Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ներդրումների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ցուցանիշները ոչ միայն հպարտանալու պատճառ չեն, այլ ընդհակառակը․ «Ազգ»

Հունվար 26,2019 10:10

Անցած 9-10 ամիսների ընթացքում վարչապետի կողմից նախաձեռնված աննախադեպ արշավը տնտեսվարողների դեմ՝ իբր թե կոռուպցիայի դեմ պայքարելու պատրվակով, բավականին բացասական ընկալում է ձեւավորել ներդրումների առումով: Հիշեցնենք, որ դիմակավորված ստուգումներն ու ընկերությունների գործարար համբավը վարկաբեկող պաշտոնական կառույցների հաղորդագրությունները առնչվեցին ինչպես տեղական ներդրողների ընկերություններին, այնպես էլ օտարերկրյա՝ այդ թվում այնպիսի համակարգային ներդրողներին, ինչպիսիք ռուսական «Գազպրոմ Արմենիան», «Հարավկովկասյան երկաթուղին» կամ ֆրանսիական «Վեոլիան» են:

Վերջին տարիների խոշորագույն՝ Ամուլսարի 370 մլն դոլարանոց ներդրումային ծրագիրն էլ կասեցված է արդեն 8 ամիս, իսկ կառավարությունը ոչ մի կերպ չի պաշտպանում ներդրողին: Այս ծրագրի կասեցման բացասական արձագանքի մասին խոսել են մասնավորապես Հայաստանում ԱՄՆ եւ ԵՄ դեսպանները: Հավելենք, որ Երեւանի նոր ՋԷԿ-ի եւ Շնողի ՀԷԿ-ի խոշոր ներդրումային ծրագրերը, որոնցից առաջինը ամբողջությամբ համաձայնեցված էր Հայաստանի նախկին կառավարության հետ, իսկ երկրորդը գտնվում էր այդ փուլում, չիրագործվեցին եւ այժմ էլ խոսքերից այն կողմ դեռ գործնական տեղաշարժ չկա:

Եվ ահա, ներդրումների այս աղետալի եւ տնտեսական աճի սրընթաց անկման ֆոնին, Նիկոլ Փաշինյանը արել է հետեւյալ գրառումը.

«ՀՀ վճարային հաշվեկշռի տվյալներով, 2018 թվականի երրորդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017 թվականի նույն եռամսյակի համեմատ: Այսպես, 2018-ի երրորդ եռամսյակում ՕՈՒՆ-ների զուտ ներհոսքը (պարտավորությունների զուտ ստանձնումը) կազմել է 75.5 մլն դոլար՝ 2017 թվականի 50.9 մլն դոլարի դիմաց: Սա էլ այդ նույն ցուցանիշի դինամիկան է 2017-2018թթ. ընթացքում՝ ըստ եռամսյակների:

2017 թ. I եռամսյակ՝ 68 մլն դոլար

2017 թ. II եռամսյակ՝ 29.1 մլն դոլար

2017 թ. III եռամսյակ՝ 50.9 մլն դոլար

2017 թ. IV եռամսյակ՝ 101.8 մլն դոլար

2018 թ I եռամսյակ՝ 94.2 մլն դոլար

2018 թ. II եռամսյակ՝ 8.9 մլն դոլար

2018 թ. III եռամսյակ՝ 75.5 մլն դոլար

Ի դեպ, սա այն նույն ցուցանիշն է, որի՝ երկրորդ եռամսյակի նվազման մասին հաճույքով ու անդադար խոսում էին մեր ընդդիմախոսները: 2018 թվականի չորրորդ եռամսյակի տվյալները (վճարային հաշվեկշիռը) դեռ չեն հրապարակվել: Դուխով»:

Ակնհայտ է, որ ներդրումների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ցուցանիշները ոչ միայն հպարտանալու պատճառ չեն, այլ ընդհակառակը:

Առաջին հերթին նշենք, որ ներդրումները մինչ իրականություն դառնալը, անցնում են երկար ճանապարհ: Հետեւաբար, 2017 թ.-ի եւ 2018 թ.-ի առաջին եռամսյակի ներդումների աճը նախորդ կառավարության ջանքերի արդյունքով է եղել: Ի դեպ, այդ ընթացքում ներդրումների աճը շարունակական է եղել եւ հատկանշական է, որ 2018 թ.-ի առաջին եռամսյակում՝ տնտեսապես ոչ ակտիվ ժամանակաշրջանում, ներդրումների ծավալը հասել է 94,2 մլն դոլարի:

Սակայն, եթե ներդրումներ ներգրավելու համար երկար ժամանակ է պահանջվում, ապա դրանք կարող են դադարել օրերի ընթացքում: Պատահական չէր, որ 2018 թ.-ի երկրորդ եռամսյակում, երբ Հայաստանը ցնցվում էր «սիրո եւ հանդուրժողականության» հեղափոխությունից, ներդրումները նվազել են 11 անգամ:

2018 թ.-ի երրորդ եռամսյակում ներդրումներն իսկապես ավելացել են: Սակայն դրանք որեւէ կապ չունեն նոր կառավարության հետ: Դրանք այն ներդրումներն են, որոնք, ինչպես արդեն նշվեց, սկսվել են 2017 թ.-ից եւ կասեցվել 2018 թ.-ի երկրորդ եռամսյակում: Վարչապետը չի կարող նշել գոնե մեկ ներդումային ծրագիր, որը ներգրավվել է իր կամ իր կառավարության ջանքերով: Այդպիսի ներդրում պարզապես չկա:

Եվ մի հանգամանք, որ հաստատ չեն նկատի վարչապետի ամեն ասածից հիացողներն ու նրան փառաբանողները, այն է, որ չնայած 2018 թ.-ի ներդրումների աճին, այն շարունակում է ցածր մնալ առաջին եռամսյակի համեմատ: Ավելին, անգամ երկրորդ եւ երրորդ եռամսյակների ներդրումները միասին վերցրած չեն հասնում առաջին եռամսյակի ներդրումների չափին: Նիկոլ Փաշինյանի վարչապետության վեց ամիսներին միասին վերցրած ներդրումները կազմել են 85,4 մլն դոլար, իսկ Կարեն Կարապետյանի վարչապետության առաջին եռամսյակում, ինչպես նշվել է, 94,2 մլն դոլար:

 

Մանուկ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031