Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգայնականության զարգացումը Եվրոպական Միության տարածքում

Հունվար 25,2019 17:15

ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

Ներկայումս ԵՄ առջև ծառացած բազմաթիվ խնդիրներից շատերն ունակ են դառնալու ազգայնականության խթանման լուրջ պատճառ։ Այդպիսիք են, օրինակ, փախստականների խնդիրը, ԵՄ երկրների միջև ֆինանսական-տնտեսական տարբերությունների խորացումը և այլն։ Թեպետ 21-րդ դարում դիտվող դրսևորումները ոչ ամբողջությամբ են նման 19-20-րդ դարի ազգայնականությանը, այդուհանդերձ, դրանք ևս պարարտ հող են դառնում «ոչ յուրայինների» հանդեպ խտրական վերաբերմունքի կամ ազգ-պետության սահմաններին վերադառնալու տարաբնույթ հոսանքների գեներացման համար: ԵՄ մի քանի առանցքային երկրներում ազգայնականության դրսևորումների էվոլյուցիայի դիտարկումը, թերևս, ուսանելի է այդ պատճառահետևանքային կապերի վերհանման տեսանկյունից։

Հունգարիա

Համաեվրոպական մեծ ընտանիք Հունգարիայում, թերևս, գրանցվել է ազգայնական տրամադրությունների ամենաբարձր մակարդակը, որն ունակ է տանել անգամ դեպի ազգայնամոլության։ 21-րդ դարում Հունգարիայում նկատվել է պետական մակարդակով հակասեմականության աճ, և այն ձեռք է բերել անհանգստացնող չափեր ու դրսևորումներ: Արձանագրվել են հրեաների դեմ ուղղված ֆիզիկական բռնություններ, բանավոր սպառնալիքներ և վիրավորանքներ։ Հակասեմիտիզմի նոր պոռթկումը, անշուշտ, իր մասշտաբով խիստ տարբերվել է 1990-ական թվականների վաղ դրսևորումներից։ Պետական մակարդակով հակասեմիտիզմի ամենախոշոր ներկայացուցիչներից մեկն է «Յոբբիկ» ուլտրաաջ կուսակցությունը (հունգ.՝ Jobbik Magyarországért Mozgalom – Հանուն լավագույն Հունգարիայի շարժում), որը 2010թ. ընտրություններում ստացել է 16,7% ձայն, ապա 2014թ. ընտրություններում կուսակցությունը հավաքել է 20.22% ձայն։ Կուսակցությունը բազմիցս քննադատության է ենթարկվել իր հակասեմական տեսակետների համար. այսպես, 2012թ. կուսակցության նախագահ Մարտոն Դենդյեշին կառավարությանն առաջարկեց կազմել երկրի անվտանգության համար վտանգավոր հրեաների ցուցակը։ Ինչպես նաև կուսակցության անդամները հանդես են եկել հրեական բնակչության մարդահամար անցկացնելու նախաձեռնությամբ` իբր ազգային անվտանգության նկատառումներով[1]։ Կուսակցության առաջնորդ Գաբոր Վոնան հայտարարել է մահմեդականության նկատմամբ կուսակցության համակրանքի մասին։ Նա իր «Իսլամը մարդկության վերջին հույսն է գլոբալիզմի և լիբերալիզմի խավարում» գրքի մեջ Հիտլերին անվանել է «լիբերալիզմի ավարտուն պրոդուկտ»[2]։

Բացի այդ 2011թ. երկրի Սահմանադրության մեջ Հունգարիան հունգարացիների պետություն հռչակելու մասին (էթնիկական իմաստով) փոփոխություն է ընդունվել[3]։ Ուլտրաաջ սուբմշակույթը 21-րդ դարում հունգարական հակասեմիտիզմի ստեղծման գործում մեծ դեր է խաղացել։ Բացվել են ազգայնական խանութներ, Հունգարիայում անցկացվել են արմատական-ազգայնական և նեոնացիստական փառատոններ։ Ժամանակակից հակասեմական հռետորաբանությունը թարմացվել է ու տարածվել: Չնայած դրան՝ այն դեռևս հիմնված է անտիկ հակասեմական նախապաշարմունքների վրա։ Ավանդական նախապաշարմունքները և հրեաների նկատմամբ մեղադրանքները ներառում են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են` հրեական օկուպացիա, համաշխարհային հրեական դավադրություն: Նաև համարվում է, որ հրեաներն են մեղավոր Տրիանոնի պայմանագրի ստորագրման, հրեա-բոլշևիզմի և արյունալի հանցագործությունների համար։ Վերջին մի քանի տարիներին այս ուղղությունը զարգացել է հունգարների «պաղեստինիզացման» (Իսրայելից դուրս ապրող արաբ պաղեստինցիների հետ համերաշխություն) շնորհիվ:

Միացյալ Թագավորություն և Բրեքզիթ

2016թ. հուլիսի 23-ին Մեծ Բրիտանիայում անցկացվեց ԵՄ կազմից այդ երկրի դուրս գալու հարցով հանրաքվե, ինչի օգտին կողմ քվեարկեց 17․4 միլիոն մարդ։ Հասարակական տրամադրություններում նման փոփոխության ակունքներում նաև ազգայնականության «արտացոլանքը» կար: Պատճառներից մեկը գլոբալիզացիայի թողած բացասական ազդեցություններն էին, որոնք անդրադարձել էին տնտեսության, հետևաբար նաև՝ քաղաքացիների կյանքի վրա. հանրաքվեի դրությամբ երկրում կար 23% գործազրկության մակարդակ։ Արդյունքներում «ազգային սահմաններն» արտացոլվել էին նաև նրանով, որ  Շոտլանդիայում՝ 62․0%-ը, Հյուսիսային Ւռլանդիայում՝ 55․8%-ը, իսկ Լոնդոնում 59․9%-ը դեմ էին քվեարկել Բրեքզիթին։

Պետք է նկատի ունենալ, որ Լոնդոնում բնակչության մեջ մեծ մաս են կազմում այլազգիները, ինչպես նաև այն փաստը, որ 1975թ.՝ ԵՄ-ին անդամակցելուց ընդամենը 2 տարի անց, Մեծ Բրիտանիան առաջին հանրաքվեն անցկացրեց ԵՄ-ն լքելու մասին, սակայն այդ ժամանակ 67․2% դեմ և 32․8% քվեարկությամբ մնաց ԵՄ կազմում։

Տնտեսական խնդիրները և գործազրկության հսկայական մակարդակը մարդիկ կապում էին նաև ներգաղթյալների խնդրի հետ։ Սակայն գործազրկության մակարդակը Շոտլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում Մեծ Բրիտանիայի մյուս հատվածների համեմատ ավելի քիչ էր, և հնարավոր է, որ նաև դրա պատճառով է, որ այդ տարածաշրջաններում մեծամասնությունը դեմ քվեարկեց ԵՄ-ը լքելուն[4]։ Այդպիսով, բազմաթիվ ներգաղթյալների, գործազրկության մեծ մակարդակի, մահմեդականության և այլ խնդիրների ճնշման տակ մեծբրիտանացիների մեծամասնությունը կողմ քվեարկեց Բրեքզիթին։ Ազգայնականության ջատագովները հայտարարեցին, որ պետք է կանգնեցնել փախստականների հոսքը դեպի երկիր և օգնել այդ մարդկանց հաստատվել ու բարվոք կյանքով ապրել իրենց երկրներում։

Ֆրանսիա

Անգլիայի՝ ԵՄ-ից դուրս գալու հանրաքվեից հետո Եվրոպական Միության համար լավ  ժամանակներ չսկսվեցին: ԵՄ անդամ մյուս երկրները ևս սկսեցին մտածել կառույցն  արդիականացնելու, իսկ եթե չհաջողի՝ այն լքելու մասին: Մեծ Բրիտանիայից հետո հերթը հասավ Ֆրանսիային: 2017թ. (ապրիլի 23-ին 1-ին փուլ, մայիսի 7-ին՝ 2-րդ փուլ) նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներից հատկապես «Ազգային ճակատ» ծայրահեղական կուսակցության առաջնորդ Մարի Լըպենը հայտարարում էր, որ ընտրություններից հետո վերանայելու է ԵՄ-ի հետ իրենց հարաբերությունները, իսկ եթե չհաջողի, ապա երկիրը լքելու է այդ կառույցը: Նախընտրական բանավեճերում նրա համար թեժ և հրատապ թեմաներից էր գլոբալիզացիան, իսկ խոստումը՝ հաղթել գլոբալիստներին և թույլ չտալ Բրյուսելին Ֆրանսիայի փոխարեն որոշումներ կայացնել:  Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ այս միտումները լայն թափ ստացան ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո, երբ  հաղթեց հանրապետական «միօրինակ» կաղապարում չտեղավորվող Դոնալդ Թրամփը: 2017թ. նախագահական  ընտրություններում բավականին մեծ արդյունք գրանցեց «Ազգային ճակատ» ծայրահեղական կուսակցության առաջնորդ Մարի Լըպենը` հավաքելով 21% ձայն։  Լըպենը քարոզարշավների ժամանակ հայտարարում էր, որ «ԵՄ-ն պարտություն է կրել ու չի կատարել իր խոստումներից ոչ մեկը»[5], իսկ բազմաթիվ տնտեսագետներ էլ մտավախություն էին հայտնում Լը Պենի տնտեսական ծրագրերի կապակցությամբ։ Օրինակ, այսպես կոչված, «Ֆրեքսիթի» դեպքում, ըստ փորձագետների, «Ֆրանսիան տասնամյակներով կկորցնի համաշխարհային տերության կարգավիճակը»։ Ավելին, ԵՄ-ից Ֆրանսիայի դուրս գալը կվտանգի հենց ԵՄ-ի ապագան։ Ֆրանսիայի բանկի ղեկավար Ֆրանսուա Վիյեղոյ դե Գալհոն ԵՄ-ից Ֆրանսիայի դուրս գալու դեպքում կանխատեսել է պարտքերի ռեկորդային աճ՝ գերազանցելով 30 մլրդ եվրոն։ Լը Պենը Բրյուսելին մեղադրում էր դեպի Ֆրանսիա զանգվածային ներգաղթ կազմակերպելու մեջ։ Անգամ նրա հակառակորդ ու նրան երկրորդ փուլում հաղթած Էմանուել Մակրոնի որոշ հայտարարություններում նկատելի էր առնվազն Բրեքզիթն «ըմբռնելու» անուղղակի դրսևորումներ: Այսպես՝ 2018թ. հունվարին արդեն նախագահի կարգավիճակում հարցազրույց տալով BBC-ին՝ նա համաձայնեց Էնդրյու Մարի հետ, որ «ֆրանսիացիները հավասարապես զզվել էին գլոբալիզացիայից, և եթե այդքան բարդ հարցին պատասխանելու լինեին այո/ոչ պարզ արձագանքով, նրանք էլ «հավանաբար» կքվեարկեին Ֆրեքզիթի օգտին»[6]:

2018թ․ նոյեմբերին Մակրոնի կառավարության դեմ սկսված «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերն ազգայնականության ևս մեկ օրինակ են։ Ցուցարարները բողոքում են նրա վարած տնտեսական քաղաքականությունից, ինչպես նաև հունվարին վառելիքի գները կտրուկ բարձրացնելու որոշումից։ Բողոքի ցույցերն ընդհուպ վերաճեցին ոստիկանության հետ ցուցարարների բախման ու զանգվածային անկարգությունների՝ ուղեկցվելով վերջիններիս կողմից ոստիկանական ավտոմեքենա շրջել-այրելով, ինչի հետևանքով 7 ոստիկան մարմնական թեթև վնասվածքներ ստացավ: Ոստիկանությունն էլ իր հերթին արցունքաբեր գազ կիրառեց ցուցարարների դեմ, որի հետևանքով վիրավորվեցին բազմաթիվ մարդիկ։ Ցուցարարների կարծիքով՝ այս խնդիրների  պատճառներից մեկը փախստականներն են, ինչպես նաև ԵՄ ներսում առկա շատ խնդիրներ[7]՝ պահանջելով Էմանուել Մակրոնի  հրաժարականը։ Այսպիսով, Ֆրանսիան, որը եղել է ազատականության/լիբերալիզմի կրողը, այժմ դեպի ազգայնականություն տանող արահետներ է գցում։

Իտալիա
2018թ. մարտի 4-ին Իտալիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները և դրանից հետո ստեղծված անորոշ քաղաքական իրավիճակը ստեղծեց ազգայնականության յուրօրինակ մթնոլորտ: Բանն այն է, որ Սիլվիո Բեռլուսկոնիի կոալիցիան ու «5 աստղ» պոպուլիստական շարժումն ամենաշատ ձայներն էին ստացել Իտալիայի խորհրդարանական ընտրություններում: Ըստ որում, ստացված քվեները խորհրդարանական մեծամասնություն ձևավորելու համար բավարար չէին, իսկ ընտրողները պատժել էին ձախ-կենտրոնամետ կառավարությանը` ինչպես ամբողջ Եվրոպայում[8]: Հակամիգրանտական լիգան, որը դեմ է արտահայտվում ԵՄ-ին, հավաքել էր 18%, Բեռլուսկոնիի «Առաջ, Իտալիա»-ն` 14%, ինչը նրանց կոալիցիային հանրագումարում տալիս էր 268 մանդատ: Խորհրդարանի ստորին պալատում մեծամասնություն կազմելու համար պահանջվում էր 316 մանդատ: Կոալիցիան, որի մաս էր կազմում նաև ծայրահեղ աջ «Իտալիայի եղբայրները», կամ երկար ու բարդ բանակցություններ պիտի վարեր մյուս կուսակցությունների հետ կառավարություն կազմելու համար, կամ պետք է նշանակվեին արտահերթ ընտրություններ[9]: Բեռլուսկոնին, ով արդեն 81 տարեկան էր և հարկերից խուսափելու մեղադրանքով դատվածության պատճառով չէր կարող հավակնել վարչապետի պաշտոնին, այդուհանդերձ, համարվում էր կոալիցիայի ստվերային գաղափարախոսն ու ղեկավարը, ինչը վախեցրեց իտալացի եվրոպամետ վերլուծաբաններին: «Մարտի 4-ի ընտրությունները բերեցին արդյունք, որից Եվրոպան վախենում էր, իսկ Իտալիան չէր սպասում: Համենայն դեպս այդ մասշտաբով, – գրեց La Stampa-ն՝ հավելելով. «Եվրոպայի մյուս երկրներում տանուլ տված պոպուլիզմն Իտալիայում հաղթեց: Հիմա նրանք կամ կկառավարեն երկիրը, կամ կարգելակեն ամբողջ համակարգը»[10]: Նորընտիր կուսակցությունը որդեգրեց մի սկզբունք, որը պետք է ստեղծեր այնպիսի Իտալիա, որտեղ չպետք է լինեն անօրինական փախստականներ։ Իտալիայի արտաքին գործերի նախարար Մատտեո Սալվինիին հայտարարեց, որ «Իտալիան չպետք է փախստականների համար ճամբար լինի»[11]։

Ծայրահեղ աջերի ու պոպուլիստների կոալիցիայի հաջողությունը համեմատում էին ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու և Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելու հետ: Ընտրությունների արդյունքներով երկրորդ տեղում «5 աստղ» շարժումն էր, որի կարգախոսները մոտ էին Բեռլուսկոնիի կոալիցիայի կարգախոսներին, այն է` ընդդեմ ԵՄ պաշտոնյաների, հարուստ էլիտաների և միգրացիայի: 8 տարի առաջ երգիծաբանի կատակով հիմնված շարժումը նշանակալից թռիչք կատարեց` ստանալով 220 մանդատ, ինչը կուսակցությունների մեջ ամենաբարձր արդյունքն է: Վարչապետ Մատեո Ռենցիի ձախ-կենտրոնամետ դեմոկրատական կուսակցությունը 120 մանդատ ստացավ: Այս ուժի պարտության պատճառներից մեկը տնտեսագետները համարում են գործազրկության աճը: Ելնելով «Առաջ, Իտալիա»-ի ոչ այդքան բարձր արդյունքից` որոշ թերթեր Բեռլուսկոնիին ևս այս ընտրություններին անհաջողակ էին անվանում։ ԵՄ-ի համար, հնարավոր է և տեսականորեն, վատագույն մղձավանջը «5 աստղի» եվրասկեպտիկ-պոպուլիստների ու Լիգայի կոալիցիան էր: «Լիգայի» 44-ամյա նախագահ Մատեո Սալվինին ընտրողներին խոստացավ հաղթանակի դեպքում երկրից արտաքսել հարյուր հազարավոր միգրանտներին ու «իսլամական վտանգի» առաջ պատնեշ դնել[12]: Աջ քաղաքական գործիչները հաղթեցին նաև Սենատի ընտրություններում:

Գերմանիա

2017թ. Գերմանիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում  «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը (այսուհետ՝ ԱԳՀԿ) ստացավ 12.6% քվե և մուտք գործեց  խորհրդարան՝ այնտեղ դառնալով երրորդ մեծ կուսակցությունը[13]։ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը միգրացիոն քաղաքականության խստացմանը, եվրոյից հրաժարվելուն և գերմանական մարկին վերադառնալուն կողմ է արտահայտվում։ Կուսակցությունն իր գլխավոր առաքելությունն է համարում մահմեդականությանը դիմակայելը և դրա միջոցով հանցավորության մակարդակի նվազեցումը՝ հայտարարելով, թե երկրում հանցագործությունների թիվն աճել է ներգաղթյալների պատճառով։ Այդ կուսակցությունն իր դժգոհությունն է հայտնում ԵՄ ինտեգրման քաղաքականությունից։  Մինչ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարում էր, որ Գերմանիայի սահմանները բաց են, այդ ընթացքում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդ Ֆ․Պետրին հայտարարում էր, որ անհրաժեշտության դեպքում ներգաղթյալներին պետք է այրել սահմանի վրա, որպեսզի դադարեն սահմանահատումները։ 2016-2017թթ. գրանցվել է ներգաղթյալների՝ երկիր ներթափանցելու ռեկորդային աճ. ավելի քան մեկ միլիոն մարդ է հաստատվել Գերմանիայի տարածքում, որոնց մեծ մասն Իսրայելից և Սիրիայից եկածներ են։ Կանցլերին ու իշխող կոալիցիային մտահոգում է այս կուսակցության խորհրդարան անցնելը ևս. ընտրություններից առաջ Մերկելը պատրաստվում էր Թուրքիայի հետ գործարք կնքել, սակայն ԱԳՀԿ անսպասելի մուտքը խորհրդարան նրան ստիպեց հետաձգել դա: Այդուհանդերձ, Գերմանիայի կանցլերը շարունակեց փախստականների համար բաց սահմանների քաղաքականությունը[14]։ Այսպիսով, գնալով արթնանում են ազգայնական տրամադրությունները Գերմանիայում, որը շատ վտանգավոր կետ է այդ երկրի համար։ Այն, որ ազգայնական կուսակցությունը կարողանում է մուտք գործել խորհրդարան, վկայում է այն մասին, որ բնակչության որոշակի մասը հոգնել է Գերմանիայի վարած «բաց» քաղաքականությունից։

Իհարկե, ազգայնականության դրսևորումները ԵՄ-ում չեն սահմանափակվում վերոնշյալ երկրներով: Այդպիսիք տարբեր ձևերով կարելի է հանդիպել Իսպանիայում, Լեհաստանում, Հունաստանում և այլուր: Մենք գերազանցապես կենտրոնացանք նշված երկրների վրա թե՛ այն պատճառով, որ նրանք որոշիչ են ԵՄ-ում, թե՛ այն, որ ազգայնական տրամադրություններ ներկայացնող քաղաքական ուժերն այլևս պատկառելի ներկայություն ունեն երկրի կառավարման մեջ:

ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Ինչպես հոդվածի ամենասկզբում նշվեց, եվրոպական տարածքում ազգայնականության խթանող գործոնների հիմքում ոչ այնքան «մաքուր» ազգայնական գործոններ են, այլ այնպիսիները, ինչպես՝ գլոբալացումը, ԵՄ ներգաղթային քաղաքականությունը, ԵՄ անդամ երկրների միջև սոցիալ-տնտեսական տարբերությունները, ինտեգրումից անհավասար օգուտները, որոշ հարցերում ինքնիշխան քաղաքականություններ վարելու սահմանափակումները և այլն:

Տնտեսական բաղադրիչ՝ Եվրո-ի արժութային գոտի

ԱՄՆ դոլարի և եվրոյի միջև հարաբերակցության փոփոխականությունն ու անորոշությունը մեծ խնդիրներ են ստեղծում հատկապես հարավմիջերկրածովյան երկրների համար: Այդ մասին ասված էր Եվրոպայի կենտրոնական բանկի՝ Նեապոլում տարածված զեկուցագրում, որտեղ կայացել էր հարավային միջերկրածովյան պետությունների կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումը։

Եվրամիության անդամ մի շարք երկրների պարտքային խնդիրները եվրոյի փոխարժեքի հաջորդաբար անկման պատճառ են դառնում: Իսպանիայի պետական բյուջեի պակասուրդի և պարտքային խնդիրների շուրջ ծավալվող խոսակցությունների պայմաններում եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ կրկին գրանցեց զգալի անկում[15]: Ներդրողների շրջանում առավել բացասական արձագանքով ընդունվեց այն փաստը, որ իսպանական բանկերը ներկայումս ունեն իրացվելիության բավականին լուրջ խնդիրներ և արդեն իսկ ներգրավել են վերջին ավելի քան 10 տարիների համար ռեկորդային ծավալների հասնող վարկային միջոցներ: Եվրոպական կենտրոնական բանկի կողմից միայն մեկ ամսվա ընթացքում իսպանական բանկերին տրամադրվել է 85,6 մլրդ եվրո ընդհանուր ծավալով վարկային միջոցներ: Պետք է նշել նաև, որ միջազգային վարկային շուկաներն իսպանական բանկերի համար ներկայումս ուղղակիորեն անհասանելի են: Այս խնդիրները հանգեցնում են լուրջ տնտեսական խնդիրների ընդհուպ մինչև տնտեսական ճգնաժամի. կարող ենք հիշատակել Հունաստանի դեպքը։ Ելնելով այսպիսի տնտեսական լուրջ խնդիրներից՝ շատ հասարակություններում կարող են աճել ազգայնական տրամադրությունները։ Տնտեսական այս խնդիրներին պատճառներից մեկը ներգաղթն է, որն ազգայնականության հիմնական պատճառներից մեկն է[16]։ Այսպիսով, ընդհանուր արժութային համակարգը հանգեցնում է լուրջ խնդիրների, որոնք կարող են նպաստել ԵՄ-ի կազմից երկրների դուրս գալուն և հիմք դնել ազգայնականության զարգացմանն այդ երկրներում։

 

Փախստականների խնդիր կամ ներգաղթ

Եվրոպական տարբեր երկրների սոցիալական ապահովության համակարգերը պարզապես հրաշք են Թուրքիայից, Մագրեբի երկրներից եկածների, Աֆրիկայի սևամորթ ներկայացուցիչներից մինչև կովկասցիների, մոլդովացիների ու ուկրաինացիների համար: Եվրոպացիներն աշխատում են, հարստություն ստեղծում, ինչն իրենց կառավարությունները բաժանում են տարատեսակ փախստականների միջև: Դրա հետ մեկտեղ ներգաղթյալներն էլ բավական դժվարությամբ են ինտեգրվում ընդունող հասարակությանը, շատ հաճախ իրենց մշակույթն ու բարքերն են փորձում պարտադրել, ինչն էլ հանգեցնում է լուրջ կոնֆլիկտների: Ի վերջո, ֆրանսիացու համար ամբողջովին անտրամաբանական է, որ Գազայի հատվածում կատարվող ինչ-որ օպերացիայի պատճառով Փարիզի արվարձաններում իսկական պատերազմ է գնում հրեաների ու արաբների միջև, կամ էլ հայ-թուրքական հարաբերություններն են հայտնվում Ֆրանսիայի ներքաղաքական դիսկուրսում:

Այս համատեքստում զարմանալի չէ, որ հակաթուրքական, իսլամատյաց կոչեր անող Հայդերը հաջողության է հասնում Ավստրիայի ընտրություններում, և զարմանալի չէ, որ Ֆրանսիայում նախագահական ընտրություններում ֆավորիտներից մեկը համարվում էր Մարի Լը Պենը՝ «Ազգային ճակատ»-ի նոր առաջնորդը, ով քարոզարշավի ժամանակ ներկայացվում էր որպես «միակ հայրենասեր թեկնածուն, միակը, ով մտածում է ֆրանսիացի ժողովրդի մասին»: Եվ այդ թեկնածուն հանդես էր գալիս ընդդեմ միասեռական ամուսնության, ընդդեմ ներգաղթյալների քվեարկության իրավունքի և այլն: Ճգնաժամի մեջ հայտնված Ֆրանսիան փրկություն է որոնում «մաքրվելու» մեջ[17]:

Տնտեսական առումով ազգայնականների գալը ոմանք էլ համարում են եվրոպական երկրների համար ճգնաժամը հաղթահարելու տարբերակ այնքանով, թե որքանով կկրճատվեն ներգաղթյալներին հատկացվող սոցիալական ծախսերը, պետությունը կթեթևացնի իր վրա վերցրած անհարկի բեռը: Ըստ այդ կարծիքների՝ եվրոպական ազգայնականությունը, որը բռնկվում է որպես հականերգաղթային ֆոբիա, կարևոր դեր կարող է խաղալ նաև Եվրոպայի եվրոպական դեմքը փրկելու համար:

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այսօր ԵՄ-ի առջև ծառացած խնդիրները հանգեցնում են նաև ազգայնականության և ազգայնական շարժումների զարթոնքին։

Ներգաղթյալների հոսքը դեպի ԵՄ համարվում է ամենամեծ խնդիրներից մեկը, որն ազգայնականության դիրքերի ամրապնդման հիմք է ծառայում, քանի որ առաջացնում է  տնտեսական խնդիրներ։ Միացյալ Թագավորության հնարավոր դուրս գալը ԵՄ-ից նման բազմապատճառ հետևանքներից է՝ որոշակիորեն համեմված անգլիական ազգայնականությամբ։ Ֆրանսիայում չեն դադարում բողոքի ցույցերը, որոնք ուղեկցվում են զանազան անկարգություններով և կրում ռասիստական տարրեր։ ԵՄ անդամ երկրների խորհրդարաններում տարեցտարի ավելի շատ ձայներ են սկսում հավաքել ազգայնական կուսակցությունները, որոնք մերժում են մահմեդական կրոնը, փախստականներին և առաջնորդվում այնպիսի լոզունգներով, ինչպիսիք են՝ Ավելի ուժեղ ազգ, Մեկ ազգ և այլն:

Այսպիսով, ստեղծված բարդ դրությունը կարող է ստեղծել բարդ պայմաններ ԵՄ-ի համար և այն դարձնել բախումների գոտի։ Առկա խնդիրների խորապատկերին ԱՄՆ-ի վարած քաղաքականությունն էլ մյուս կողմից օգնում է հասկանալ, որ մուլտիլատերալիզմի ճգնաժամի պայմաններում Եվրոպան դառնում է ավելի ազգայնական ու ավելի ինքնուրույն, անգամ՝ ավելի քիչ միասնական։

Շիրակ Սաֆարյան

ՄԱՀՀԻ XVIII ժողովրդավարության դպրոցի շրջանավարտ

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների,  ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոն

 «Անվտանգություն, ժողովրդավարություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

[1] Head of Hungary’s Nationalist Jobbik Party Denounces Party’s Past anti-Semitism, Haaretz, 17.12.2017
[2] The Hungarian far-right and Islam, Hungarian Free Press, 27.07.2015
[3] Q&A: Hungary’s controversial constitutional changes, BBC, 11.03.2013
[4] Fintan O’Toole, Brexit is being driven by English nationalism. And it will end in self-rule, The Guardian, 19.06.2016
[5] Interview with Marine Le Pen: ‘I Don’t Want this European Soviet Union’, Spiegel, 03.04.2014
[6]  President Macron on Trump, Brexit and Frexit, BBC, 21.01.2018
[7] Expert: ‘Yellow Jacket’ Protest Is ‘Populist’-Style Revolt Against French Elite, Breitbart, 24.11.2018
[8] Europe and nationalism: A country-by-country guide, BBC, 10.09.2018
[9] Italian elections 2018 – full results, The Guardian
[10] J. Iacoboni, Italy is the new frontier of Populism. Half the Country voted against elites and migrants, La Stampa, 06.03.2018
[11] Italy migrants: Matteo Salvini calls for end to Sicily ‘refugee camp’, BBC, 03.06.2018
[12] C․ Balmer, Northern League leader says Italian society threatened by Islam, Reuters, 15.01.2018
[13] Europe and nationalism: A country-by-country guide, BBC,10.09.2018
[14] T.J. Raphael, Xenophobia and nationalism are on the rise in Germany, PRI, 14.03.2016
[15] Tyler Durden, The Consequences Of The Rise Of European Nationalism, Zerohedge, 19.06.2012
[16] Joseph Stiglitz, The euro could be nearing a crisis – can it be saved?, The Guardian, 13.07.2018
[17] Ben Hall, Immigration in the European Union: problem or solution?, OECD Observer No 221-222, Summer 2000

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031