Հունվարի 23-ին ամբողջությամբ հրդեհվել է Նուբարաշենի աղբանոցին հարող տարածքում գտնվող տնակը, որտեղ Նարինե Գրիգորյանն ապրում էր իր 4 երեխաների հետ, որոնցից 3-ն անչափահաս են:
Նարինեն 5 երեխաների մայր է, մեծ որդին այժմ գտնվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ:
Aravot.am-ի հետ զրույցում Նարինեն պատմեց, որ Նուբարաշենի խճուղու աղբանոցին կից 3-րդ շինությունը (գրանցման հասցեն) փայտից էր, այստեղ են տեղափոխվել 5 տարի առաջ, կանանց աջակցման կենտրոնն է այն տրամադրել: «Փայտի վառարանով էինք տաքանում, 23-ի երեկոյան, ժամը 17:00-ի մոտերքը, վառարանը վառում էի, էդ պահին միջանցքի մոտ բոցը տվեց ու միանգամից բռնկվեց: Լուսամուտից հազիվ հասցրեցի երկու փոքրերիս դուրս հանեմ, մյուս էրեխես դպրոցում էր: Էդ պահին տանն էին իմ 8, 9 ու 15 տարեկան երեխաները»:
Այս ընտանիքի տնակն ու գույքն ամբողջությամբ այրվել են, ոչինչ չի մնացել: «Հրշեջները 2 ժամ հետո բարեհաճեցին, եթե մի քիչ շուտ գային…»,-ասաց Նարինեն: Ընտանիքը առաջին օրերին հարեւանի տանն էր ապրում. հիմա տեղափոխվել են այրված տնակին կից, կիսավեր քարե փոքրիկ մի կացարան:
«Ապրելու տեղ չունենք, ես հացի փռում եմ աշխատում, վարձով ապրելու միջոց չունենք, իսկ էս քարե շինությունում ոչ մի հարմարություն չկա»,-ասաց Նարինեն:
Նրա պատմելով՝ Նուբարաշենի վարչական շրջանի ղեկավարը հագուստ ու գրենական պիտույքներ է տրամադրել. «Մեկ էլ գնացել էի էրեբունու թաղապետարան, Ստելլա անունով մի կին ասաց՝ մենք այս պահին աջակցություն չենք կարող տալ: Քաղաքապետարանի թեժ գիծ էի զանգել, էսօր եկան: Չգիտեմ՝ ոնց ենք ապրելու, ուր ենք գնալու»:
Նարինե Գրիգորյանն ասաց, որ ընտանիքը հիմա որոշակի աջակցություն է ստանում անհատ բարերարներից, սակայն նրա ընտանիքի բնակվելու խնդիրը դեռ չի լուծվել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ