Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ հոգին խորհրդարանից վկայում է (աբորիգենի հուշերից)

Հունվար 26,2019 21:35

Ահա և իրականացավ Հիսուս Քրիստոսի մարգարեությունը, որն իր անաղարտ տեսքով գտնվեց որոշ հին մատյանների մեջ. «Բայց դուք զորություն կստանաք, երբ սուրբ հոգին գա, և իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում, Սամարիայում, Խորհրդարանում ու մինչև աշխարհի ծայրերը» (Գործք 1:8):

Սակայն հարց է առաջանում. վերոնշյալ զորությամբ պատգամավորի հատկապես ի՞նչը պիտի սրվեր, և հատկապես ի՛նչը կարող էր ծառայել իբրև գործիք՝ օրենքներ ընդունելիս: Իհարկե, գործիքներ են դառնում և՛ հիմարությունը, և՛ տգիտությունն ու շատ տգիտությունը, իսկ սրանք սուր գործիքներ են դառնում հատկապես այն պարագայում, երբ տկար մտքի մեջ հանկարծ փայլատակում է աստվածային մեծն զորություն, որն անխուսափելիորեն սրում է հենց այն, ինչն ունես ի ծնե և ինչը պիտի ծառայեցնես ի շահ քո ժողովրդի: Ի շահ այն ժողովրդի, որ հույս չուներ բնավ, բայց իր բոլոր հույսերը, չգիտես ինչ հրաշքով, կապեց քեզ հետ:

– Ո՞ւմ հետ,- անկեղծորեն զարմացան բազմաթիվ պատգամավորներ:

Երբ ոմն պատգամավոր խոսեց հայտնի չի, թե ինչ լեզվով և հայտնի չի, թե ո՛ր օրենքի ո՛ր բանաձևն էր ներկայացնում, հոգևոր հայրերը խուճապի մատնվեցին, իսկ հավատացյալ հոտը դուրս եկավ ուխտագնացության, քանզի վստահ էին, որ կարճ ժամանակ հետո խորհրդարանում հրաշքով բուժումներ էլ կանեն:

Կարճ ժամանակ անց, «Սրբի դուռ» արտահայտությունը նորօրյա հնչեղություն ստացավ՝ դառնալով «Խորհրդարանի դուռ», իսկ կիսատկլոր մի բազմություն օր ու գիշեր չէր հեռանում,  քանզի սուրբ փոշի էին պլոկում խորհրդարանի աստիճաններից ու համբույրներ էին դրոշմում բռնակներին:

Երկար ժամանակ անց, սակայն, մարդիկ հանկարծ հայտնաբերեցին, որ պարապ մնալը ևս աշխատանք է, ու քանի որ երկրում որևէ աշխատանք չկար որևէ տեղ, շատերը աշխատում էին պարապ մնալ: Ոմանք կրճատվում էին ինքնաբերաբար, ոմանք՝ արյունոտ պայքարից հետո,  ոմանք էլ ստրկական աշխատանք էին կատարում բանկերում՝ վարկեր վճարելու փոխարեն հատակ կամ պատուհան լվանալով, իսկ վարկեր վճարելու ճարը չունեցող բազմաթիվ մարդկանց բանտարկել  էին  բանկերի սեյֆերում՝ ցմահ:

Սուրբ հոգին խորհրդարանից վկայում էր, վկայում էր կնոջ, անցավորների և անանցավոր պատգամավորների բերանով՝ առ այն, որ սովորաբար հյուծվում են պարարտ ժողովուրդները, իսկ հյուծված ժողովուրդն այլևս չի կարող հյուծվել, որովհետև զօրուգիշեր տոկում է, որպեսզի օրերից մի օր մի կուշտ փորով հաց ուտի:

Այ քեզ բան:

Ու հիմա համար մեկ հարցը հետևյալն էր. ի՞նչ օրենք ընդունես այն մարդու մասին, ով դեղ չունի, դեղի  փող չունի, վիրահատվել չի կարողանում, բայց և համառորեն չի ուզում մեռնել:

– Սա ի՞նչ կյանք է,- անձայն բղավում էին մարդիկ։

– Դիմացեք, դիմացեք,- բարձրաձայն հորդորում էին հոգևոր հայրերը, որ տերտերներ էին իրականում  և խառնվում էին պետության գործերին, քանի որ պետությունը չէր խառնվում իրենց գործերին,- լավ է Աստծո արքայությունը մտնեք հիվանդ, գժված ու փողին կակա ասելով, քան մեղք գործեք։

– Ախա՜ր օրվա մեջ մի անգամ ենք հաց ուտում,- հեկեկում էին մարդիկ։- Մսի երես չենք տեսնում։

Այդ օրվանից սկսած, տերտերները շրջում էին ժողովրդի մեջ և մարդկանց կոտլետներ էին ցույց տալիս։ Իսկ սուրբ հոգին շարունակ վկայում էր խորհրդարանից: Եվ ընդունվում էին օրենքներ, որոնք աշխարհը ո՛չ տեսել էր, ո՛չ լսել: Օրինակ՝ «Դավաճանության մասին» օրենքը, որ վավերացվեց հետևյալ հիմնավորմամբ.  «Մենք այնքան ենք դավաճանել միմյանց, որ միմյանց հավատարիմ մնալն արդեն իսկ ընդունվում է իբրև դավաճանություն: Ուստի և դավաճանությունն ու հավատարմությունը հետայսու հավասարազոր պիտի լինեն»:

Եվ կամ՝ «Փառք տալու» օրենքը: Այ սա՛, կներեք, չեմ  կարող բարձրաձայնել:

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031