Լրահոս
Օրվա լրահոսը

1 մլն 120 հազար եվրո՝ Հայաստանի գյուղերից արտագաղթը կանխելու համար․ Եվրամիության նոր ծրագիրը

Հունվար 25,2019 18:40

Տեղական տուրիզմն ու բացթօյա ժամանցը զարգացնելու, կյանքն աշխուժացնելու նպատակով Եվրամիության կողմից Հայաստանի 52 խոշորացված համայքներում իրականացվում է նոր ծրագիր, որի տևողությունը 30 ամիս է։ Ծրագիրի ընդհանուր բյուջեն 1․120․000 է, որի  89 տոկոսը՝ 1․000․000 ներդրել է Եվրամիությունը։

Կիրագործվեն փոքր ու միջին ծրագրեր, երեք խոշոր ծրագրեր էլ  կիրականացվեն Լոռու, Տավուշի ու Շիրակի մարզերում, որոնց նպատակը գյուղական համայնքները զարգացնելն է։

Այսօր Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում ՀՀ-ում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին ներկայացրեց «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» անունը կրող ծրագիրը՝ շեշտելով, որ Հայաստանի մարզերը զարգացման առումով անհամեմատելի են մայրաքաղաք Երևանի հետ։

«Հայաստանը մի երկիր է, որը զարգացման մակարդակով ունի շատ խոր անդունդ, մասնավորապես ճոխ ու հարուստ Երևանի և Հայաստանի մնացյալ տարածքների միջև։ Եվ շատ կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը գիտակցի ու ճանաչի,  որ այսպիսի անջրպետը խոչընդոտում է  զարգացումը, որպեսզի այս անդունդը կամրջվի, բազմաթիվ գործողություներ են անհրաժեշտ կենտրոնական իշխանությունների և կենտրոնական հաստատությունների կողմից։ Մենք կարծում ենք, որ տեղական համայնքներն ավելի շատ պատասխանատվություն և գործառույթներ պիտի ունենան, միևնույն ժամանակ ավելի շատ ռեսուրսներ ունենան իրենց առջև դրված մարտահրավերները հաղթահարելու համար։

Եվրամիության գաղափարը հիմնված է սուբսիդարության գաղափարի վրա։ Մենք Եվրոպայում համարում ենք, որ խնդիրները պետք է լուծվեն հնարավորինս ստորին մակարդակներում։ Ես հասկանում եմ, որ դեռևս պահպանվում է ավանդական մոդելը, որ եթե խնդիր կա,  այն պետք է լինի Երևանում նստած ղեկավարների լուծման խնդիրը , մենք այլ փիլիսոփայության ենք հետևում, հավատում ենք քաղաքացիական ակտիվիստի գաղափարին և ուժին, և այդ պատճառով է, որ մեկնարկում ենք այս ծրագիրը, որի շրջանակներում մենք կցանկանայինք աշխատել տեղական համայնքների հետ։ Իհարկե, Հայաստանի ոչ բոլոր համայնքների համար, բայց առնվազն դրանցից մի քանիսի հետ և տեսենք, թե ինչպես քաղաքացիները կարող են որոշել՝ ինչպիսի ներդրումներ պիտի արվեն, փոքր բաները, որոնք կարող են բարելավեն իրենց տեղական համայնքներում»,-ասաց Պյոտր  Սվիտալսկին։

Ըստ Եվրամիության դեսպանի՝ իրենք ցանկանում են փոխանցել եվրոպական երկրների փորձը, որոնցից շատերում քաղաքացիական բյուջետավորման գաղափարը տեղական համայնքներում բնակչության կողմից հաջողվել է։

Նա նաև ասաց, որ չեն ակնկալում, թե Հայաստանում իրավիճակը կլուծվի մեկ գիշերվա մեջ. կլինի երկարաժամկետ գործընթաց, բայց հավատում են, որ Հայաստանը ճիշտ ուղու վրա է կանգնած։

«Մենք շատ ենք ցանկանում, որ Հայաստանի մարզերն ավելի լավ զարգանան, ուզում ենք դադարեցնել մարդկանց արտահոսքը, ուզում ենք հակառակ ուղղությամբ շրջել գյուղերի դատարկման գործընթացը, դեպրեսիվ տրամադրությունները։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանն ունենա աշխույժ համայնքներ, որտեղ կան աշխատատեղեր, լավ ենթակառուցվածք, որտեղ կան լավ հեռանկարներ, մասնավորապես երիտասարդ սերնդի համար»,- ասաց Պյոտր Սվիտալսկին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Վայ աշխա՜րհ, աշխա՜րհ: Ապշելու բան է: Մեր ռազմավարականը իր «գայթակղիչ» ծրագրերով Հայաստանը դատարկում ու Սիբիրն է վերաբնակեցնում, իսկ Եւրոպական Միութիւնը հսկայական միջոցներ է ծախսում, որ Հայաստանի գիւղերը չդատարկուեն:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031