Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե ինքը դուրս գա ու հանրության մեջ լինի, կլինի ցավ, կլինի վիշտ, հիշեք». Սպանվածի քույրը՝ Մհեր Ենոքյանի մասին

Հունվար 25,2019 18:45

Aravot.am-ը Իոսիֆ Աղաջանովի սպանության համար ցմահ անազատության դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու հետ կապված սպանվածի քրոջը՝ Ելենա Աղաջանովային հարցրեց՝ դուք ինչպե՞ս կվերաբերվեք, եթե ամեն դեպքում, ի հեճուկս ձեր բերած փաստարկների, Մհեր Ենոքյանին ներում շնորհեն, ու նա հայտնվի ազատության մեջ:

Նա պատասխանեց. «Ես հուսով եմ՝ երկրի ղեկավարությունը ճիշտ որոշում կկայացնի, եւ այդ որոշումը կբխի ազգի, հանրության շահերից: Սա այնքան մեր խնդիրը չի: Մեր երեխային մենք էլ չենք վերադարձնի, բայց ես նախապես խորը ցավում եմ բոլոր այն հնարավոր վշտի, ցավի, արյան համար, որը կլինի: Իսկ դա կլինի, եթե ինքը դուրս գա: Եթե ինքը դուրս գա ու հանրության մեջ լինի, արյուն կլինի, կհիշեք, կտեսնեք: Աստված չտա»:

Ճշտեցինք՝ այսինքն, կարծում եք նորից կփորձի նման բա՞ն անել՝ նա պատասխանեց. «Ուրիշ ձեւերով, բայց մի բան կլինի հաստատ: Կլինի ցավ, կլինի վիշտ:  Ես չեմ ասում միայն մեր մասով: Միայն մեր մասին չի խոսքը, տարբեր մարդկանց»:

Երբ հարցրեցինք՝ արդեն բավականին երկար ժամանակ է անցել՝ ավելի քան 20 տարի, արդյո՞ք ժամանակն ինչ-որ չափով չի մեղմել ձեր ցավը, որ այսօր դուք կարողանաք ներել ու Ենոքյանին տեսնել ազատության մեջ, Ելենա Աղաջանովայի պատասխանը կարդացինք աչքերում: Արցունքները սկսեցին հոսել՝ ցույց տալով, որ վերքը դեռ թաց է, նա տեւական ժամանակ չէր կարողանում հաղթահարել հուզմունքը, որ պատասխաներ. «Ոչ, ցավը չի մեղմացել: Անցել է 22,5 տարի, ոչ, դա հնարավոր չի: Ես չեմ պատկերացնում ինչպե՞ս կարող է նման ցավը մեղմանալ, ուզում է՝ անցնի 100 տարի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031