«Գլխավոր մարտահրավերը՝ ժողովրդավարությունը տնտեսապես ամրակայելն է»
Այս տարի առաջին անգամ Հայաստանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 1971-ից անցկացվող եւ մի քանի օրվա ընթացքում աշխարհի քաղաքական ու տնտեսական ազդեցիկ գործիչների մասնակցությամբ դավոսյան համաժողովը՝ տնտեսական ու քաղաքական պայմանավորվածությունների ձեռքբերման կարեւոր հարթակներից մեկն է, որը Փաշինյանը օգտագործեց՝ ունենալով ակտիվ շփումներ համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Հունվարի 23-ին Փաշինյանը համաժողովի շրջանակում որպես բանախոս մասնակցեց՝ «Ձեւավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով թեմատիկ քննարկմանը, որում, մասնավորապես, ասել է. «Եվ հիմա մենք մեծ հաջողություն ենք գրանցել ժողովրդավարության հարցում, բայց մենք նաեւ մեծ մարտահրավերներ ունենք, ու ամենամեծ մարտահրավերը մեր ժողովրդավարությունը տնտեսապես ամրապնդելն է։ Գիտեք, որ մենք երկար ժամանակ մեծ խնդիր ունեինք՝ կապված ընտրակաշառքի հետ։ Երբ մարդիկ իրենց աղքատության պատճառով ստիպված էին ընտրակաշառք վերցնել։ Իհարկե, հեղափոխությունը մարդկանց ազատեց այդ պարտավորությունից։ Բայց հիմա մենք պետք է մեր քաղաքացիներին ավելի ուժեղ եւ անկախ դարձնենք տնտեսական առումով։ Գիտեք, որ կա փոքր, միջին բիզնես, բայց մենք պատրաստվում ենք ստեղծել նոր կատեգորիա, ինչպիսին միկրոբիզնեսն է եւ ազատել նրանց հարկերից՝ հույսով, որ կկարողանանք խրախուսել մեր ժողովրդին, բացատրել մարդկանց, որ ոչ միայն կառավարությունն է պատասխանատու աղքատության հաղթահարման համար, այլ նաեւ իրենք պետք է ինչ-որ բան անեն։ Մենք ցանկանում ենք խրախուսել մեր ժողովրդին, բայց, իհարկե, նաեւ ստեղծել իրական հնարավորություններ՝ պայքարելու սեփական աղքատության դեմ։ Այսպիսով, իմ պատասխանն է, որ մեր գլխավոր մարտահրավերը մեր ժողովրդավարությունը տնտեսապես ամրակայելն է, եւ մենք հույս ունենք ներգրավել նոր օտարերկրյա ներդրումներ, որովհետեւ մենք կարողացանք պայքարել կոռուպցիայի դեմ, կարողացանք հիմնել իրական օրենքի պահանջներ, եւ մենք պատրաստվում ենք պարբերաբար պարզեցումներ կատարել ավելի շատ ներդրումներ գրավելու նպատակով»։
Փաստը, որ Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին՝ արդեն իսկ խիստ դրական է: Առավել կարեւոր է լինելու, թե ժողովրդավարությունը տնտեսապես ամրապնդելու ճանապարհին գործող կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկելու կարճաժամկետ կտրվածքով: Վատ չէր լինի, իհարկե, եթե Փաշինյանն արդեն այս համաժողովում ներկայացներ, թե անցած ինն ամիսների ընթացքում իր ղեկավարած կառավարությունը կոնկրետ ինչ արդյունքներ է արձանագրել՝ տնտեսական զարգացման ճանապարհին՝ միջին բիզնեսի գործունեությանը նպաստելուց, մինչեւ համակարգային կոռուպցիան վերացնելու հարցում:
Ասել, որ մենք արդեն պայքարել ենք կոռուպցիայի դեմ՝ դա միամտություն է: Կոռուպցիաներն առաջադեմ պետություններն ամբողջապես դեռ չեն կարողացել արմատախիլ անել: Իսկ աղքատության հաղթահարման ամենակարճ ճանապարհը փոքր ու միջին բիզնեսի ազատությունները, իրավունքները չսահմանափակելն է: Միայն այդ մթնոլորտը կարող է մեր պետությանը գրավիչ դարձնել համաշխարհային ճանաչում ունեցող բրենդների համար եւ այդ դեպքում միայն մենք կարող ենք ակնկալել մեծ ներդրումներ:
«Բիզնեսի համար ստեղծվել է իրական մրցակցային միջավայր»
Դավոսի համաշխարհային համաժողովի կայքում հրապարակված ծավալուն հոդվածում Փաշինյանը խոսել էր հեղափոխության, մարտահրավերների եւ ձգտումների մասին: Հայաստանյան համաժողովրդական շարժման դրդապատճառների մասին նա գրել էր. «1988-ին Հայաստանը եղել է առաջին երկրներից մեկը, որը խարխլել է կոմունիստական ռեժիմի հիմքերը՝ համազգային ժողովրդական շարժման միջոցով»: «Երկրորդ՝ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող, սահմանափակ բնական ռեսուրսներով ու բարդ աշխարհաքաղաքական տարածաշրջանում գտնվող երկիր է, որը անվտանգության լուրջ մարտահրավերներ ունի»: Միակ ելքը ժողովրդավարության հաստատումն էր, իսկ դրան հասնելը, Փաշինյանի խոսքերով, ժամանակ ու մտածողության փոփոխություն էր պահանջում։ «Առաջին քայլերն արված են։ Ժողովրդի աննախադեպ աջակցությամբ Հայաստանի լեգիտիմ կառավարությունը հաստատեց բարեփոխումների հավակնոտ ծրագիրը՝ կոռուպցիայի դեմ պայքար, մենաշնորհների վերացում, տնտեսական ու քաղաքական հավասար մրցակցության ապահովում, աղքատության հաղթահարում, անկախ դատական համակարգ»։ Խոսելով տնտեսական ոլորտի մասին՝ Փաշինյանը հավաստիացնում է՝ բիզնեսի համար ստեղծվել է իրական մրցակցային միջավայր:
Եզրափակելով հոդվածը՝ Նիկոլ Փաշինյանը գրել էր. «Մենք վճռական ենք՝ հասնելու մեր վերջնական նպատակին՝ ունենալ կայուն, ժողովրդավարական եւ տնտեսապես զարգացող երկիր` հիմնված օրենքի գերակայության եւ հաշվետու կառավարման սկզբունքների վրա: Մենք ձախողվելու իրավունք չունենք: Մենք պարտավոր ենք արդարացնել մեր ժողովրդի վստահությունը եւ պաշտպանել ժողովրդավարությունը»։
«Ակնկալում ենք ԵՄ-ի աջակցությունը»
Հայաստանի համար ամենակարեւոր բարեփոխումները կապված են տնտեսության հետ, քանի որ այժմ մենք պետք է քաղաքական հեղափոխությունը վերածենք տնտեսականի, Euronews-ի հետ զրույցում նշել է Փաշինյանը: «Դրա համար մենք պատրաստվում ենք պարզեցնել կարգավորումները, որպեսզի Հայաստանում հեշտանա ցանկացած բիզնես գործունեություն: Մյուսը հարկային օրենսգրքի փոփոխությունն է. մենք պատրաստվում ենք Հայաստանում նվազեցնել եկամտահարկի եւ շահութահարկի մակարդակը՝ հայկական բիզնես միջավայրը եւ ներդրումային միջավայրը ներդրումների համար ավելի գրավիչ դարձնելու: Երրորդ, խրախուսել աղքատներին, ինչ-որ բան անել՝ հաղթահարելու աղքատությունը Հայաստանում: Եվ այժմ մենք պատրաստվում ենք ստեղծել նոր սեկտոր տնտեսության մեջ. դուք գիտեք՝ գոյություն ունի փոքր բիզնես, միջին բիզնես, եւ մենք պատրաստվում ենք ստեղծել իրավականորեն նոր սեկտոր՝ միկրոբիզնես, եւ այդ բիզնեսն ազատել բոլոր հարկերից: Այդ ճանապարհով մենք պատրաստվում ենք խրախուսել մեր մարդկանց՝ քայլեր ձեռնարկել՝ սկսելու որոշակի բիզնես գործունեություն եւ օգնելու կառավարությանը հաղթահարել աղքատությունը, որն ամենամեծ խնդիրն է Հայաստանում»,- ասել է Փաշինյանը:
Նա նշել է, որ Համապարփակ եւ խորը համագործակցության համաձայնագիր ունենք ԵՄ-ի հետ, եւ ՀՀ-ն պատրաստվում է իրականացնել այդ համաձայնագիրը եւս: «Այս համաձայնագիրը Հայաստանում սոցիալական եւ քաղաքական կյանքի բարելավման մասին է, եւ մենք Համապարփակ եւ ընդլայնված գործունեության համաձայնագրի, ԵՄ-ի հետ համագործակցության օգնությամբ պետք է ուժեղացնենք հայկական ժողովրդավարությունը ինստիտուցիոնալ առումով: Այժմ հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացիները ոգեւորած են Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական հեղափոխությամբ, բայց մենք պետք է ամրապնդենք ժողովրդավարությունը ինստիտուցիոնալ առումով, եւ մենք ակնկալում ենք ԵՄ-ի աջակցությունը այդ հարցում»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ հենց այդ առումով համաձայնագիրը կարեւոր առաջնահերթություն ունի Հայաստանի համար:
«Հայաստանը պետք է շարունակի իր զարգացման առաջընթաց ուղին»
Մինչեւ Դավոս մեկնելը հունվարի 21-ին Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում աշխատանքային ճաշ էր ունեցել Շվեյցարիա-Հայաստան առեւտրային պալատի ներկայացուցիչների եւ շվեյցարացի գործարարների հետ: Հանդիպմանը ներկա էր գտնվել նաեւ Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախկին նախագահ Դոմինիկ դե Բումանը: Փաշինյանը հանդես էր եկել ելույթով:
Փաշինյանը, մասնավորապես, նշել էր, որ Հայաստանը կանգնած է տնտեսական բարգավաճումն ու լճացումը բաժանող խաչմերուկում: «Այսօր մեր կառավարությունն աննախադեպ բարձր լեգիտիմություն եւ հանրային աջակցություն ունի: Այսպիսի բարձր հանրային վստահության հիման վրա Հայաստանի կառավարությունն ընդունել է հավակնոտ բարեփոխումների օրակարգ: Որպես արդյունք, Հայաստանում իրավիճակը, ըստ էության, տարբերվում է նրանից, որ մենք ունեինք հեղափոխությունից առաջ: Մասնավորապես, կոռուպցիայի մակարդակը կտրուկ նվազել է. մենք գրեթե մերժել ենք մենաշնորհները. շատ լուրջ միջոցներ են ձեռնարկվել անկախ դատական համակարգի ամրապնդման, իրավունքի գերակայության եւ բոլոր տնտեսական ու քաղաքական դերակատարների համար խաղի հավասար կանոնների ստեղծման համար: Չնայած կարեւոր ոլորտներում արձանագրված նշանակալի առաջընթացին, ինչպիսիք են շուկայի մրցունակության ապահովումը եւ պետական հատվածում կոռուպցիայի վերացումը, դեռեւս մեծ աշխատանք ունենք անելու: Այսօր մենք պետք է կատարենք մեկ այլ հեղափոխություն` տնտեսական հեղափոխություն, մեր ժողովրդի վստահությունը եւ ակնկալիքներն արդարացնելու համար»:
Փաշինյանը հավելել էր, որ ՀՆԱ-ի աճը վերջին տարիներին խոստումնալից էր. 2017թ. արձանագրված 7.5 տոկոս աճը պահպանվել է 2018 թ. ընթացքում, իսկ կանխատեսումները գերազանցում են 5 տոկոսը, Հայաստանի արժույթի փոխարժեքը եւ գնաճը մնացին կայուն, դրանով իսկ ի ցույց դրվեց մեր տնտեսության կայունությունն արտաքին եւ ներքին ցնցումների նկատմամբ: 2017թ. ՀՆԱ-արտահանում հարաբերակցությունն անցավ 37 տոկոսի շեմը եւ 2018-ին՝ «շարունակվեց ռեկորդային ցուցանիշներով»: Այնուամենայնիվ, նա հավելեց, որ՝ «խոստումնալից միտումները չեն կարող բավարար լինել, եթե ցանկանում ենք ապահովել Հայաստանի արժանապատիվ տեղը համաշխարհային տնտեսությունում»:
Նա համարում է, որ մեր ապագա աճի անկյունաքարը կլինի ներդրումային քաղաքականությունը՝ ուղղված արդյունավետ աշխատատեղերի ստեղծմանն ու մրցունակ արտահանմանը. «Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ հայ ժողովուրդը ցանկանում է ավելի շատ աշխատանք եւ ավելի քիչ կոռուպցիա: Արդյունքները կարելի է մեկնաբանել հետեւյալ կերպ. Հայաստանի քաղաքացիներն այլեւս չեն ցանկանում եկամուտների վերաբաշխում, նրանք հոգնել են արդեն: Հայերն ուզում են տեսնել մեր հայրենիքի տնտեսական աճն ու բարգավաճումը, վաստակելու եւ հարկ վճարելու իրենց ունակությունն ու հնարավորությունը»:
Փաշինյանը հատնեց, որ Հայաստանի կառավարությունը որդեգրել է. «ա. Բաց դռների քաղաքականություն օտարերկրյա ներդրողների նկատմամբ. մեր քաղաքականության նշանաբանն է՝ հարստանալ եւ հարստացնել: բ. Ներդրողների կամքի եւ կարիքների վրա հիմնված հարկային օրենսգիրք, գ. Արտահանման եւ արդյունաբերական արդիականացման աջակցության այնպիսի մեխանիզմներ, ինչպիսիք են հարկային ու մաքսային խթանները. դ. Քաղաքականություն, որը կապահովի բիզնեսի համար անաչառ եւ նվազ սահմանափակումներով կարգավորիչ միջավայր: ե. Մենք ապահովել ենք, որ մեր երկրում գործող տնտեսական գործակալներին հասանելի լինեն աշխարհի շուկաները: (Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է եւ GSP-ի շահառու (մի շարք երկրների հետ, ներառյալ Շվեյցարիան) եւ GSP+ (ԵՄ-ի հետ): զ. Եվ, իհարկե, մենք երաշխավորում ենք կապիտալի ազատ տեղաշարժն ու սեփականության իրավունքի պաշտպանությունը (ներառյալ մտավոր սեփականության)»:
Ներկայացնելով կառավարության գերակայություններն ըստ ոլորտների՝ Փաշինյանն արձանագրեց, որ հռչակած նպատակներին կարող ենք հասնել միայն կառավարության եւ Հայաստանի ներսում ու դրանից դուրս գտնվող մեր մասնավոր եւ հանրային գործընկերների համակարգված ջանքերի շնորհիվ: «Միակ անսակարկելի պայմանն այն է, որ Հայաստանը պետք է շարունակի իր զարգացման առաջընթաց ուղին: Մենք ունենք ներուժ, մենք ունենք հնարավորություններ եւ ունենք քաղաքական կամք տարածաշրջանային եւ գլոբալ տնտեսական խաղացող դառնալու համար: Խնդիրն այն է, թե արդյոք դուք պատրաստ եք միանալ մեզ եւ ընկերակցել մեզ այս հետաքրքիր, բայց ոչ դյուրին ճանապարհին: Եթե պատրաստ եք ձեր քայլը կատարել, եկե՛ք Հայաստան, հարստացե՛ք եւ հարստացրե՛ք ուրիշներին»:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 25.01.2019