Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գուցե նպատակը «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստե՞լն» է․ Սեյրան Օհանյան

Հունվար 26,2019 18:15

Մարտիմեկյան ողբերգության բացահայտումը ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ է, բայց նրա շրջանակներում իրականությունը խեղաթյուրող յուրաքանչյուր փորձ, որի նպատակը ոչ թե սպանությունների բացահայտումն է, այլ իրենց ցանկալի վարկածի պարտադրումը, այն է՝ զինված ուժերին մեղսագրել տարբեր հանցագործություններ, դիտարկում եմ որպես միտումնավոր, ակնհայտ ոտնձգություն հայկական զինված ուժերի նկատմամբ։

Իմ տպավորությամբ, հեղինակազրկելով բանակի բարձրաստիճան հրամանատարությանը, վարկածներ հնարելով և շրջանառելով, որ բանակը կրակել է ժողովրդի վրա, փորձ է արվում սեպ խրել բանակի և ժողովրդի մեջ։

Գուցե նպատակը «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստե՞լն» է։

Խաղաղությունը մենք պարտադրել ենք հակառակորդին մեզ պարտադրված անհավասար պատերազմի պայմաններում և քառորդ դարից ավելի պահում ենք մեր հերոսական ժողովրդի, քաջարի զինվորի, սպայի, հրամանատարի հետ միասին։

Բանակը նաև առաջնորդող հրամանատարն է, և յուրաքանչյուր անհիմն, անօրինական ոտնձգություն նրանց նկատմամբ, առավել ևս՝ բարձրագույն սպայական կազմի, նշանակում է գլխատել չավարտված պատերազմի փորձություններով անցած և հաղթանակ կերտած բանակը։

2018-ին կատարված իրադարձությունները մեզ հնարավորություն են ընձեռել, հենվելով անցյալի ձեռքբերումների վրա, շտկել թերությունները, կատարելագործել պետական կառույցները, բարեկեցիկ կյանք ապահովել հասարակության համար, շարունակել հզորացնել բանակը, որը, անվերապահորեն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի կարգավորման և Արցախում ու Հայաստանում խաղաղության երաշխավորն է:

Որևէ մեկը, անկախ կուսակցական պատկանելությունից, քաղաքական վայրիվերումներից, այսօր և հետագայում իրավունք չունի վտանգել այդ ձեռքբերումը՝ շրջանցելով կամ մեկուսացնելով այդ պայքարի պատասխանատվության ողջ ծանրությունը իրենց ուսերին կրած, պատկառելի կենսագրություն ունեցող մարդկանց։

Հաշվի առնելով վերջին ժամանակներում N0038 հրամանի շուրջ բանակի գործառույթների հետ կապ չունեցող տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների, քաղաքական գործիչների իրար հերթ չտվող, ինքնանպատակ, հուզական վերլուծությունները և անվերջ ինձ դիմող մեր քաղաքացիների, տարբեր լրագրողների, սպայական անձնակազմի անհանգստությունը՝ ներկայացնեմ իմ պարզաբանումները՝ մեր ժողովրդին հուզող որոշ հարցերի վերաբերյալ։

Քաղվածք 2008 թ․ փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի արձակած N0038 հրատապ հրամանից․

«Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով, ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը ս.թ. փետրվարի 23-ին, ժամը 18:00-ից տեղափոխել զորանոցային վիճակի` մինչեւ հատուկ կարգադրության ստացումը: ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, որոնց զինել տաբելային զենքով»:

1. N0038 հրամանի օրինականությունը. օրինակա՞ն էր այն, թե ոչ

Ինձ իրավունք չվերապահելով ստանձնել 2008 թ․ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի փաստաբանի դերը՝ ընդամենը նշեմ՝

եթե պաշտպանության նախարարը զորքին իջեցված իր ներքին գերատեսչական գրավոր հրամանում հղում է տալիս ՀՀ Սահմանադրությանը, ԶՈՒ ենթակա կառույցները և նրանց ղեկավար անձինք կատարման պահին իրավունք չունեն վիճարկելու գերադասի հրամանների իրավական կամ սահմանադրական լինելը։

Իսկ պաշտպանության նախարարի այս հրամանի սահմանադրական օրինականությունը վիճարկողները, կարծում եմ, քաղաքակիրթ տարբերակով կարող են վիճարկել Սահմանադրական դատարանում՝ համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ։

2. Ինչո՞ւ էր հույժ գաղտնի

Իբրև «հանցագործություն»՝ լրատվամիջոցներում և տարբեր անձանց կողմից շահարկվում է N0038 հրամանի հույժ գաղտնի լինելը։

Պարզաբանում․

բանակում օրինական գործառույթներն իրականացվում են ՀՀ զինված ուժերի կանոնադրությամբ, իրավական համապատասխան նորմերով։

Փաստաթղթաշրջանառությունը, հաշվի առնելով բանակային գործառույթների առանձնահատկությունը, իր բնույթով մեծ մասամբ լինում է հույժ գաղտնի, գաղտնի և հրապարակման ենթակա չէ։ Այս փաստաթղթի հույժ գաղտնի լինելու հանգամանքը արտառոց և կանոնադրական որևէ խախտում չի պարունակում, և կարծում եմ, այն որպես «սենսացիա» ներկայացնելը կամ մարտիմեկյան ողբերգության հիմքում շահարկելը իրավագիտական տեսանկյունից կամ զինվորական կանոնադրության անգիտություն է, կամ մտածված մանիպուլյացիա։

3. Ինչո՞ւ էր զորքն անցել զորանոցային վիճակի և տեղաշարժվել

Տարվա յուրաքանչյուր օր, այդ թվում և փետրվարի 23-ին, պատերազմող երկրի պաշտպանության նախարարը, օգտվելով իր կանոնադրական իրավունքներից, կարող է զորքը բերել մարտական պատրաստականության տարբեր աստիճանների, բարձրացնել զգոնությունը, տագնապ հայտարարել, զորանոցային վիճակի բերել, սահման ուղարկել կամ տարբեր տեղաշարժեր իրականացրել։

Նրանք, ովքեր գտնում են, որ փետրվարի 23-ին զորքը զորանոցային վիճակի բերելը, տեղաշարժելը անթույլատրելի էր, թող բացատրեն՝ ինչու, կամ ցույց տան՝ բանակային կանոնադրությամբ որոնք են հակացուցումները, և այդ տրամաբանությամբ՝ տարվա օրացույցի ո՞ր օրերին են «թույլ տալիս» անցնել զորանոցային վիճակի։

Բանակային միջոցառման շրջանակներում զորքը զորանոցային վիճակի բերելը, տեղաշարժելը նորմալ երևույթ են, և կարծում եմ, այս գործի շրջանակներում քրեական տեսանկյունից հետաքրքրություն չեն ներկայացնում, քանի որ թե’ զորանոցային վիճակի բերելիս, թե’ տեղաշարժի ժամանակ հանցագործություններ զորանոցների ներսում, պատահարներ ճանապարհին երթևեկության ժամանակ չեն գրանցվել։

4․ Ինչո՞ւ են սպաները հաստիքային զենք կրել

Յուրաքանչյուր սպա, ըստ կանոնադրության, իրավունք ունի հաստիքային (տաբելային) զենք կրելու՝ ինքնապաշտպանության նպատակով։

Նշված հրամանում որևէ մեկը չի կարող ցույց տալ որևէ կետ, որտեղ նշված է, որ զորանոցային վիճակի գալը, տեղաշարժվելը, իրենց օրինական զենքը կրելը նախատեսված է եղել մարտի 1-ին օգտագործելու համար։

5․ Մարտի 1-ի Արտակարգ դրության մասին հրամանագիրը օրինակա՞ն էր, թե՝ ոչ, և հրամանագրի հետ իմ առնչությունը

2008 թ․ մարտի 1-ին՝ երեկոյան ժամը 22:30-ին, մայրաքաղաքում ստեղծված ծանրագույն իրավիճակից հետո, Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է հրամանագիր Արտակարգ դրություն մտցնելու մասին։

Մարտի 2-ին ես՝ որպես գլխավոր շտաբի պետ, կարդացել եմ այն, կրկնում եմ՝ կարդացել եմ ոչ թե իմ որոշումը, այլ օրինական ուժի մեջ մտած Արտակարգ դրության հրամանագիրը, որը նախատեսում էր զինված ուժերի կողմից ՀՀ կարևոր օբյեկտների պահպանությունը և անվտանգության ապահովումը։

Մարտի 2-ին և նրանից հետո ընկած, հայտարարված Արտակարգ դրության ժամանակահատվածում որևէ ընդհարում, որևէ հանցագործություն զորքի և ժողովրդի մեջ չի արձանագրվել՝ զորքից ժողովրդին, ժողովրդից զորքին ուղղված։

Կրկնում եմ՝ Արտակարգ դրության հաստատումից հետո բանակի և ժողովրդի մեջ որևէ բախում չի եղել։

Մարտի 2-ին՝ հրամանագրի ընթերցման ժամանակ, իմ առոգանությունը, իմ ձայնի տեմբրը, անկախ նրանից՝ դուր է գալիս այն ՀՔԾ պետին, թե՝ ոչ (տես՝ հայտնի ձայնագրությունը), չի կարող հիմք հանդիսանալ իմ նկատմամբ մեղադրանք առաջադրելու։

Եթե քննությունը շարունակվի անօրինական այս սկզբունքով՝ ինչու է 2008 թ․ փետրվարի 23-ին բանակն անցել զորանոցային վիճակի, ինչու են տեղաշարժվել, ինչու են կատարել կանոնադրական տարբեր բանակային գործառույթներ, ապա նշանակում է, որ չեն ընդունում հայկական զինված ուժերի կանոնադրությունը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ կանոնադրության, բանակային հրամանները ուղղահայաց կատարում են ենթադրում և քննարկման ենթակա չեն, կարելի է գործ հարուցել բոլոր զինվորականների դեմ և կալանավորել բոլորին:

Ո՞վքեր են այս ազգակործան սցենարի հեղինակները։

Գոնե պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է սա նշանակում։

Մարտիմեկյան իրադարձությունները մեկնաբանող բազմաթիվ ֆիլմերով հեղեղված է համացանցը, բայց նրանցից և ո՛չ մեկում զինվորականների և ժողովրդի մեջ բախման փաստ չկա՛։

Ուստի կո’չ եմ անում

այն կառույցներին, որոնց նպատակը պետք է լինի մարտիմեկյան սպանությունների բացահայտումը և օրինականության հաստատումը, ինչը բոլորիս ցանկությունն է,

Հայկական բանակի կազմավորման 27-րդ ամյակին ընդառաջ հե՛տ կանգնել ապազգային հակասահմանադրական ապօրինություններից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո», չհիմնավորված գործառույթներով և «սարքովի» քրեական հետապնդումներով չներքաշե՛լ բանակը և նրա վերնախավը քաղաքական գործընթացների մեջ և հրաժարվել բանակը քայքայող վտանգավոր գործողություններից:

Սեյրան ՕՀԱՆՅԱՆ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ

https://www.facebook.com/SeyranOhanyan88/photos/a.1506115032735539/2654758191204545/?type=3

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Բանակը, ինչպես նկարագրում է Սեյրանը,նաև առաջնորդող հրամանատարն է, և յուրաքանչյուր անհիմն, անօրինական ոտնձգություն նրանց նկատմամբ, առավել ևս՝ բարձրագույն սպայական կազմի, նշանակում է գլխատել չավարտված պատերազմի փորձություններով անցած և հաղթանակ կերտած բանակը։
    Իսկ այդքանը երբ հասկացաք պարոն Սեյրան, երբ զգացիք ցավը ձեր մաշկի վրա թե երբ կեղծ ցուցմունք էիր տալիս Արցախի հերոս եվ հաղթող հրամանատար Սամվել Բաբայանին ուրանալով:Դու լինելով կադրավոյ սպա հրաժարվեցիր Արցախի բանակը ղեկավարել իսկ խաղաղության տարինեին ուրացար քո հրամանատարին եվ մարտական ընկերներին:
    Վախկոտներին ու դավաճաններին նման վերջաբան է սպասվում:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031