Շիրակի մարզի խստաշունչ ձմեռ ունեցող տեղանքում՝ Աշոցքում, այսօր բացվեց դահուկային կենտրոն։ Այն Եվրամիության կողմից ֆինանսավորվող 10 ներկայացուցչական ծրագրերից առաջինն է, որի նպատակը բացթօյա միջոցառումներ կազմակերպելն ու համեմատաբար քիչ հայտնի վայրերում ձմեռային տուրիզմը զարգացնելն է։ Կարմիր ժապավենը կտրեց Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին, նա տեղեկացրեց, որ այս ծրագրի արժեքը 60 հազար եվրո է։ Ըստ նրա, իրենք փորձում են ցուցադրել, որ համեստ գումարով հնարավոր է նշանակալի փոփոխություններ անել։
Դեսպանը նաև տեղեկացրեց, որ 7 միլիոն եվրո են նախատեսելու Հայաստանի հյուսիսային մարզերում զբոսաշրջությունը խթանելու նպատակով։
Պյոտր Սվիտալսկին իր ելույթում նշեց․«Եվրամիության անունից խոսելով՝ կարող եմ ասել, որ մաս ենք կազմել միգուցե փոքրածավալ, բայց կարևոր ծրագրի։ Ինչո՞ւ ենք այս ամենն անում․ նախևառաջ ցանկանում ենք օգնել հայ ընտանիքներին, Եվրամիությունը ցանկանում է նրանք լինեն ավելի ուժեղ։ Երկրորդը՝ ցանկանում ենք առողջություն հայ ընտանիքներին, բնականաբար, խթանում ու խրախուսում ենք առողջ ապրելակերպը: Իսկ ինչ վերաբերում է դահուկային սպորտին, ապա սա վստահաբար կարելի է համարել ընտանեկան սպորտաձև, մի սպորտաձև է, որն ապահովում է առողջություն։
Եվ, իհարկե, երրորդը, որ շատ կարևոր է, մենք ցանկանում ենք աջակցել հայկական համայնքներին, մասնավորապես այն համայնքներին, որոնք գտնվում են կենտրոններից հեռու։ Տվյալ դեպքում խոսքն Աշոցքի մասին է, մի բնակավայրի ու բնակչության, որ ապրում են ծանր բնակլիմայական պայմաններում․ 7 ամիս տարվա ընթացքում Աշոցքը ծածկված է ձնով, բայց մենք կարծում ենք, որ ձյունը կարելի է վերածել օգտակար միջոցի։ Կարծում եմ Աշոցքն էլ իր հրաշալի բնակչությամբ կարող է նպաստել դահուկային սպորտի զարգացմանը։ Միքայելյանների ընտանիքը մասնավորապես, բայց նաև այլ ընտանիքներ ունեցել են երազանք Աշոցքը վերածել Հայաստանի Հանրապետության ձմեռային մայրաքաղաքի ու նոր կյանք, նոր շունչ բերել այս բնակավայր։ Եվրամիության աջակցության նպատակն էլ հենց դա է, օգնենք այդ մարդկանց իրենց նպատակների իրականացմանը»։
Դեսպանը հույս հայտնեց, որ Աշոցքն ու Աշոցքի հարակից տարածքները կդառնան առաջավոր ձմեռային մարզաձևերի զարգացման համար։
Ըստ Պյոտր Սվիտալսկու, այս տարածքի բնակիչները ևս վաստակել են արժանապատիվ կյանքով ապրելու իրավունք։ Դեսպանի ասելով, իրենք թիրախավորում են ընտանիքներին, փորձում են նրանց գրավել, հետաքրքրել, որպեսզի գան Աշոցք, փորձեն զբաղվել դահուկավազքով։ Աշոցքն էլ նոյեմբերից մինչև մարտ ամիս երաշխավորված ձյուն ունի։ Նա վստահություն հայտնեց, որ զբոսաշրջիկներ կգան ոչ միայն Հայաստանից, այլ արտերկրից։ Իսկ դահուկային կենտրոնը կծառայի որպես հանդերձարան, խորտկարան, միգուցե նաև որպես գիշերակաց։
«Շուտով հնարավորություն կստեղծվի դահուկավազքի համար ավելի քան 50 կիլոմետր ճանապարհ ստեղծելու»,-տեղեկացրեց դեսպանը։
Նորաբաց դահուկային կենտրոնը կղեկավարի Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան Աշոցք համայնքի հետ համատեղ։
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահն էլ իր ելույթում նշեց, որ Աշոցքը դահուկասպորտի զարգացման համար կդառնա այլընտրանք Ծաղկաձորին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ