86 տարեկանում մահացել է ֆրանսհայ նշանավոր երգահան, դաշնակահար, երգիչ, Միշել Լեգրանը: Այս մասին հայտնում է France 24-ը՝ վկայակոչելով նրա ներկայացուցիչին: Նրա հայրը՝ Ռայմոն Լեգրանը, Ֆրանսիայում ճանաչված դիրիժոր եւ կոմպոզիտոր էր, իսկ մայրը՝ Մարսել Տեր-Միքայելյանը, հայկական արմատներ ուներ եւ ճանաչված դիրիժոր Ժակ Հելյանի քույրն էր:
Լեգրանը միակ երգահանն է, որը երեք անգամ արժանացել է «Օսկարի» և 5 անգամ՝ Grammy-ի՝ «Լավագույն երաժշտություն» անվանակարգում: Նրա երգադարանում կա ավելի քան 100 ալբոմ, աշխատել է Ֆրանկ Սինատրայի, Շարլ Ազնավուրի, Բարբարա Սթրեյզենդի հետ:
Նրա ստեղծագործությունները տարբեր ժանրերի էին, սակայն աշխարհով մեկ նա հայտնի է որպես կինոերաժշտության հեղինակ, ընդ որում՝ ոչ միայն ֆրանսիական, այլեւ՝ ամերիկյան: Նրա գրած երաժշտությունը հնչում է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Շերբուրյան հովանոցներ», «Աղջիկները Ռոշֆորից», «Թոմաս Քրոունի խարդախությունը» եւ այլք:
Միշել Լեգրանը վերջին անգամ Հայաստանում համերգ է ունեցել 2012թ.:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ