Երեւանում օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող 5 երիտասարդները կալանավորվել են:
Այս մասին մեր զրույցում ասաց մեղադրյալների պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (Խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ):
Հիշեցնենք, որ աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել հունվարի 17-ին Երեւանում. Նաիրի Զարյան փողոց-Ազատության պողոտա հատվածում Opel մակնիշի 35 ZL 140 համարանիշի ավտոմեքենայից դուրս են եկել մի խումբ երիտասարդներ, հարձակվել Mercedes մակնիշի 34 ՍF 304 համարանիշի ավտոմեքենայի վրա, հարվածներ տեղացել, կոտրել ապակիները, որից հետո վրա հասած մի երիտասարդ ատրճանակով կրակոց է արձակել հեռացող Mercedes-ի ուղղությամբ:
Ի պատասխան մեր հարցին պաշտպան էրիկ Ալեքսանյանն ասաց, որ թեեւ երիտասարդնեը ընդունում են, ընդունել են դեպքը եւ զղջացել կատարվածի համար, սակայն մեղադրանքը չեն ընդունում՝ հոդվածի հետ համաձայն չլինելու պատճառով: Նրանք պնդում են, որ խուլիգանություն չեն կատարել: Ալեքսանյանը նշեց, որ իր պաշտպանյալներին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պատրաստվում է Վերաքննիչ բողոք ներկայացնել՝ պահանջելով ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ ազատ արձակել երիտասարդներին:
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում