«Մենք այդ հարցը լուծել ենք 94 թվականի զինադադարից առաջ, հիմա դրա շուրջ բանակցելը դա նորմալ է, որ պատերազմը, որը չի դադարել, նորից չվերսկսվի: Թող էլի բանակցեն, բայց, քանի որ մենք արդեն նախագահական երկիր չենք, մի անձի վրա չի կառուցված, մենք պառլամենտական երկիր ենք, պիտի, անպայման, պառլամենտը որոշիչ դեր ունենա՝ թե բանակցություններն ինչպես են ընթանում: Դա նշանակում է, որ մեր վարչապետի՝ արտաքին գործերի հետ կապված գործողությունները պիտի ռեգլամենտացվեն պառլամենտի կողմից»,-այսօր, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դավոսյան հանդիպմանն, ասաց «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ղեկավար, հետախույզ Վովա Վարդանովը:
Մանրամասն՝ տեսանյութում
Հունվարի 28-ին լրանալու է Հայոց բանակի 27 ամյակը, որի առիթով Վովա Վարդանովը եւ հոգեբան Սամվել Խուդոյանը «Զարկերակ» ակումբում քննարկեցին բանակի ձեռքբերումները, խնդիրները:
«Մեր բանակը 27 տարեկան չէ, երեք հազար տարեկան է, ուղղակի 27 տարի առաջ արթնացավ քնից»,- ասաց Վովա Վարդանովը: Նա լավ չի վերաբերվում այն հանգամանքին, որ բանակից հեռանում են վաստակաշատ, աշխատած ղեկավարներ, եւ ժողովուրդը դրան սովորական է վերաբերվում՝ որովհետեւ իրենց սիրելի վարչապետի որոշումով է լինում:
Հոգեբան Արմեն Խուդոյանի խոսքով, բանակում ռազմական հոգեբանների պահանջարկ ունենք: Ըստ նրա, դա այն տարիքն է, երբ բանակ գնացող երիտասարդները խոցելի են, տաքարյուն, ինքնահաստատվելու տարիքում եւ այլն, այդ պատճառով էլ խնդիրներից առաջին տեղում ինքնասպանություններն են, սպանությունները, կռիվները:
Ըստ հոգեբանի, գրեթե բոլոր երկրների բանակներում էլ հոգեբանական այդ խնդիրները կան: Մեր երկրում պատճառներից մեկն էլ, Սամվել Խուդոյանի խոսքով, այն է, որ ղեկավար կազմն էլ նախապատրաստված չէ աշխատելու այդ տարիքի երեխանի հետ: Պարոն Խուդոյանն ասաց, որ պարբերաբար քննարկումներ են տեղի բանակում առկա հոգեբանական խնդիրների շուրջ, հետազոտությունն են կատարում հոգեբանական խնդիրները պարզելու համար: Սպայական ու բարձրագույն անձնակազմը վերապատրաստվում է՝ հարկ եղած դեպքում հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար:
Պարոն Խուդոյանը գտնում է, որ հասարակության վերաբերմունքը բանակի, զինվորի նկատմամբ չափազանց դրական է, նույնիսկ զինվորապաշտություն է մեզ մոտ:
Aravot.am-ի հարցին, թե դավոսյան հանդիպումից հետո ռուսաստանյան քաղաքագետները կրկին սկսել են հողերի վերադարձի հարցը բարձրացնել, կոչ անել, որ ժողովրդին պատրաստեն խաղաղության եւ այլն, ի՞նչ ուղերձ է սա իր մեջ պարունակում, Վովա Վարդանովն ի պատասխան ասաց, որ մենք այդ հարցը լուծել ենք 93 թվականին եւ ադրբեջանական կողմը, պարբերաբար, փորձեր է կատարելու արդյունքը վերանայել. «Դա եղել է նաեւ 2016 թվականի գարնանը: Մե՛կ ռուսներին են ներքաշել այդ խնդիրն իրենց ձեւով լուծելու համար, մե՛կ ֆրանսիացիներին, մե՛կ ամերիկացիներին: Կարեւորը, որ այդ բանակցությունները տարբեր հարցերի շուրջ, չվերածվեն թղթեր ստորագրելուն, որը ինչ-որ ձեւով ինչ-որ գործողությունների է մեզ պարտադրում, որը մեր ազգին վնաս չէ, այլ՝ կործանարար է»:
Մանրամասն՝ տեսանյութում
Aravot.am-ի այն հարցին, թե միջնորդները, միջազգային կառույցների ներկայացուցիչները կողմերին կոչ են անում խաղաղության պատրաստել ժողովրդին, բայց մենք տեսնում ենք, որ հակառակորդը պատերազմի է նախապատրաստում իր ժողովրդին, դպրոցներից սկսած հակահայկական քարոզչություն է ծավալում, արդյոք այս անհամաչափությունը խնդիրներ չի առաջացնում, Վովա Վարդանովը պատասխանեց. «Միջնորդները չեն էլ հասկանում կամ չեն էլ խորանում, որ մեր ժողովուրդները տարբեր են․․․ Միջնորդների վեջը չէ, որ դու ունես նստակյաց ժողովրդի մենթալիտետ, իսկ նա ունի քոչվորի մենթալիտետ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ