Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը՝ վերջին զարգացումների մասին.
– Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ դավոսյան «անակնկալ» հանդիպումը մտահոգությունների տեղիք չի՞ տալիս: Սա արդեն երկու ղեկավարների երրորդ հանդիպումն է, վերջինն էլ 1,5 ժամ տեւեց. նրանք այդքան երկար անդրադառնում են Արցախյան հարցի նախապատմությա՞նը, թե՞, այնուհանդերձ, ստվերային բանակցություններ են գնում: Մինչ այդ էլ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները չորսժամյա հանդիպում էին ունեցել: Հենց Արցախի հասարակական շրջանակներից մտահոգություններ հնչեցին գաղտնի բանակցությունների, Կազանյան եւ Մադրիդյան սկզբունքների «վերակենդանացման» մասին: Մանավանդ, որ արտգործնախարարների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ խոսվում էր կողմերի միջեւ փոխվստահության առկայության մասին:
– Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության առաջին դեմքերի և ԱԳ նախարարների հանդիպումների մեջ զարմանալի բան չկա: Ես կարծում եմ, որ Հայաստանի շահերից է բխում որոշակի ժամանակ շահելը: Ադրբեջանն էլ փորձում է այս փուլում որոշակիորեն կառուցողական երևալ` հետագայում տապալված բանակցությունների կամ դրանց փորձի մեղքը ՀՀ-ի վրա բարդելու համար: Չգիտեմ, թե ինչքա՞ն կտևի սա, բայց հստակ է, որ մենք ժամանակի խնդիր ունենք, որոշակի մարտավարական և սպառազինություններին առնչվող խնդիրներ լուծելու համար:
– Հայաստանյան վերլուծական շրջանակներում արդեն իսկ մտահոգ են, որ Նիկոլ Փաշինյանը կարող է հատել իր իսկ գծած գիծը: Խոսքն այն մասին է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց եւ շարունակում է հայտարարել, որ Արցախի հարցի լուծման մանդատ ինքը չունի, եւ այդ հարցը լուծողը Արցախի ժողովուրդն է: Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու ի՞նչ հնարավորություններ կան, ինչո՞ւ դրանք չեն իրացվում, ինչո՞ւ են հանդիպումները շարունակվում Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ:
– Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի բանակցելու Արցախի իշխանությունների անունից և այսօր էլ դա հայտարարում է: Նա չի հայտարարել, որ ընդհանրապես չի բանակցելու Ադրբեջանի հետ: ՀՀ-ն և Ադրբեջանը բազմաթիվ հարցեր ունեն միմյանց հետ քննարկելու, ՀՀ-ն նույնպես հակամարտության կողմ է, պատերազմի ժամանակ Հայաստանը, օրինակ, Արծվաշեն է կորցրել:
– Ուշագրավ դրվագ էր նաեւ Ալիեւի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանի եւ Ջոն Բոլթոնի հեռախոսազրույցը: Տպավորություն է, որ ամերիկացի պաշտոնյան ցանկացել է «առաջին ձեռքից» հավաստիանալ, որ Նիկոլ Փաշինյանի հետ կապվող իրենց հույսերն արդարացվում են: Հայաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ պարոն Բոլթոնը, հիշեցնենք, հայտարարել էր, որ իր լեգիտիմությամբ Նիկոլ Փաշինյանը կարող է «ցավոտ հարցերի» լուծումներին մոտենալ: Ի՞նչ տպավորություններ ունեք:
– «Ցավոտ» հարցերի լուծումները նախ պետք է պատկերացնել, որ հետո ակնկալել: Ես վստահ եմ, որ ԱՄՆ-ը կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը, իսկ խաղաղ կարգավորումը բավականին բարդ գործընթաց է և մոտ ապագայում ոչ տեսանելի: Առաջիկայում ամենադրականը, որին կարելի է հասնել, դա կլինի հակամարտության սառեցումը` սպառազինությունների հավասարակշռման շնորհիվ:
– Արցախում ներքաղաքական ընդվզումներ հնարավոր համարո՞ւմ եք, ինչի արդյունքում Բակո Սահակյանը ժամանակից շուտ լքի նախագահի աթոռը: ՀՅԴ-ն իր սատարումը հայտնեց Արցախի իշխանությանը՝ հենց Արցախի հարցում մտավախություններ ունենալով: Խոսակցություններ կան, որ Սամվել Բաբայանը եւս պատրաստվում է վերադառնալ եւ կանգնել Արցախի ներկայիս ռազմաքաղաքական իշխանության կողքին: Ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում Արցախում:
– Արցախում այժմ կառավարում է ապօրինի, հակասահմանադրական իշխանություն` Բակո Սահակյանի գլխավորությամբ: Նա նախագահի աթոռին է արդեն 12-րդ տարին, այնինչ Սահմանադրությամբ՝ նույն անձը 10 տարուց ավելի նախագահ լինել չի կարող: Նրան սատարողները սատարում են ապօրինությունն ու հակասահմանադրականությունը: Ժամանակ առ ժամանակ այստեղ հակակառավարական ակցիաներ են լինում, այդ թվում՝ մեր կողմից: Մենք ողջունում ենք այս ապօրինի իշխանություններին հեռացնելու ցանկացած սահմանադրական եղանակ:
– Ադրբեջանում սոցիալական ընդվզումներ են: Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում, ինչի՞ կհանգեցնեն դրանք:
– Լավ տեղեկացված չեմ Ադրբեջանի ներքին դրությամբ, սակայն կարծում եմ, որ մենք բավականին ժամանակ ենք կորցրել ադրբեջանական հասարակության տարբեր շերտերի հետ աշխատելու հետ կապված: Առնվազն պետք է ձեռքներս զարկերակին պահենք և հասկանանք այնտեղ տեղի ունեցող զարգացումները:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
որոշ լրագրողներ (անշուշտ թէ ոչ բոլորը), աւելի խելացի, հմուտ եւ բանիմաց են, քան թէ քաղաքական գործիչների սարսափելի մեծամասնութիւնը
այս հարցազրոյցի հարցումները անհամեմատօրէն աւելի լուրջ, բովանդակալից եւ իմաստալից են, քան թէ դատարկ ու անկապ, ապշեցուցիչ «պատասխանները»
յուսանք որ այն բազմաթիւ լրագրողները որոնք մտան քաղաքական ասպարէզ, այս տեսակից են… վարչապետի օրինակը թէկուզ շատ յուսադրիչ չէ, այս իմաստով…