Լրահոս
Օրվա լրահոսը

«Զուտ պաշտոնի խնդիր չէ». Մարզահամերգային համալիրի տնօրենի հավակնորդ

Հունվար 25,2019 22:06

Հունվարի 31-ին տեղի է ունենալու «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթը: Թեկնածուները 20-նն են: Պետգույքի կառավարման վարչությունում որոշել են թեկնածուների անունները գաղտնի պահել`մրցույթի արդարությունն ու թափանցիկությունն ապահովելու համար: Բայց, թեկնածուներից երկուսի անունն արդեն հայտնի է. EX-production ընկերության տնօրեն Գևորգ Աղաբալյան եւ հայտնի երգիչ-երգահան Եղիշե Պետրոսյան:

Խոսակցություններ կան, որ Գեւորգ Աղաբալյանը թավշյա հեղափոխության օրերին տեխնիկական լուրջ աջակցություն է ցուցաբերել Նիկոլ Փաշինյանին՝ տրամադրելով տեխնիկա: Aravot.am-ի հետ զրույցում Գեւորգ Աղաբալյանը հաստատեց այդ լուրերը: «Այո, նման աջակցություն ցուցաբերել ենք, և այս ամենը դրա տրամաբանական շարունակությունն է: Յուրաքանչյուր անձ, որ այդ օրերին դուրս է եկել հարթակ, ունեցել է իրեն հուզող խնդիրներ ու դրանց լուծումներն է ակնկալել: Նույնը և մենք. ոլորտում տիրող իրավիճակը՝ պետական միջոցառումների մրցույթների մենաշնորհային կարգավիճակը, դաշտում ոչ լիարժեք մրցակցությունը մեզ ստիպեց, որ մենք միանանք շարժմանը և աջակցենք ամենօրյա ռեժիմով: Եվ ես մեծ հույս ունեմ, որ մենք իսկապես կունենանք արդար մրցակցային պայմաններով մրցույթ»,- ասաց մեր զրուցակիցը:

Գեւորգ Աղաբալյանը հավաստիացնում է`իրենք Մարզահամերգային համալիրի արդիականացման հետ կապված  հստակ ծրագիր ունեն. «Բավականին երկար մտորելու ժամանակ ունեինք, թե արդյոք ճիշտ է մասնակցելը, քանի որ ունենք մեր սեփական կազմակերպությունը, այսինքն այստեղ զուտ պաշտոնի խնդիր չէ: Արդյունքում, սակայն, մասնակցելու որոշում կայացրեցինք, քանի որ կարող ենք օգտակար լինել ՄՀՀ-ին, որը մեր ոլորտի կարևորագույն օբյեկտներից մեկն է»:

Գեւորգ Աղաբալյանը կարծում է, որ մրցույթին մասնակցող 20 թեկնածուներից իրենք հաղթելու շանսեր ունեն: «Հայտը ներկայացրել եմ վերջին օրերին, և փաստաթղթերն ընդունող անձիք բավականին ուրախացան՝ նշելով այն հանգամանքը, որ մինչ օրս չեն ունեցել ոլորտին ծանոթ մարդու թեկնածություն»,- ասաց մեր զրուցակիցը`հավելելով, որ EX-production ընկերությունը շուրջ տաս տարի գործունեություն է ծավալում հենց այդ ոլորտում՝ միջոցառումներ, համերգներ, պետական այցեր. «Մենք բավականին մեծ փորձառություն ունենք, իրականացրել ենք նաև պետական մակարդակի միջոցառումներ ու այցեր: Օրինակ, Հռոմի Պապի այցը Հայաստան, ՀՀ նախագահի ու Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողություններ և այլն: Սա նշանակում է, որ մենք բավականին լավ ծանոթ ենք թե ոլորտին, թե առկա խնդիրներին ու բացթողումներին, և մեր ծրագիրը արդիական է ու իրատեսական»:

Մեր զրուցակիցը գտնում է, որ մրցույթը թափանցիկ եւ արդար է լինելու. «Ավելի քան համոզված եմ դրանում: Հակառակը շատ ծանր կլինի ընկալել, հատկապես բարոյական առումով, քանի որ դժվար կլինի հավատալ, որ մեր երկրում արդարություն այլևս կարող է չլինել»:

Խոսելով իրենց ծրագրերի մասին` ՄՀՀ տնօրենի հավակնորդն ասաց, որ հիմնական սկզբունքը ՄՀՀ գումարային զգալի հոսքի ապահովումն է. «Սա, թվում է, պրիմիտիվ լուծում է, բայց դե դա է աշխատող ու արդյունավետ տարբերակը: Դրա համար առաջնային, ՄՀՀ-ն պետք է տեխնիկապես համալրվի ու նորացնի տեխնիկական միջոցները, որոնք թույլ կտան համալիրին ավելի ճկուն լինել շուկայում: Այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ, բացի վարձակալության ծախսերից, համերգը կազմակերպող կազմակերպությունը ստիպված է լինում տեխնիկա վարձակալել մասնավորից, ինչը էապես բարձրացնում է ինքնարժեքը: Այս իրավիճակը պետք է շտկվի առաջին հերթին: Եվ մենք կարող ենք դա անել, քանի որ լուծումը հստակ պատկերացնում ենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031