Լրահոս
Օրվա լրահոսը

«Աննորմալ է այն ընկալումը, որ բարձր պաշտոն զբաղեցնող չինովնիկը այդքան անգամներ ավելի գումար պետք է ստանա»․ «Փաստ»

Հունվար 26,2019 11:40

ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ավելի կարևորվեց քաղաքական նոր օրակարգի ձևավորման անհրաժեշտությունը: Այս համատեքստում մատնանշվում էին ուղղությունները, այն փուլը, որոնք հստակ կմատնանշեն խոսքից գործի անցնելու ճանապարհը: «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Արտակ Կիրակոսյանը, անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, նախ մատնանշեց այն խնդիրները, որոնք կարևոր են իրենց համար:

«Մեզ համար հիմնականը Հայաստանում սոցիալական արդարության ու հանրային համերաշխության հետ կապված խնդիրներն են: Այդ խնդիրները պետք է լուծվեին տարբեր մեխանիզմներով՝ անցումային արդարադատությամբ, Հարկային օրենսգրքի և այլ փոփոխություններով: Բայց այն, ինչն այսօր լսում ենք ընտրված իշխանությունների ներկայացուցիչների կողմից, վերաբերում է հիմնականում արդյունավետ կառավարմանը: Այսինքն՝ հարցը տարվում  է նրան, որ օրենսդրական ու մնացած առումներով Հայաստանում ամեն ինչ նորմալ էր, ուղղակի ունեինք վատ կառավարիչներ, և հիմա պետք է պետական ապարատի կառավարման համակարգը օպտիմալացնել, ավելի արդյունավետ, ավելի վերահսկելի դարձնել, ինչպես նաև կոռուպցիան վերացնել, և այդ ամենից բխող արդյունքները դրական կլինեն: Բայց սա բավարար չէ: Մենք, ըստ էության, տեսնում ենք, որ այն, ինչը կոչվում էր հեղափոխություն, հիմա ուղղակի վերածվում է իշխանափոխության, որի հիմքում արդյունավետության բարելավման խնդիրներն են: Տնտեսության մասով, ըստ էության, ամբողջովին մնում է նեոլիբերալ մոտեցումը: Մնում  է այն, որ մենք պետք է ներգրավենք արտասահմանյան ներդրողներ, լավ հարկային դաշտ սարքենք, որ իրենք գան, այստեղ փող դնեն, աշխատատեղեր ստեղծեն»,–մեզ հետ զրույցում ասաց Ա. Կիրակոսյանը:

Նա շեշտեց՝ այս ամենին գումարվում են այն խնդիրները, որոնք կային ամենասկզբից և դեռ չեն լուծվում: Նա բերեց վերջին օրերին ամենաակտիվ քննարկված հարցերից մեկի օրինակը: «Խնդիրը ոչ թե կոնկրետ պարգևատրումներն են, այլ՝ թե ինչո՞ւ է դա առաջանում: Ինչ-որ նախարար, փոխնախարար կամ մարզպետ կարող է համարել, որ ինքը ցածր աշխատավարձ է ստանում, երբ իր համակարգում կան աշխատակիցներ, որոնք 100 հազար դրամից պակաս աշխատավարձ են ստանում: Ու ինքը 4, 5, 6 անգամ ավելի գումար ստանալով՝ կարող է, օրինակ, ասել՝ գիտեք ինչ, ես 14 ժամ եմ աշխատում, կամ իմ պատասխանատվությունն ավելի մեծ է, քան, ենթադրենք, մի ուսուցչինը կամ այլ մասնագետինը: Կամ կարող է ասել, որ պետք է կրկնակի, եռակի ավելի ստանա, որ արդյունավետ աշխատի: Այս իրավիճակն, ըստ էության, աննորմալ է: Աննորմալ է նախ 8 ժամից ավելի աշխատելը՝ այն օրենքի խախտում է, բացի այդ, աննորմալ է այն ընկալումը, որ բարձր պաշտոն զբաղեցնող չինովնիկը այդքան անգամներ ավելի գումար պետք է ստանա»,–նշեց նա:

Ինչպես պարգևավճարների դեպքում, այնպես էլ ընդհանուր առմամբ և բոլոր ոլորտներում կարող են խնդիրներ առաջանալ: Հարցը, ըստ մեր զրուցակցի, այլ դաշտում է:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031