Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն արձագանքել է փաստաբան Սեդա Սաֆարյանի հայտարարությանը՝ համարելով այն իրականությանը չհամապատասխանող։
Հուվարի 23-ին «Ա1+»-ի տաղավարում՝ «Երկու հայացք «Մարտի 1-ի» գործին» հաղորդման ժամանակ փաստաբան Սեդա Սաֆարյանն ասել էր, որ 2004-ին Ալեքսանդր Ազարյանը եղել է Արդարադատության խորհրդի անդամ եւ մի գործով քայլեր չի արել, որ փաստաբանը կարողանա մտնել դատարանի դահլիճ՝ հակառակ տուժողների պահանջի։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ 2018թ. օգոստոսի 13-ին դատարանը ազատ արձակեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը` հաշվի առնելով, որ նախագահը անձեռնմխելի է:
– Պարո՛ն Ազարյան, դուք հանրությանը հայտնի դարձաք որպես Ռոբերտ Քոչարյանին բաց թողած դատավոր, մատնացույց է արվում, որ Ռոբերտ Քոչարյանն է ձեզ դատավոր նշանակել: Այդ գործոնը դեր խաղացել է ձեր կայացրած որոշման վրա, կաշկանդվածություն, պարտքի զգացում եղե՞լ է:
– Ես իրավաբանական ասպարեզում ճանաչված անձնավորություն եմ, իսկ Ռոբերտ Քոչարյանի գործը ինձ վրա մակագրելը պայմանավորված է եղել նաև այդ հանգամանքով, որ ես շատ թե քիչ հարգանք և հեղինակություն եմ վայելում այս բնագավառում: Ռոբերտ Քոչարյանի կողմից ինձ նշանակելը որևէ կաշկանդվածություն չի առաջացրել ինձ մոտ, ես ղեկավարվել եմ, ղեկավարվում եմ ու ղեկավարվելու եմ միայն օրենքով: Որևէ պարտավորվածություն չեմ ունեցել Ռոբերտ Քոչարյանի հանդեպ: Հասարակության կարծիքը ինձ համար երկրորդական է, թող հասարակությունը ճիշտ հասկանա, ընկալի և հաջորդ անգամ ինձ սպառանալիքներ հնչեցնելուց առաջ` թող լավ իմանա, որ չեմ վախենում այդ սպառնալիքներից: Հասարակությունը թող բարի լինի մի քիչ օրենքներ կարդա, նոր օրենսդրական դաշտում արձագանքի այդ հարցի վերաբերյալ:
– Ձեր կայացրած որոշումը Վճռաբեկ դատարանը բեկանեց, սա չի՞ նշանակում, որ դուք ժամանակին ոչ ճիշտ որոշում էիք կայացրել։
– Ոչ, ամենևին չի նշանակում: Ես որպես իրավաբան պարտավոր եմ ունենալ կարծիք, որպես դատավոր պարտավոր եմ ենթարկվել, ընդունել Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները: Ես մոտ 2 ամիս առաջ հարցազրույց տվեցի ու ասացի, որ եթե հիմա լիներ այդ նույն պահը, ես նույն որոշումն էի կայացնելու: Ես նկատի ունեի՝ ոչ թե Վճռաբեկ դատարանի որոշմանը հակառակ որոշում պետք է կայացվեր, այլ զուտ խոսքս վերաբերում էր սպառնալիքներին, դրանք ինձ համար բացարձակապես ոչինչ են և դա նկատի ունեի: Իսկ ձեր հարցի վերաբերյալ ասեմ՝ այդ հարցի կապակցությամբ վերջնական որոշում դեռևս չի կայացվել, որքանով գիտեմ պաշտպանների կողմից բողոք է ներկայացվել Եվրոպական դատարան և, ինչպես արդեն գիտենք, նաև Եվրոպական դատարանը ունի մի շարք որոշումներ, որով բեկանել է ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից կայացրած որոշումները։ Ուստի թույլ տվեք ես մնամ իմ կարծիքին. ես վստահ եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել:
– Վճռաբեկ դատարանի կայացրած որոշման մեջ կար նաև կետ՝ դիմելու Սահմանադրական դատարան, որոշելու տվյալ արարքի համար Ռոբերտ Քոչարյանը ենթակա՞ է պատասխանատվության, թե՞ ոչ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։ Եւ երկրորդ, պարո՛ն Ազարյան, ճիշտ ենք հասկանում ըստ ձեր կայացրած որոշման, այդ արարքի համար Քոչարյանը քրեական հետապնդման ենթակա չէ։
– Եկեք ես չմեկնաբանեմ ո՛չ իմ որոշումը, ո՛չ էլ Վճռաբեկինը: Ես ինչպես կարող եմ Վճռաբեկ դատարանի որոշումը մեկնաբանել:
– Տիկին Սաֆարյանը նշել էր, մեջբերում եմ. « 2004-ին հենց Նալբանդյանի գործով, երբ նա արդարադատության խորհրդում էր, ես եղել եմ նրա՝ դատավոր Ազարյանի մոտ, բացատրել եմ ստեղծված իրավիճակը, և նա ոչինչ չի կարողացել անել, այն ժամանակ ինքը արդարադատության խորհրդի անդամ էր , ես չէի կարողանում դատարանի դահլիճ մտնել, և դատարանը ոչ մի միջոց չէր ձեռնարկում որպեսզի կարողանային ապահովել իմ մուտքը դատարան, երբ տուժողները ամեն ինչ անում էին, որ ես դահլիճ չմտնեմ… Նույն Ազարյանը ոչինչ չձեռնարկեց, դիմում էլ եմ ներկայացրել»։ Կարո՞ղ ենք գնահատել, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ արդարադատությունը կաշկանդված է եղել։
– Ես ճիշտն ասած չեմ հիշում, որ տիկին Սաֆարյանը նշված հարցով իմ մոտ եղած լինի: Կասկածի տակ չեմ դնում տիկին Սաֆարյանի ասածը, պարզապես, կներեք, իրավունք ունեմ, չէ՞, 15 տարի առաջվա դեպքը չհիշել:
Սակայն, 2004 թ. ես Արդարադատության խորհրդի անդամ չեմ եղել և չէի կարող լինել, որովհետև այդ ժամանակ ոչ դատավոր էի, ոչ էլ գիտական աստիճան ունեի, երկուսն էլ ձեռք եմ բերել 2006-ին: Նշված ժամանակահատվածում ես աշխատել եմ ՀՀ նախագահի աշխատակազմում, միգուցե տիկին Սաֆարյանը դա նկատի ուներ: Ես աշխատում էի Արդարադատության խորհրդի աշխատակազմում, որը ուսումնասիրություններ էր կատարում դատական և դատախազական համակարգի վրա, վեր էր հանում խախտումները և ներկայացնում էր խորհրդի անդամներին, նրանք էլ որոշում էին պատժել-չպատժել: Եվ ես, եթե չեմ միջամտել, կոնկրետ դատավորին չեմ զանգել, չեմ ասել, դա նշանակում է՝ որ այն ժամանակ, համենայդեպս, իմ կողմից միջամտություն չի եղել դատական համակարգի վրա։
Ես գիտեմ, որ տիկին Սաֆարյանը իմ մասին շատ բարձր կարծիքի է եղել մինչև իմ կողմից Քոչարյանին ազատ արձակելը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Աստված ձեզ տվել է օրենքի հետ աշխատելու հնարավորություն․ մի փոքրիկ Հայաստանն ինչ է, որ օրենքի քողի տակ կարգի չեք հրավիրում։ Որակով պետություն և ժողովուրդ ունենալու համար դատական համակարգը պետք է ծառայի իր մասնագիտությանը, այլ ոչ թե անհատներին։