման փաստարկները կրկնում են «Գործ համար Մարտի 1» կինոնկարի տրամաբանությունը. «Չգիտես ինչու, բաց են թողնում, որ նախ՝ մարտի 1-ի առավոտյան խաղաղ ցուցարարներին գրոհել են, ծեծել, ջարդել, քշել այնտեղից: Իսկ հետո, երբ մարդիկ նորից հավաքվել են ու նորից խաղաղ ցույց են անցկացրել՝ ոստիկանությունը երկու անգամ հարձակում է գործել նրանց վրա, որից հետո նոր ցուցարարները պատասխանել են: Եվ այստեղ կարեւոր է մեկ այլ հանգամանք՝ քանի դեռ Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանը եւ մնացածներն ունեին հնարավորություն նորմալ հանրահավաք անցկացնելու՝ այսինքն, բարձրախոս ունեին, գալիս՝ ղեկավարում էին զանգվածներին՝ մի ծառի տերեւ անգամ չեն պոկել մարդիկ: Այս հանգամանքը ինչո՞ւ չեն նշում: Այդ դեպքերը, որ նշում են՝ ինչ որ մեկը քար է գցել կամ ինչ արել, եղել են այն բանից հետո, երբ Տեր-Պետրոսյանի ձեռքերը ոլորելով տարել են իր տուն, տնային կալանքի ենթարկել՝ երեք ուղեփակոցներով սահմանափակելով: Այդ ամենը տեղի է ունեցել, երբ բազմաթիվ մարդկանց արդեն ձերբակալել էին ու հանրահավաքի կազմակերպիչներն իրավիճակին տիրապետելու որեւէ հնարավորություն չունեին: Իշխանությունն իր գործողություններով առաջացրել էր այդ քաոսը, անկառավարելիությունը՝ հետո դա բարդում է կազմակերպիչների վրա»:
Նկատեցինք, որ ինքն էլ շրջանցում է այն, որ անհանդուրժողականության մթնոլորտի պատասխանատուն միայն մի կողմը չէ: Եվ մեջբերումներ արեցինք Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքային ելույթներից․ 2007թ. հոկտեմբերի 29. «Այս հանրահավաքը և երթը ցույց տվեցին, որ ջրբաժանը հստակ գծված է՝ մի կողմից արժանապատիվ, ազատ, քաջ հերոս քաղաքացին է, հայ ժողովուրդը, մյուս կողմից՝ ազգի տականքը»։ 2008թ․ Փետրվարի 23. «Ցավում եմ, որ տականքը շատ է, բայց վստահ եղեք, որ որքան հզորանում է մեր շարժումը, այդ տականքը նվազում, գնում մտնում է իր բները։ Նրանց ձայնը վաղը չի լսվելու, նրանց հարևանները բարև չեն տալու, դրանց երեխաները վաղը ամաչելու են իրենց ծնողների համար»: Լեւոն Զուրաբյանի պատասխանն էր, թե ժողովրդավարությունը ենթադրում է, որ պետք է կարողանաս ուղիղ քո խոսքն ասել՝ անգամ եթե դա որոշ մարդկանց դուր չգա. «Բառապաշարն ինչ սահման ասես կարող է անցնել՝ հատկապես պահի տակ, երբ որ ինչ որ կարեւոր բան է կատարվում: Մարդիկ կարող են ամեն ինչ էլ ասել՝ կարող է ընդունելի լինի մեկի քիմքին, մյուսի ճաշակով չլինի: Բայց դա ժողովրդավարական խաղի կանոնների մեջ է մտնում… Դրանք բոլորը քաղաքական գնահատականներ են, քաղաքական թոհուբոհի, պայքարի խաղի կանոնների մեջ են տեղավորվում»: Դիտարկմանը, թե դա ատելության խոսք էր՝ նա հակադարձեց, թե կարող էին դիմել դատարան. «Բայց ասում են՝ քանի որ ինձ կոշտ հակադարձեցիր՝ կարող եմ քեզ սպանել: Այս մեղադրանքների տրամաբանության հիմքում սա է ընկած»:
ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն օրերս արձագանքելով փաստաբան Հայկ Ալումյանի պնդմանը, 2007-ին Միքայել Հարությունյանին պաշտպանության նախարար նշանակելիս՝ Ռոբերտ Քոչարյանը տեղյակ չի եղել, որ նա ՌԴ քաղաքացի է՝ ասել էր. «Էդ դեպքում Ռոբերտ Քոչարյանն ինչի՞ գլուխ էր, որ նախարար էր նշանակում մի մարդու, որն այլ երկրի քաղաքացի էր»: Մինչդեռ Հայկ Ալումյանը Aravot.am-ի հետ զրույցում հիշեցրել է, որ Միքայել Հարությունյանը 1992-ից է պաշտոններ զբաղեցրել ՀՀ Զինված ուժերում՝ Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին ստանձնել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի, իսկ հետագայում նաեւ շտաբի պետի պաշտոնը. «Եթե մինչեւ 2007 թվականը Միքայել Հարությունյանն աշխատել է Զինված ուժերում, ո՞վ պետք է ստուգեր քաղաքացիության հարցը մինչեւ նշանակելը, մի մարդ, ում մասին հիմա ոչինչ չի խոսվում: Նախ` սկզբում նրանց հարցրեք՝ ինչու չեն ստուգել»: Հարցրեցինք եւ ստացանք հետեւյալ պատասխանը. «90-ականներին որեւէ օրենք չի արգելել ՀՀ քաղաքացի չհանդիսացող մարդկանց նշանակումը նախարարական պաշտոններում: Եվ այդ պատճառով Սեպուհ Թաշճյանը նշանակվեց նախարար, Ժիրայր Լիպարիտյանը եւ այլն: Բազմաթիվ սփյուռքահայեր ծառայում էին տարբեր պաշտոններում… Իսկ եթե հիմա օրենքն արգելում է՝ ուրեմն, դա չի կարելի անել. խոսքը դրա մասին է: Մենք ասում ենք՝ օրենք խախտել չի կարելի, սահմանադրություն խախտել չի կարելի, ժողովրդի արյունը հեղել չի կարելի: Այ, սրանք են սահմանները, որոնք երաշխավորում են, որ քո երկիրը ճիշտ ուղղությամբ է գնում: Իսկ մեզ պատասխանում են՝ ախպեր ջան, բայց դուք էդ ի՞նչ բառապաշար եք օգտագործում: Լավ ենք անում»:
2018-ի օգոստոսի 17-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մարտի 1-ի գործը, ըստ էության, բացահայտված է»։ Հետաքրքրվեցինք՝ արդյոք համաձա՞յն եք այդ պնդմանն այն պայմաններում, երբ հայտնի չեն 10 զոհերի սպանությունները կատարողների անունները, երբ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարում է. «Այսօր կարող ենք վստահությամբ ասել, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից… Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե «մենք արդեն ունենք զոհեր», հիմնավորվի։ Դա նախաքննությամբ հիմնավորվել է», բայց էլի չկա ոչ անուն, ոչ առաջադրված համապատասխան մեղադրանք: Ի պատասխան Լեւոն Զուրաբյանը բացահայտեց. թեեւ 2008-ի դեպքերի ընթացքում ինքը կիզակետում էր՝ անցած 10 տարում իրեն երբեք չէին կանչել քննչական մարմինները, իսկ վերջերս հարցաքննվել է Մարտի 1-ի գործով. «Ես հասկացա այդ հարցաքննության ընթացքում, որ քննությունը լավ խորացած է այլեւս: Հիմա ես չեմ կարող հրապարակել՝ նախաքննական գաղտնիքի խախտում կլինի: Բայց հավաստիացնում եմ՝ ես զգացի, որ շատ դրվագներով կան նոր տեղեկություններ: Քննությունը եթե ընթանա այս նույն տեմպերով, ինչ ես տեսա այդ հարցաքննության ժամանակ, վստահ եմ, որ շատ շուտով բոլոր հարցերի պատասխանները հայտնի կլինեն բոլորին»:
Որպես խոսքի ամփոփում՝ Լեւոն Զուրաբյանը հիշեցրեց, որ ՀԱԿ-ը ողջունել է նոր իշխանությունների ջանքերը մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ, իրավական առումով ամեն ինչ կարծես բնականոն ընթացք ունի. «Բայց ես ուզում եմ, որ Նիկոլի թիմը հասկանա շատ կարեւոր մի բան, որը կարծեմ՝ իրենք հիմա դեռ չեն հասկանում: Իրենք պետք է դառնան այս դատի տերը: Առաջին անգամ է, որ մենք պետք է մարտի 1-ը դիմավորենք պայմաններում, որ այն ռեժիմը չի իշխում, որն այդ հանցագործությունը կատարել է եւ հետո տարիներ շարունակ՝ կոծկել: Այդ բոլոր տարիների ընթացքում Հայ ազգային կոնգրեսը փորձել է այդ դատը վառ պահել՝ երթեր ենք արել, ՄԻԵԴ դիմել, ԵԽԽՎ-ում ենք խոսել սրա մասին եւ այլն… Հիմա կա ժողովրդավարական իշխանություն, որը կարող է այս հարցին տեր կանգնել պետականորեն: Օրինակ՝ մենք միշտ հրապարակային միջոցառումներ ենք կազմակերպել՝ Կոնգրեսը համարել է իր բարոյական պարտականությունը: Այս անգամ ո՞վ պետք է անի: Համարում եմ, որ դա այլեւս պետք է արվի պետականորեն: Եթե չեն անի՝ այդ դեպքում, էլի մենք մեր խաչը կտանենք: Բայց չանելը ելք չէ, ու սա նաեւ քաղաքական մեծ նշանակություն ունի այս իշխանության ապագայի համար»: Որպես առաջին քայլ՝ նա կարեւորեց, որ մինչեւ մարտի 1-ը սա դառնա խորհրդարանում լուրջ քննարկման առարկա. «Որ ժողովուրդը հասկանա՝ կա այս դատն առաջ տանող իշխանություն»:
Լեւոն Զուրաբյանի հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում