Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փայլակ Թադեւոսյանը՝ Հարկային նոր օրենսգրքի մասին․ «Բա որ բոլոր հարսները սիրուն են, էսքան գեշ պառավները որտեղի՞ց»

Հունվար 26,2019 15:55

Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը պարբերաբար փոփոխվում է, բայց հարկ վճարողների համար մի շարք խնդիրներ այդպես էլ չեն լուծվում, ընդհակառակը՝ տարեցտարի բիզնեսի ու քաղաքացիների համար հարկային բեռն ավելանում է: Այս կարծիքին են փաստաբան Գեւորգ Դավթյանը եւ «Հարկ վճարողների պաշտպանություն» հ/կ նախագահ Փայլակ Թադեւոսյանը: Նրանց խոսքով, հարկային օրենսգիրքը նման է այն անեկդոտին, որտեղ ասվում է. «Բա որ բոլոր հարսները սիրուն են, էսքան գեշ պառավները որտեղի՞ց: Այսինքն՝ պարբերաբար բարեփոխում են, բայց խնդիրներն այդպես էլ չեն լուծվում»:

Ըստ նրանց, կառավարության այդպիսի քաղաքականությունը հանգեցնում է գնաճի ու թանկացումների:

Այսօր նրանք «Զարկերակ» մամուլի ակումբում ասուլիս էին հրավիրել՝ ներկայացնելու, թե Հարկային օրենսգրքի փոփոխությունը ինչպիսի խնդիրներ կառաջացնի փաստաբանների, հաշվապահների, խորհրդատուների համար: Փոփոխություններով նախատեսվում է շրջանառության հարկից անցումը ավելացված արժեքի հարկով՝ ԱԱՀ-ով եւ շահութահարկով հարկման դաշտ: Ներկայում, կոնկրետ փաստաբանները հարկվում են շրջանառության հինգ տոկոսի չափով:

Փաստաբան Գեւորգ Դավթյանը գտնում է, որ այս մեխանիզմով հարկման պարագայում ոչ միայն թանկացումներ են տեղի ունենալու ծառայությունների, առեւտրի ոլորտում, այլեւ հարկահավաք կառույցին հասանելի են դառնալու փաստաբանական գաղտնիքներ, ինչն անթույլատրելի է. «Մենք խոցելի ենք դառնում, երբ թույլ ենք տալիս, որ պատկան մարմինները կարողանան մեզ մոտ կատարեն համապատասխան ստուգումներ, ինչի հիման վրա շատ բաներ են բացահայտվելու: Փաստաբանական ծառայության ընթացքում կատարված այդ վճարները հիմնականում հանդիսանում են փաստաբանական գաղտնիքներ եւ, եթե մենք թույլ տանք, որպեսզի պետական մարմինները համապատասխանաբար շատ մանրակրկիտ վերահսկողություն իրականացնեն, կստացվի, որ նրանք խոչընդոտում են մեր գործունեությանը»:

Մանրամասն՝ տեսանյութում

Փայլակ Թադեւոսյանի խոսքով, նախկին իշխանությունների վատ գործելաոճերից մեկն այն էր, որ այս կամ այն նախագիծը գաղտնի էին քննարկում, եւ առանց հանրությանը տեղեկացնելու գնում էր Ազգային ժողով, որտեղ հաստատվում: Նոր կառավարությունը գրեթե նույն կերպ է վարվում, քանի որ նախագծում փաստաբաններին, հաշվապահներին ու խորհրդատուներին առնչվող այդ փոփոխության մասին ընդամենը մի քանի օր առաջ են իմացել:

Գեւորգ Դավթյանի խոսքով, փոփոխությունների մասին ֆեյսբուքյան հարթակներից են տեղեկանում:
Փայլակ Թադեւոսյան ասաց, որ օրինակ՝ հաշվապահական խոշոր ընկերությունները, որոնք նախկինում հարկվել են շրջհարկով, իրենց հարկերը նվազեցնելու համար կազմակերպությունը տրոհել են այլ փոքր ընկերությունների, որպեսզի շեմը չգերազանցի 115 միլիոն դրամը:

Aravot.am-ի այն դիտարկմանը, թե փոփոխությունները հենց այդ նպատակով են արվում, որպեսզի իրական հարկերը վճարեն այդպիսի կազմակերպությունները, պարոն Թադեւոսյանն ի պատասխան ասաց, որ  կոռուպցիոն ռիսկերի կարգավորման խնդիրը չպետք է լինի ուրիշի հաշվին:

«Ես նույնպես կարծում եմ, որ կան կազմակերպություններ, որոնք տրոհված են գործում, օգտվում են արտոնյալ հարկային դաշտով, բայց այս կարգավորումով պետք է չանել, որովհետեւ, հակառակ դեպքում, ստացվում է, որ մենք ուրիշի հարցը, ուրիշի միջոցով ենք լուծում»:

Մանրամասն՝ տեսանյութում

Գեւորգ Դավթյանը գտնում է, որ ով մեր երկրում ով ցույց է անում նրանց պահանջները բավարարվում են, իսկ, որոնք ազնիվ պարտաճանաչ են գործում, նրանց համար հարկային բեռն ավելացնում են:

Թե՛ պարոն Դավթյանի, թե՛ Փայլակ Թադեւոսյանի համար պարզ չէ, ինչու է պետությունն անցնում հարկման ընդհանուր մոդելի, այն դեպքում, երբ կա փաստաբանական փոքր ընկերություն եւ մեծ ընկերություն: Նրանց խոսքով, ամենակարեւորը չկան հիմնավորումներ, թե ինչու են այդպիսի մեխանիզմներ սահմանվում:

«Կարեւորը վերլուծված, հետազոտված լինի նոր որոշում կայացվի։ Երկիրը պետք է հայտարարի տնտեսական զարգացման իր առաջնահերթությունները: Երկրում ձեւակերպված նպատակներ չունենք, թե ինչ ենք ուզում՝ ներդրումները խթանել, նպաստել տեխնոլոգիաների զարգացմանը կամ որ ճյուղերն ենք ուզում զարգացնել եւ այլն»,-ասաց պարոն Թադեւոսյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031