Լրահոս
Օրվա լրահոսը

Բերդի բժշկական կենտրոնի աշխատակիցները նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին․ ի նշան բողոքի 10 բժշկից 9-ը գործից դուրս է գալիս

Հունվար 27,2019 10:00

Բերդի բժշկական կենտրոնի  93 աշխատողներ նամակ են ուղարկել  վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանք  հայտնել են, որ 2017թ. հուլիսին  այդ  ԲԿ-ի տնօրեն է նշանակվել Արմեն Մարդանյանը: Այդ ժամանակ ԲԿ-ում մասնագետների խիստ պակաս կար, վիրաբուժական բաժանմունքը վիրաբույժի կարիք ուներ, թերապեւտիկ բաժանմունքը՝ թերապեւտի: ԲԿ-ն այդ ժամանակ շուրջ 10 միլիոն դրամի պարտքեր ուներ: Նամակում նշված է, որ Ա. Մարդանյանի տնօրեն նշանակվելուց հետո մեկ տարվա ընթացքում ԲԿ-ն համալրվեց 7 բժիշկ-մասնագետներով (2 վիրաբույժ, վիրահատող, քիթ-կոկորդ, ականջաբան, գինեկոլոգ, թերապեւտ, վնասվածքաբան): ԲԿ-ի նվիրված աշխատանքի արդյունքում պարտքերը մարվել են, 8 տարի հետո այդտեղ  վերսկսվել են վիրահատությունները, մեկ տարում 240 վիրահատություն է կատարվել, ԲԿ-ի հանդեպ բնակչության վստահությունը վերականգնվել է:  Ծախսերի կրճատման եւ մուտքերի ավելացման արդյունքում Բերդի ԲԿ-ն 2018 ֆինանսական տարին փակել է 18 միլիոն դրամ ազատ մնացորդով: «Տավուշտեքստիլ» ընկերության  տնօրինության հետ համագործակցության արդյունքում այդ ընկերությունը ԲԿ-ին նվիրել է իմունոֆերմենտային անալիզատոր լաբորատորիա:  Նամակում  նշված է, որ Բերդի ԲԿ-ն մասնակցել է տարբեր ծարգրերի,  բժիշկները վերապատրաստվել են, ԲԿ-ն  ձեռք է  բերել  3 նոր ռեոնիմոբիլ, առկա հին ռեոնիմոբիլները նորոգվել են:

2018թ. օգոստոսին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, այցելելով Բերդի ԲԿ եւ ծանոթանալով ցուցանիշներին, ԲԿ-ի աշխատանքը գերազանց է գնահատել, պաշտպանության փոխնախարարի կողմից ԲԿ-ի աշխատանքները գովասանքի  են արժանացել: Նամակում ասվում է, որ ԲԿ-ի անձնակազմի հարգանքն ու վստահությունը վաստակած Արմեն Մարդանյանի` որպես ԲԿ-ի տնօրեն պաշտոնավարելը պաշտպանության նախարարությունը համարել է  անհնարին, դա պայմանավորելով նրա պայմանագրային զինվորական բժիշկ լինելու հանգամանքով: ԲԿ-ի աշխատողները Նիկոլ Փաշինյանին խնդրել են հանձնարարել, որպեսզի լուծվի  Արմեն Մարդանյանի հետագա պաշտոնավարման հարցը:

Երեկ մեզ զանգահարեցին Բերդի ԲԿ-ից եւ հայտնեցին, որ ԲԿ-ի 10 բժիշկներից 9-ը, ի նշան բողոքի, դուրս են գալիս աշխատանքից:  ԲԿ-ի աշխատողներն իրազեկ են, որ 2 ամսից՝ մարտին իրենց ԲԿ-ն լուծարվելու է, միանալու է Բերդի զինվորական հոսպիտալին: Նրանք հավելեցին, որ Բերդի բժշկական կենտրոնի տնօրեն է նշանակվել Համլետ Ադամյանը, ով հունվարի 29-ին հանձնում-ընդունում է կատարելու:

Բերդի ԲԿ-ից ասացին, որ իրենց հուզող խնդրի մասին հայտնել են նաեւ Տավուշի մարզից ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031