Հունվարի 26-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրական «Կյանք և ազատություն» գրքի առաջին շնորհանդեսը։ Ներկա էին Արցախի Հանրապետության կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչներ, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ռոբերտ Քոչարյանի զինակից ընկերները, Քոչարյան ընտանիքի մտերիմեր և բարեկամներ։
«Մենք այսօր, ըստ նախապես ծրագրված ժամանակացույցի, իրականացնում ենք «Կյանք եւ ազատություն» գրքի առաջին շնորհանդեսը։ Քանի որ գիրքը սկսվում է Ռոբերտի՝ Արցախում անցած մանկության ու մեր անցած ճանապարհի պատմությամբ, մենք որոշել էինք առաջինն այն ներկայացնել հենց Արցախի հանրությանը։ Այստեղ այս գրքով յուրաքանչյուրն իր անցած ուղու մի մասնիկը կտեսնի, քննության կառնի կյանքի եւ ազատության այն գինը, որ վճարել է հայ ժողովուրդը՝ Արցախի, Հայաստանի եւ ողջ հայության հարատեւման համար»,- նշեց Բելլա Քոչարյանը և հավելեց․ «Անկախ նրանից, որ Ռոբերտն այսօր անձամբ չի իրականացնում շնորհանդեսն ու ինքնագիր թողնում գրքերի վրա, գիրքն արդեն ներկայացրել է նրա ասելիքը։ Գիրքն արդեն ապրում է իր կյանքով»։
Գրքի բովանդակությունը հիմնված է Ռոբերտ Քոչարյանի կենսագրական փաստերի վրա։ Հեղինակը ներկայացրել է հասարակությանը քիչ հայտնի փաստեր ինչպես իր մանկությունից, այնպես էլ քաղաքական ուղուց՝ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, թե՛ հետնախագահական ժամանակահատվածի վերաբերյալ։
«Գրքի վրա աշխատանքն անձի ու պատմական իրադարձությունների բացահայտման մի անվերջանալի ճանապարհ էր հիշեցնում։ Երեք տարի տեւած աշխատանքի արդյունքում ես տեսա Ռոբերտ Սեդրակովիչ անհատի բազմակողմանիությունը»,- նշեց գրքի խմբագիր Իրինա Աբրամովան։
«Կյանք և ազատություն» գիրքը հրատարակել է ռուսաստանյան «Ալպինա փաբլիշերս» ընկերությունը։ Վաճառքում այն հայտնվել է 2019 թվականի հունվարին, և առաջին խմբաքանակն ամբողջությամբ սպառվել է 3 շաբաթվա ընթացքում։ Գիրքը պատմում է Քոչարյանի մանկությունից մինչև 2018 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածի մասին։
մարդու զզվանք է գալիս
մարդու հպարտութիւն է գալիս
եւ իսկական յոյս
Նմանապէս, Րոպերդը մեզ համար հերոս է ու վերջ!