Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցը 4-րդն էր թավշյա հեղափոխությունից հետո և առաջինը բացարձակ լեգիտիմ կարգավիճակով, առանց «ժամանակավոր պաշտոնակատար» կամ «Հայաստանի նոր առաջնորդ» բառերի, գրում է «Նեզավիսիմայա գազետա» թերթը: Ընդ որում սա առաջին այցն էր Մոսկվա, երբ Փաշինյանը հանդիպում չունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այլ հանդիպեց վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ (ռուսական մամուլի տեղեկություններով՝ հանդիպումը տեղի է ունեցել հայկական կողմի խնդրանքով):
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կոչ է արել դրանում ստորջրյա քարեր չփնտրել: «Որքան ես գիտեմ, բանակցություններ չեն նախատեսվում, ուրբաթ նախագահի մոտ հագեցած գրաֆիկ է… Չգիտեմ, կլինեն արդյոք փոփոխություններ, բայց առայժմ որևէ շփումներ նախատեսված չեն»,- ասել է նա՝ նշելով, որ Պուտինը և Փաշինյանը «բավականին հաճախ են շփվում հեռախոսով և հաճախ էլ հանդիպում են»:
Այնուամենայնիվ, թերթը գրում է, որ կան որոշակի պատճառներ ենթադրելու, որ Մոսկվայի և Երևանի միջև հարաբերություններն անամպ չեն: Ռուսական կողմը, թերթի անանուն աղբյուրի համաձայն, առայժմ բավարար չափով չի վստահում Հայաստանի նոր ղեկավարությանը: Մասնավորապես, Չինաստանի կամ Շվեդիայի հետ ռազմառևտրային հարաբերություններ հաստատելու փորձերի մասին որոշ հայտարարություններ աննկատ չեն մնացել Մոսկվայի ուշադրությունից: Վստահության մակարդակը չկարողացան բարձրացնել նաև ՌԴ-ին պատկանող տնտեսվարող սուբյեկտների տուգումները: Դրան գումարած՝ քրեական գործերն այն նախկին պաշտոնյաների նկատմամբ, որոնք այս կամ այն չափով կապված են Ռուսաստանի քաղաքական և բիզնես շրջանակների հետ: Նրանցից առավել առանցքային է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որին վերագրում են անձնական ընկերություն Պուտինի հետ:
Իր գործընկերոջից փոխադարձ դժգոհություններ ունի նաև Երևանը: Գլխավորը և ամենավիրավորականը՝ Ադրբեջանին մատակարարվող սպառազինությունն է: Տարեսկզբից գազի թանկացած սակագինը, որը ռուսական կողմի հետ լրացուցիչ բանակցություններից հետո չանդրադրձավ բնակչության վրա: Գյումրու ռուսական ռազմաբազայի զինվորների մասնակցությամբ առանձին միջադեպերը: Այս շարքին կարելի է ավելացնել ռուս հեռուստալրագրողների նկարահանած Հայաստանի ղեկավարության կարծիքով ոչ օբյեկտիվ փաստագրական ֆիլմը 2008թ. մարտի 1-ի մասին:
Այդպիսի ֆոնին Փաշինյանի այցի ծրագրում Պուտինի հետ բանակցությունների բացակայությունը վտանգավոր երանգ է ստանում: Հատկապես երբ հայ հասարակության ընկալման մեջ արդեն սկսել է հարց բարձրանալ, թե ինչու հեղափոխությունից հետո կենսամակարդակը չի բարձրանում:
Հայաստանի նոր առաջնորդի նկատմամբ սկեպտիկ վերաբերմունք տարածելու գործում զգալի դեր է խաղում նաև Հանրապետական կուսակցությունը, որը կորցրել է տեղը գործադիր իշխանությունում, չի անցել խորհրդարան, բայց պահպանում է վերահսկողությունը ԶԼՄ-ների նկատմամբ: Վարչապետի ցանկացած գործողություն, ցանկացած խոսք, ցանկացած հանդիպում հսկվում է մանրակրիտ ձևով և ուղեկցվում եզրակացություններով և կողմնակալության տարբեր մակարդակի ենթադրություններով: Վերջին օրերի համար մեկ թեման Դավոսում Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ոչ պաշտոնական հանդիպումն էր:
Փաշինյանն ինքը տարընթերցումնից ու աղավաղումներից խուսափելու համար իր յուրաքանչյուր նշանակալից գործողություն փորձում է բացատրել սոցցանցերում՝ այս անգամ հայտարարելով, որ ոչ մի առանձնահատուկ բան Ադրբեջանի նախագահի հետ չի քննարկել: Բայց դրանով միայն նոր հարցերի տեղիք տվեց. ինչպե՞ս է հնարավոր ոչ մի բան չքննարկել մեկուկես ժամ տևած հանդիպմանը: Սվիններով ընդունվեցին նաև Փաշինյանի այլ հայտարարություններ, օրինակ, հունվարի 23-ի հեռախոսազրույցը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Փաշինյանն ասաց, որ զրույցը եղել է հայ-ամերիկյան հարաբերությունների մասին՝ արցախյան համատեքստից դուրս, ինչը ընդդիմադիր միջավայրում տարակուսանք առաջացրեց:
Ստեղծված իրավիճակը ոչ առանց նախկին իշխանությունների և նրանց մոտ կանգնած փորձագետների օգնությամբ նպաստում է շշուկների տարածմանը Լեռնային Ղարաբաղի շուրջ առ այն, որ Երևանի և Բաքվի միջև հաճախակի դարձած շփումները պայմանավորված են ստատուս քվոյի սպասվող փոփոխության հետ: Հարց է առաջանում. արդյո՞ք չեն պատրատվում Հայաստանի նոր իշխանությունները հրաժարվել ձևավորված դիրքորոշումից, որը ենթադրում է ղարաբաղյան հակամարտության փաթեթային լուծում: Դա նշանակում է Բաքվի իրավասության վերականգնում ԼՂ հարակից շրջաններում («անվտանգության գոտի»), փախստականների վերադարձ, Հայաստանի ապաշրջափակում, Արցախի ինքնիշխանության ճանաչում: Այդպիսի կասկածներն ամրապնդվում են նրանով, որ Երևանը սկսել է բնակչությանը խաղաղության պատրաստելու ծրագիր՝ համաձայն Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածության. տեղի հեռուստաալիքներով սկսեցին ցուցադրվել հաղորդումներ և ֆիլմեր այն մասին, որ երկու ժողովուրդները բոլորովին վերջերս խաղաղ համագոյակցել են, եթե ոչ ավելին:
Բայց այդ ամենի մեջ ոչ մի ակնարկ չկա այն մասին, որ հայկական կողմը հաշտվել է լուծման ադրբեջանական տարբերակի հետ, որով ենթադրվում է, որ Լեռնային Ղարաբաղը կստանա ամենալայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում: Ոչ մի բան չկա հօգուտ այն բանի, որ Ադրբեջանը մտածում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման շուրջ: Ավելին, մտքում պահելով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների հաճախակիացած հայտարարությունները հակամարտող պետությունների առաջնորդների պաշտոնական հանդիպման մասին, կարելի է ենթադրել, որ դրա հնարավոր անարդյունավետությունը հակամարտության լուծման հեռանկարների տեսանկյունից կտրուկ ավելացնում է կոնֆլիկտածնության մակարդակը, որը զգալիորեն նվազել էր Դուշանբեում և Դավոսում Փաշինյանի և Ալիևի երկու հանդիպումներից հետո:
Հաշվի առնելով վերը նկարագրվածը՝ ուրբաթ օրերին Վլադիմիր Պուտինի ժամանակային գրաֆիկը ամենահաճելի հայտարարությունը չէ Փաշինյանի համար, ինչը հայրենիքում ընդդիմադիրների կողմից կկրկնապատկի քննադատությունը նրա հասցեին, եզրափակում է թերթը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ