Նախօրեին պետական մի քանի առանցքային գերատեսչությունների ղեկավարներ զուգահեռաբար հայտարարեցին ծառայողական մեքենաների քանակը նվազեցնելու մասին: Այս հայտարարությունները համընկան պարգևավճարների աղմկահարույց քննարկումների հետ: Ակնհայտ է, որ իշխանությունն այս քայլով փորձեց մեղմել վարկանիշային ռիսկերը, որոնք առաջացել էին պարգևավճարների շուրջ քննարկումների հետևանքով: Ինչ-որ առումով սա, անշուշտ, գովելի է ու ցույց է տալիս, որ իշխանությունները մտահոգված են հանրային կարծիքով: Մյուս կողմից էլ, սակայն, դժվար չէ նկատել գործողությունների պարզունակությունը, երբ ցավոտ մի թեման փորձ է արվում պարզապես քողարկել հանրության ականջին հաճո մեկ այլ թեմայով: Սա էլ իր հերթին նշանակում է, որ վտանգ կա, որ կոնկրետ թերացումների հարցում ոչ միայն չեն գտնվի համակարգային լուծումներ, այլև իշխանությունը կանցնի բացառապես մանիպուլ յատիվ գործելակերպի՝ ցանկացած քննադատությունից հետո հասարակությանն ինչ-որ բան զիջելով:
Այնուամենայնիվ, այսպես կոչված, «պադավատների» ջարդը որոշակիորեն ստացավ դրական արձագանքներ: Պատճառը շատ պարզ է: Նախորդ իշխանությունների օրոք ծառայողական մեքենաների թիվն ահռելիորեն ուռճացվել էր: Այն դարձել էր նախորդ իշխանության քաղաքականության դրսևորումներից մեկը, երբ յուրայինների բանակը խրախուսվում էր բազմաքանակ ծառայողական մեքենաներով:
Նոր իշխանությունները նաև ընդդիմություն եղած ժամանակ այս մասին բազմիցս են խոսել: Պարզ էր, որ ինչ-որ մի պահի նրանք այս խնդրին անդրադառնալու էին: Վատ է, իհարկե, որ խնդրին անդրադարձը եղավ բացառապես պահի ազդեցության տակ՝ կրելով բացառապես պոպուլիստական երանգ: Չքննարկվեց, չբացատրվեց ծառայողական մեքենաների արդյունավետության հարցը: Ի վերջո, ինչքան էլ այդ մեքենաների ընկալումը հանրության մոտ բացասական լինի, պարզ է, որ դրանք ադմինիստրատիվ կառավարման օպերատիվության կարևորագույն մասն են կազմում: Հատկապես Հայաստանում, որտեղ տեղական ինքնակառավարումը թույլ է, և հաճախ կառավարության պատասխանատուներն են ստիպված հայտնվել այս կամ այն խնդրի կիզակետում:
Լեւոն ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այս համարում