Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կարլոս Զգերբի ֆոն Շտայնմանը (նստավայրը՝ Թեհրան):
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ և համոզմունք հայտնել, որ Կարլոս Զգերբի ֆոն Շտայնմանի դիվանագիտական մեծ փորձառությունը լավագույնս կծառայի երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացմանը և որակական նոր մակարդակի կբարձրացնի փոխշահավետ համագործակցությունը:
Հանրապետության նախագահը և դեսպան Շտայնմանն առանձնահատուկ ընդգծել են Ուրուգվայի հայ համայնքի ակտիվ ներգրավվածությունը երկրի կյանքի տարբեր ոլորտներում և կամրջող դերը երկու պետությունների ու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ