Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ-ականները նախկին իշխանությանը մեղադրում են հնչակյան պատմությունը կեղծելու մեջ

Հունվար 25,2019 16:30

ՍԴՀԿ «Տխրունի» երիտասարդական միության (ՏՈԵՄ)-ի վարչության անդամներն այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել`իրենց դժգոհությունն արտահայտելու հայոց պատմության դասագրքերում, մասնավորաբար, 2013 թվականի հայոց պատմության դասագրքում, հնչակյանների պատմությունը խեղաթյուրված ներկայացնելու համար: Իրենք դա համարում են նախկին իշխանության կողմից քաղաքական պատվեր:

ՍԴՀԿ ՏՈԵՄ-ի փոխատենապետ Գոռ Ափիցարյանը (լուսանկարում) հայտարարեց, որ ՍԴՀԿ-ն հենց հայկական հարցի հիման վրա ստեղծված կուսակցություն է եւ հայերի իրավունքների պաշտպանությունն է հետապնդել: Դասագրքում մեկ տողով հիշատակում կա 1915-ի հունիսի 20-ին, Պոլսի հրապարակում մի խումբ հնչակյանների`Փարամազի գլխավորությամբ, կախաղան բարձրացվելու մասին: Սակայն պատճառների մասին չի խոսվում:

ՍԴՀԿ ՏՈԵՄ-ի դիվանապետ Ռադիկ Կարապետյանը վրդովվում է`այդ պատճառով է, որ հայ հասարակության մեջ նստած է ճնշվածի կերպարը, որ հայերը չէին պաշտպանվում եւ «ոչխարի նման» գնում զոհվում էին: Մինչդեռ նույն դասագրքում, մեկ ամբողջ էջ նվիրված է մեկ ֆիդայու եւ ռուս ցարի երկխոսությանը, որն, իր բովանդակությամբ, ըստ նրա, աշակերտին ոչինչ չի տալիս: «Եթե ներկայացվի Փարամազի ու իր ջոկատի գործունեությունը, ովքեր զինելով կազմակերպեցին Մուսա լեռան ինքնապաշտպանությունը, Զեյթունի, Շապին Գարահիսարի եւ այլ բնակավայրերի ինքնապաշտպանությունը`հանդիպելով տեղական հայ իշխանների դիմադրությանը, մարդիկ կհասկանան, որ կային մարդիկ, ովքեր զինում էին, կազմակերպում էին: Մինչդեռ հայ բուրժուաները տասը ոսկի ողորմություն էին նետում հայ հեղափոխականներին, հարյուրը` իթիհաթականներին, այն պարագայում, երբ հայ հեղափոխականները պարզել էին իթիհաթի ծրագրերը, որ լինելու է ցեղասպանություն: Թուրքերը կոտորեցին մեր անհեռատեսության եւ մեր ազգի ներկայացուցիչների աջակցության շնորհիվ: Բայց սա չի նշանակում, որ թուրքերից պահանջատեր չենք»,- ասաց ՍԴՀԿ ՏՈԵՄ-ի դիվանապետը:

Ռադիկ Կարապետյանը հստակեցնում է`մինչեւ 1919 թվականը ՍԴՀԿ-ն եղել է առաջինը եւ միակը, որը հետապնդել է Հայաստանի անկախության գաղափարը: Սա փաստում է Լեոն եւ այդ ժամանակի մամուլը: «Մյուս կուսակցական եւ ոչ կուսակցական կառույցներն անկախության գաղափարը ընդունել են շատ ավելի ուշ»,- ասաց նա: Հիշեցնում է`1908-14 թվականներին կային վառ ազգայնական կառույցներ, որոնք ընդունել էին պանօսմանիզմի գաղափարը:

Հնչակյանները վրդովված են, որ իրենց ավագ կուսակից ընկերները ներկայացվում են իբրեւ ահաբեկիչներ: Ասում են, այո, եղել են նման բաներ`թուրքական տիրապետության եւ տիրապետողների դեմ, Սուլթան Աբդուլ Համիդի, ոչ թե սեփական ժողովրդի դեմ:

Պատմության դասագրքերում տեղ գտած կեղծիքների համար, իրենք սլաքն ուղղում են նախկին իշխանության, նրանց կրթության եւ գիտության ոլորտի պատասխանատուների դեմ: Ասում են`քաղաքական պատվեր է եղել: Իրենց բաժին մեղքն էլ նշում` համեստ են եղել, հետեւողական չեն եղել: Ասում են նաեւ, որ համեստորեն լռել են նաեւ Արցախյան ազատամարտում հնչակյանների մասնակցությունից եւ կուսակցականների սխրանքների մասին: Բայց այսօրվանից հանրային իրազեկման ակցիաներ են սկսելու: Դա ագիտացիայի չեն վերածելու:

«Այլ կառույցների նման չենք տանելու մեր դրոշը փռենք մահացածի դագաղի վրա ու ասենք՝ նա մեր կառույցի ներկայացուցիչ էր`կեղծելով դա: Այդ կառույցի ներկայացուցիչները լավ հասկացան, թե ում մասին էր խոսքը: Այդ կառույցի ներկայացուցիչները` լինելով մեզնից բազմաքանակ, վախենում են մեզնից մինչեւ այսօր, վախենում են նույնիսկ մեր անունը տալ, իրենց գրականությունից ջնջում են, անգամ սոցիալական ցանցերում հարձակումներ են կատարում քանի որ շատ լավ հասկանում են, որ սկզբունքայնության կողքին իրենք չեն կարող կանգնել: Մենք ասելու ենք ճշմարտությունը, որովհետեւ մեր քաղաքական գիծը միշտ եղել է ազնվությունը»,- հայտարարեց Ռադիկ Կարապետյանը: Նա այդպես էլ չհստակեցրեց`արդյոք Դաշնակցությանը նկատի ունի, որի հետ պայքարը հարյուրամյակի պատմություն ունի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031