Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երկու անգամ 40 տարեկան

Հունվար 26,2019 10:00

Ուղիղ 40 տարի առաջ ես՝ կոնսերվատորիայի առաջին կուրսի ուսանողս, մեր բուհի պատի թերթում հոդված էի գրել՝ «Տիգրան Մանսուրյանը 40 տարեկան է»: Խորհրդային պաշտոնական դասակարգմամբ 40 տարեկանը գրեթե երիտասարդ տարիք էր: Չնայած դրան՝ Մանսուրյանն այն ժամանակ մեծ ժողովրդականություն էր վայելում կինոյի համար գրված իր երաժշտության համար: Բայց մենք՝ պատանեկությանը հատուկ սնոբիզմով, դա լուրջ ժանր չէինք համարում եւ մեծարում էինք նրա «դասական գործերը»` հատկապես թավջութակի եւ կրկնակի կոնցերտները, որոնք գրվել էին 1970-ականների երկրորդ կեսին:

Խորհրդային համակարգն առանձնապես մաեստրոյի սրտով չէր, բայց հանուն արդարության պետք է արձանագրել, որ այն ժամանակ, ինչպես նաեւ 1980-ականներին Մանսուրյանի երաժշտությունը (այդ թվում՝ «դասական») ավելի հաճախ էր հնչում, քան այսօր: Նշեմ նաեւ, որ 20-րդ դարի երաժշտության ամենավերջին նորույթները՝ Մեսիանի, Բուլեզի, Քեյջի, Շտոքհաուզենի գործերը նույնպես հասու էին մեզ՝ ուսանողներիս: Այդ թվում՝ Մանսուրյանի շնորհիվ, որը մեզ դասավանդում էր «Ժամանակակից երաժշտություն» առարկան: Մեր երաժշտական ճաշակը զարգացնում էր նաեւ Մանսուրյանի ուսուցիչը եւ մեր ռեկտորը՝ Ղազարոս Սարյանը, որի շնորհիվ կոնսերվատորիան «լճացման շրջանում» ամենեւին էլ լճացած չէր:

«Սովորեք եւ սովորեցրեք մարդկանց երաժշտություն լսել»,- հորդորում էր Մանսուրյանը՝ օրինակ բերելով այն ժամանակ արդեն տարագիր դարձած ռուս կոմպոզիտոր եւ ազնվական Անդրեյ Վոլկոնսկուն, որը, նրա պատմելով, դա անում էր ժամերով եւ օրերով: «Իսկ գիտե՞ք՝ ինչ եմ ես երեկ լսել,- մի անգամ հարցրեց կոմպոզիտորը՝ բնականաբար, սպասելով, որ մենք որեւէ «ավանգարդիստի» անուն կտանք, եւ անակնկալի բերեց,- ԱԲԲԱ-ի նոր ալբոմը»:

Լայնախոհություն, կանխակալ վերաբերմունքի բացակայություն, հարգանք տաղանդի բազմատեսակ դրսեւորումների հանդեպ՝ այս հատկություններն անհրաժեշտ են ոչ միայն երաժիշտներին:
Վաղը Տիգրան Մանսուրյանը դառնում է «երկու անգամ 40 տարեկան»: Իր «երկրորդ 40-ամյակը» կոմպոզիտորն ապրել է ինտենսիվ աշխատանքի, շարունակվող փնտրտուքի մեջ: Եթե երկու բառով փորձեմ բնութագրել այս ճանապարհը, ապա դա, իմ կարծիքով, շարժում է երաժշտական լեզուն ավելի «խիստ», ավելի «ասկետիկ» դարձնելու ուղղությամբ:

Տարիքի, իմաստության հետ միասին այդ միտումը նկատվում է մեծերից շատերի մոտ՝ Բեթհովենի, Բրամսի կամ Ստրավինսկու: Օրինաչափորեն ավելի մեծ տեղ է սկսում զբաղեցնել հոգեւոր երաժշտությունը: Մանսուրյանի պարագայում դա կամուրջ է այսօրվա եւ մեր շարականների, տաղերի, Նարեկացու, Շնորհալու բանաստեղծական եւ երաժշտական երկերի միջեւ: Մանսուրյանի «Ռեքվիեմը» մի գագաթ է, որին մենք հասել ենք 21-րդ դարում՝ Կոմիտասի Պատարագից հետո: Իսկ Շնորհալու աղոթքների հիման վրա «Հավատով խոստովանիմ» շարքը դեռ շարունակվում է…

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. henri says:

    Մաէստրոյի 80-ամեակին առիթով պատանեկան դրուագ մը մնացած է յիշոութեանս մէջ ;
    Երկուքս ալ Պէյրութի /աշրաֆիէ- հայկական թաղի-՛՛Ս.Գրիգոր Լուսաւորիչ՛՛ նոյն վարժարանը
    կը յաճախէինք – Եթէ չեմ սխալիր 1946-47- ներգաղթի տարին էր ; Առաւօտ մը նիհարակազմ
    մեր պատանի դասընկեր ՛Տիգրանը, հայերէնի ուսուցիչ ՛Պ.Կարապետէն ,արտօնութիւն խնդրեց դասարան մտնել ՛՛ ՄՆԱՔ ԲԱՐՈՎ ՛՛ ըսելու իր ընկերներուն ՛քանի իրենք ընտանեօք Հայրենիք
    պիտի փոխադրուէին վերջնականապէս;Պատանիներ էինք – համոզուած էինք որ մեր ալ ՛՛ թուղթերը՛՛
    հազիւ պատրաստ ըլլային՛ պիտի հետեւէինք իրենց ;
    Ինք դարձաւ 80 ամեայ մեր հանճարեղ Մաէստրօ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐԵԱՆ
    իսկ մեր ՛՛թուղթերը՛՛ ԱՌ այսօր տակաւին չեն ելած…

  2. Անու Գօհար says:

    Հարգելի Հենրի, ինչ իմանաս, հիմա ո՞ւր ըլլալդ, եթե թուղթերդ ըլլային․․․
    Փարեկամ ունիմ Բեյրութեն։ Կ՛պատմէ, որ հորեղբայրը բազմանդամ ընտանիքով Հայաստան մեկնելեն առաջ իր հորը ապսպարել է․ ” Պատկերներուն մեջ եթե ես կանգնած իյնամ, ուրեմն անհանգիստ է, չգա՛ք։” Բոլոր պատկերները , որ կհասնին Բեյրութ ամենը նստած են, և միայն զինք կայնած է։ Բարեկամիս հայրը եկավ Ամերիկա։
    Հիմա այլ է, կրնաք հանգիստ երթալ Հայաստան, բայց․․․Ցավոք գնացքը գնացել է։ Երկայն կյանք Ձեզի։

  3. Քրիստափոր says:

    Այս մեծագույն և ազնվագույն մարդուն ծանոթ չեմ, նույնիսկ մոտկից չեմ տեսել. Տեսել և լսել եմ միայն հեռուստատեսությամբ: Երաժշտությունից էլ առանձնապես շատ բան չեմ հասկանում, բայց սիրում եմ երբեմն լսել դասական երաժշտություն:
    Եթե Գինեսի գրքում լիներ ամենաազնիվ և համակրելի մարդը կետը, կամ եթե այդպիսի մի համաշխարհային մրցանակ լիներ հաստատ առաջինը ՄԵԾ ՄԱԵՍՏՐՈ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ կլիներ:
    Ձեզ երկար տարիների կյանք:

  4. henri says:

    Ի մխիթարութիւն Անու Գոհարին ըսեմ որ թէև իմ ՛՛թուղթս՛՛ չելաւ այդ տարին բայց ես առանց ՛՛թուղթի՛՛
    60 և աւելի տարիներէ ի վեր կը ծառայեմ ժողովուրդիս և հայրենիքիս կրթական և մշակոյթի ճամբով և նոյնքան տարիներէ ի վեր ներկայ եմ Հայրենի հողին վրայ ջանալով օգտուիլ անոր մտաւորական -մշակութային բարիքներէն իմ համեստ ներդրումի բաժինն ալ փորձելով բերել ;

  5. Քաղաքացի says:

    Տիգրան Մանսուրյանը երևույթ է, ոչ միայն որպես երաժիշտ, այլ որպես մարդ ևս: Ասել, որ նա անչափ համեստ և տաղանդավոր է, համակրելի և կիրթ, գրեթե ոչինչ չասել; Լսելով նրա դատողությունները գրականության, երաժշտության մասին, նրա հիշողությունները անցած ճանապարհի մասին, ընկնում ես մի աշխարհ, որտեղ տիրում է պարզությունը, գեղեցկությունը և սերը: Նա մեր ժամանակակիցն է, շրջում է նույն փողոցներով (հաճախ տեսնում եմ նրան օպերայի շրջակայքում), շնչում է նույն օդով, սակայն նրա նման մարդիկ ինչպես այլմոլորակայիններ լինեն: Առողջություն, ՄԱԷՍՏՐՈ. Շնորհակալ ենք, որ Դուք կաք:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031