Լրահոս
Օրվա լրահոսը

Էթիկայի տեսանկյունից ճիշտ չի պատմել Ալիևի հետ ողջ խոսակցությունը. Նիկոլ Փաշինյան

Հունվար 25,2019 18:02

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի կենտրոնակայան բուռն հետաքրքրություն էր առաջացրել ոչ միայն հայկական, ռուսական, այլ նաև միջազգային լրատվամիջոցների մոտ: Այցի լուսաբանմանը հավատարմագրվել էին 80-ից ավելի լրագրողներ:

Մինչ լրագրողների հարցերին պատասխանելը՝ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով, որը նվիրված էր 2019-ին ԵԱՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից Հայաստանին անցնելուն: Իր խոսքում վարչապետը պատրաստակամություն հայտնեց առ այն, որ Հայաստանը կանի ամեն ինչ, որպեսզի պահպանի ինտեգրման դրական դինամիկան, ինչը խթան կհանդիսանա անդամ երկրների տնտեսական զարգացման համար:

Վարչապետը միության առջև կանգնած առաջնային խնդիրների թվում դասեց էներգետիկայի ոլորտը, որի հիմքում,ըստ նրա, պետք է դնել հավասար և ոչ խտրական պայմանների ստեղծումը, համաձայնեցված էներգետիկ քաղաքականության իրականացումը, ինչը կնպաստի տվյալ ոլորտում գնագոյացման զգայուն հարցի լուծմանը: Վարչապետը կարևորեց նաև նավթի ու գազի միասնական շուկաների ձևավորումը:

Ելույթից հետո Ն.Փաշինյանը պատասխանելով լրագրողների այն հարցին, թե, այնուամենայնիվ, ճի՞շտ էր արդյոք Հայաստանի նախկին իշխանությունների ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշումը, վարչապետն ասաց, որ ինքը ժամանակին, որպես պատգամավոր դեմ է քվեարկել այդ որոշմանը, սակայն, այժմ նպատակահարմար չի համարում կտրուկ շարժումներ կատարել՝ նախկինում եղած որևէ սխալի շտկման համար և որպես զուգահեռ օրինակ, բերեց Բարաք Օբամայի և Ջորջ Բուշի Իրաքի շուրջ ունեցած տարաձայնությունը, որը արդյունքում հանգեցրեց Իսլամական պետության առաջացմանը:

Խոսելով միության առանցքային խնդիրների մասին, վարչապետը ընդգծեց, որ այնտեղ առկա խնդիրները նոր չեն և, չնայած այն բանին, որ երկրները քաղաքական հարթության վրա հայտարարել են ինտեգրման գնալու մասին, սակայն, յուրաքանչյուր երկիր իր ներսում ունի արգելափակող մեխանիզմներ, որոնք խանգարում են ինտեգրման շոշափելի գործընթացին:

Ինչ վերաբերում է գազի գնային քաղաքականության կարգավորման հարցին, վարչապետը նշեց, որ Հայաստանի կառավարությունը դեռ մեկ տարի ժամանակ ունի այդ հարցում երկարաժամկետ լուծումներ մշակելու համար և հույս հայտնեց, որ խնդրի լուծմանն ուղղված քայլերը արձագանք կգտնեն նաև ԵԱՏՄ-ի շրջանակներում:

Լրագրողները չշրջանցեցին նաև Դավոսում Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպման թեման, որին ի պատասխան Փաշինյանն ասաց. «Ես հասկանում եմ, որ լրագրողներն ու քաղաքացիները ուզում են իմանալ մեր շփման բոլոր դետալների մասին, սակայն, ես գտնում եմ, որ դա էթիկայի տեսանկյունից ճիշտ չի լինի, երբ ես դուրս գամ ու պատմեմ ամբողջ խոսակցությունը, սակայն, ընդհանուր առմամբ, դուք գիտեք մեր խոսակցության բնույթի մասին»:

Վարչապետը հավաստիացրեց, որ այդ հանդիպումը ոչ մի արդյունք չի արձանագրել, քանզի ոչ ինքը, ոչ էլ Ալիևը նման արդյունքի չեն էլ սպասել: Շփումը կրել է ոչ պաշտոնական բնույթ, որտեղ սակայն, շոշափվել են կոնֆլիկտին վերաբերվող այն բոլոր նրբությունները, որոնք իր հրապարակային հայտարարությունների մեջ բազմիցս մատնանշել է վարչապետը, այդ թվում նաև այն, որ ինքը ներկայացնում է և կարող է ներկայացնել միայն Հայաստանի Հանրապետությունը և չի կարող խոսել Արցախի դիրքերից, այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի քաղաքացիները չեն մասնակցում Հայաստանի ընտրություններին և նրանք Նիկոլ Փաշինյանին չեն ընտրել, որպես իրենց վարչապետ:

Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031