Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե այսօր Նիկոլ Փաշինյանը որոշի հողեր տալ Ադրբեջանին, մենք՝ հայ ժողովուրդը, դա թույլ կտայի՞նք. «Ազգ»

Հունվար 26,2019 10:40

Երեկ, երբ Հայաստանում ամեն ինչ որոշում էր մեկ անձ եւ այդ մեկ անձը Սերժ Սարգսյանն էր, ժողովրդի մի մասը վստահ էր, որ հողեր ենք տալիս: Հիմա, երբ Հայաստանում ամեն ինչ որոշում է մեկ անձ եւ այդ մեկ անձը Նիկոլ Փաշինյանն է, կրկին ժողովրդի մի մասը վստահ է, որ հողեր ենք տալիս: Ընդ որում, ոչ երեկ ենք ունեցել հող տալու փաստեր, ոչ էլ այսօր ունենք: Այո՛, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Աղդամն իր հայրենիքը չէ, բայց Աղդամն այսօր Արցախի Հանրապետության մաս է, չէ՞:

Այո՛, Նիկոլ Փաշինյանը մի տեսակ էր նստած Իլհամ Ալիեւի կողքին՝ Դավոսում, դեռ ավելին՝ փողկապը ծուռ էր, բայց եթե ուղիղ փողկապով եւ ժպիտով հնարավոր լիներ լուծել Ղարաբաղյան հարցը, ապա այն վաղուց լուծած կլինեին նախագահներ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը եւ Սարգսյանը, որոնց բոլորին էլ հայր, ապա որդի Ալիեւների կողքին ժպտալիս տեսել ենք: Եվ ուրեմն, ո՞ւր են հող տալու փաստերը:

Չէ, ես հասկանում եմ, որ Դավոսում կամ էլ աշխարհի ցանկացած այլ քաղաքում՝ հատկապես հակամարտող երկրների ղեկավարների ժամուկեսանոց հանդիպում կազմակերպելու համար պետք է մի քանի ամիս առնվազն աշխատել, հետեւաբար Դավոսում Փաշինյան-Ալիեւ հանդիպումը հայաստանյան ցույցերի պես ինքնաբուխ չի եղել, ես նաեւ հասկանում եմ, որ Փաշինյանն ու Ալիեւը չեն կարող այնքան ազատ ժամանակ ունենալ, որ ժամուկես մտքեր փոխանակեն Ղարաբաղյան հիմնահարցի պատմությունից, ոչ թե ապագայից, ես հասկանում եմ նաեւ, որ Դավոսում Փաշինյանն ու Ալիեւը հանդիպեցին երրորդ անգամ, 3-ն էլ ոչ ֆորմալ եւ, ուշադրություն, առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցության:

Եւ վերջապես, ես հասկանում եմ, որ այդ հանդիպումից հետո Փաշինյանը Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, «Վաշինգտոնի բազե» անունով հայտնի Ջոն Բոլթոնի հետ հեռախոսազրույցում չի կարող խոսած չլինել Ղարաբաղյան հիմնահարցից, մանավանդ որ այդ հարցը լուրջ խոչընդոտ է տարածաշրջանում ամերիկյան պլանների իրագործմանը: Դուք էլ հասկանում եք, որ մեծ քաղաքականության մեջ մանրուքներ չեն լինում, եւ այնտեղ փողկապի յուրաքանչյուր ծալքը կարեւոր կարող է լինել:

Բայց եթե երեկ Սերժ Սարգսյանը, այսօր՝ Նիկոլ Փաշինյանը որոշեր կամ որոշի հողեր տալ Ադրբեջանին, ինչը, ըստ ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովի տեղի է ունենալու այս տարվա հունիսին, մենք՝ նկատի ունեմ հայ ժողովուրդը, դա թույլ կտայի՞նք, կամ տալո՞ւ ենք: Սա ամենակարեւորն է, որովհետեւ եթե, ինչպես Փաշինյանն է ասում՝ երկրի տերն այլեւս քաղաքացին է, ուրեմն քաղաքացին նաեւ հողի տերն է, այնտեղ ինքնորոշվելու իրավունքի իրացման տերն է: Եվ ուրեմն, մենք ունե՞նք ազգային, կներեք, բայց քննարկում, թե ի՞նչ ենք ուզում Ղարաբաղյան հարցում…

 

Հովիկ ԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031