Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի քիչ ընկճվում ենք, որ կողքի գյուղի աշակերտներն ունեն նման հնարավորություն, իսկ մենք՝ ոչ». Դեբեդի դպրոցի աշակերտուհին սրտնեղում է

Հունվար 25,2019 17:40

Լիլիթ Հովսեփյանը սովորում է Լոռու մարզի Դեբեդ համայնքի միջնակարգ դպրոցում: 11-րդ դասարանի աշակերտուհին գոհ է դպրոցում ստացած կրթությունից: Արդեն նաեւ որոշել է՝ պատրաստվում է ապագա դաստիարակ դառնալ, կրթությունը կշարունակի Վանաձորի պետական համալսարանում՝ նախադպրոցական բաժնում. «Դպրոցում ստացած կրթությունից չեմ դժգոհում, լավ կրթություն ենք ստանում: Որ առարկաները շատ եմ սիրում, այդ դասերն ինձ համար հետաքրքիր են անցնում: Ուսուցիչների հետ մասին փորձում ենք այնպես անենք, որ այդ 45 րոպեի ընթացքում ինչ-որ բան սովորենք»:

Դպրոցում Լիլիթը սիրելի առարկաներ ունի, դրանց թվում է նաեւ ֆիզկուլտուրան: Սակայն առարկան լիարժեք անցկացնելու հնարավորություն ցավոք չունի: Բանն այն է, որ 1988 թվականի երկրաշարժի ժամանակ վնասվել է դպրոցի հիմնական մասնաշենքը, դրա հետ միասին նաեւ շենքին կից մարզադահլիճն ու ակումբն՝ ամբողջությամբ:

Նոր մարզադահլիճ ու ակումբ կառուցելու ակնկալիքով հինը քանդել են, ծրագիրը սակայն այդպես էլ կյանքի կոչել չի հաջողվել: Արդյունքում, այսօր դպրոցի 102 աշակերտ ֆիզկուլտուրա առարկան լիարժեք սովորելու հնարավորություն չունի. « Ձմռանը ֆիզկուլտուրայի դասերը փոքր ինչ անհետաքրքիր է անցնում, քանի որ դասարանում ենք դասերն անցկացնում եւ հիմնականում գրում ենք: Դպրոցի մոտակայքում դաշտ ունենք, տաք եղանակներին կարողանում ենք ֆուտբոլ խաղալ, մարզումներ անցկացնել եւ այլն: Ուսուցիչը կարողանում է դասերը հետաքրքիր կազմակերպել: Մրցութային խաղեր, բասկետբոլ, վոլեյբոլ հարակից համայնքների դպրոցների երեխաների հետ չենք կարողանում կազմակերպել, քանի որ չունենք համապատասխան մարզադաշտ: Մենք մի քիչ ընկճվում ենք, որ կողքի գյուղի աշակերտներն ունեն նման հնարավորություն, իսկ մենք՝ ոչ»:

Բացի մարզադահլիճի անհրաժեշտությունը, դպրոցն ունի նաեւ տանիքի վերանորոգման կարիք: 1991 թվականին կիսատ մնացած վերանորոգումից հետո դպրոցը մինչ օրս հիմնովին չի վերանորոգվել: Բացի այդ, նույն թվականից մինչեւ 2016 թվականը շենքը չի ունեցել ո՛չ սանհանգույց, ո՛չ էլ կոյուղի:

Վերջին տարիներին այն վերանորոգվել է դպրոցի միջոցներով ու բարերարների օգնությամբ. «Մեր ուժերով սանհանգույցը վերանորոգեցինք, հիմա էլ ուզում ենք ջեռուցման համակարգ քաշել: Դպրոցին ԱՄՆ-ից իր օգնությունն է ցուցաբերում Եսմայիլյան ընտանիքը, այս պահին գումարի կեսն են հավաքել, մի քիչ էլ մենք ենք ներդնում անելու եւ ջեռուցման համակարգ կունենանք: Հիմա դասասենյակները գազի վառարաններով են ջեռուցվում, որոնք էլ պիտանի չեն: Այդ մի հարցը կարելի է ասել կիսով չափ լուծված է: COAF-ի օգնությամբ դասասենյակներ ենք ստեղծել, խոհանոց ունենք: Շինարարության ընթացքում բոլոր ֆիզիկական աշխատանքները կատարել ենք մենք՝ սկսած ինձնից, ուսուցիչները, ծնողները, ով ինչով կարողացել օգնել է»,- ասում է Դեբեդի միջնակարգ դպրոցի տնօրեն Զավեն Խաչատրյանը:

Տանիքի նորոգման համար դպրոցի տնօրենը մոտավոր հաշվարկ է կատարել, սակայն տարեկան 35 միլիոն դրամ բյուջե ունեցող դպրոցը, նման ծախսեր կատարել չի կարող: Տնօրենի խոսքով՝ 35 միլիոնից մոտ 33 միլիոն դրամը տրամադրվում է միայն աշխատավարձին, 1.5 միլիոն դրամը՝ դպրոցի ջեռուցմանը, 300.000 դրամ էլ՝ էլեկտրաէներգիային է հատկացվում, իսկ մնացած մասն օգտագործվում է ընթացիկ ծախսերի համար. «Մեր դպրոցի բյուջեով ես պետք է մի 15 տարի գումար հավաքեմ, որ կարողանամ շենքի տանիք վերանորոգեմ: Ես համեմատել եմ Քարինջի դպրոցի տանիքի հետ: Եթե չեմ սխալվում իրենց դպրոցի տանիքի վերանորոգման գումարը կազմել է 8 միլիոն դրամ, իսկ մերը կկազմի մոտ 12 միլիոն դրամ: Վերջնական մասնագետի հաշվարկ է անհրաժեշտ: Հասկանում եմ, որ դպրոցը կապիտալ չեն կարող վերանորոգել, բայց գոնե տանիքի հարցը լուծվի եւ մարզադահլիճ կառուցվի, մնացածը մենք մեր ուժերով քիչ-քիչ կվերանորոգենք»:

Դպրոցի խնդիրներով բազմիցս են դիմել ենք պատկան մարմիններին, սակայն այն մինչ օրս գործում է նույն պայմաններում. «Տարիներ առաջ մարզադահլիճի համար դիմել ենք մարզպետարան, ասել են՝ մեծ գումարներ են անհրաժեշտ: Ասել են կտեսնենք, հնարավորության դեպքում կանենք, բայց միչեւ հիմա ոչինչ չի արվել: Տանիքի համար էլ տարիներ առաջ դիմել եմ, առաջարկել են ուրիշ դպրոցի փոխած հին շիֆերը, ես էլ հրաժարվել եմ: Եթե ես պետք է շենքի տարբեր ծայրերում մի 2 հատ շիֆեր փոխելու համար, 15 հատ շիֆեր տրորելով անցնեմ, դա պետք չէ: Այդ կերպ հարցը մենք տեղում էլ կարող ենք լուծել, բայց դա հարց լուծում չէ»,- ասում է տնօրենը:

Տաք եղանակներին դպրոցում դասերն անցնում են նախատեսվածի պես, մինչդեռ նույնը չի կարելի ասել անձրեւային օրերի մասին. «Անձրեւների ժամանակ տանիքից կաթում է: Դրա հետեւանքով քայքայվում է նաեւ շենքի երկրորդ հարկի միջանցքը, դասասենյակները: Ստեղծված իրավիճակը խանգարում է դասապրոցեսին: Անձրեւի ժամանակ, երբ ջուրը լցվում է դասարան, ավտոմատ սկսվում է խառնաշփոթ իրավիճակ: Աշակերտները փորձում են սեղաններն ու աթոռները տեղափոխեն ավելի չոր վայր, որ կարողանան դասերը շարունակեն»,- ասում է Դեբեդի համայնքապետ Աշոտ Ղազարյանն ու շարունակում, որ միայն համայնքի բյոջեով խնդիրը լուծում չի ստանա, գումարը շատ մեծ է. «Միայն մեր միջոցներով բացառվում է, որ կկարողանանք վերանորոգել: Տարեկան 19 միլիոն դրամ է կազմում մեր բյուջեն, որով կարողանում ենք պահել՝ մանկապարտեզ, մշակույթի տուն, աշխատակազմ, նաեւ ծնվող երեխաներին ու ընտանիքի անդամի մահվան դեպքում ենք գումար տրամադրում: Բացի այդ փորձում ենք նաեւ այդ միջոցներից ներդրումներ անենք, ծրագրեր իրականացնենք: Եթե համատեղ լինի, որ մի քիչ մարզպետարանը գումար տրամադրի, մի քիչ բարեգործներն աջակցեն, մի որոշ մաս էլ համայնքը կտրամադրի՝ կվերանորոգենք»:

Իսկ թե ե՞րբ կվերանորոգվի 1971 թվականին կառուցված 1.200 քառ. մետր մակերեսով երկհարկանի շինությունը, դեռ պարզ չէ: Միայն հստակ է այն, որ այս դպրոցի երեխաները նույնպես ուզում են սովորել ավելի հարմարավետ, ավելի տաք ու լուսավոր դպրոցում:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Զրուցակիցներիս լուսանկարներն՝ իրենց ֆեյսբուքյան էջերից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031