Հունվարի 23-ին շրջանառության մեջ է դրվել «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Թեեւ շատ կարճ ժամանակ է, ինչ օրենքը տեղադրվել է արդարադատության նախարարության e-draft.am կայքում, սակայն քաղաքացիների 93%-ը դեմ է քվեարկել, եւ ընդամենը 7%-ը՝ կողմ:
Առայժմ հիմնականում դեմ են եւ դժգոհում են այս նախագծի 33-րդ հոդվածի 3-րդ կետի բ ենթակետից, եւ 67-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետից, 15-րդ հոդվածից:
Այս նախագծի 33-րդ հոդվածի 3-րդ կետի բ ենթակետով սահմանվում է՝ «շահումով խաղերի» բառերից հետո լրացնել «տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի» բառերը, իսկ «աուդիտորական կազմակերպությունները» բառերից հետո լրացնել «հաշվապահական, խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցողները» բառերը: Այս փոփոխությունը e-draft.am կայքում քաղաքացիները եւ, ենթադրվում է, այս դրույթին առնչվողները համարում են անհեթեթություն եւ վստահեցնում են՝ նշված դաշտում մեծ ստվեր կառաջանա:
Օրինակ՝ Տրգրան Աբրահամյանը նախագծի առաջարկություններում գրել է. «Առաջարկում եմ իրավաբանական ծառայություններ մատուցողներին չնույնացնել բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ներդրումային ընկերությունների, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, գրավատների, արտարժույթի առքուվաճառքի, արտարժույթի դիլերային-բրոկերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողների, ներդրումային ֆոնդերի, ֆոնդերի կառավարիչների, վճարահաշվարկային կազմակերպությունների, խաղատների, շահումով խաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողների, աուդիտորական կազմակերպությունների հետ, որովհետեւ այն իրավապաշտպան գործունեություն է, որը շատ երկրներում նույնիսկ ազատված է հարկերից: Սա բերելու է նրան, որ փաստաբանական ծառայությունները կամ գնալու են ստվեր, կամ այդ ծառայությունները հասու են լինելու միայն մեծահարուստներին, եւ պետությունը ոչ մեծահարուստներին պատշաճ իրավաբանական ծառայություններ մատուցելու իր պոզիտիվ պարտականությունը կատարելու համար ստիպված է լինելու մոտ 100-ով ավելի հանրային պաշտպան պահելու»:
Վահե Վարդանյանն էլ գրել է. «Խայտառակություն է հաշվապահական, խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցողներին ԱԱՀ-ի դաշտ մտցնելը, ավելի վատ նախագիծ չէր կարող լինել»:
Կարեն Հովհաննիսյան էլ նկատել է. «Դեմ եմ հոդված 33 կետ 3-ի փոփոխությանը, քանի որ այդ հոդվածում նշված հաշվապահական, խորհրդատվական եւ իրավաբանական ծառայություն մատուցողների համար կլինի լրացուցիչ հարկային բեռ, կթանկանա ծառայությունների գինը, կտուժեն համապատասխան ծառայություն ստացող քաղաքացիները եւ իրավաբանական անձինք: Երբ կատարվում են փոփոխություններ առանց համապատասխան ոլորտի մասնագետների կարծիքը հարցնելու՝ այն անթույլատրելի է»:
Տաթեւիկ Պողոսյանի կարծիքով էլ՝ «այս նախագիծը տանում է նրան, որ տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջ գա ստվերային գործունեություն: Փաստորեն «թավիշը» մեզ էլ հասավ»:
Լարիսա Մանասյանն էլ նախագծի նույն դրույթի վերաբերյալ հետեւյալ կարծիքն է հայտնել. «Հաշվապահական ընկերությունը, որի աշխատակիցն եմ ես, սպասարկում է փոքր բիզնեսին: Այս փաթեթի որոշ դրույթների ընդունման դեպքում կբարձրանա ծառայության գինը, ինչը լրացուցիչ բեռ կառաջացնի հարկատուների համար: Չի կարելի նման չմտածված ու չքննարկված քայլ անել: Փոխարենը «դուխով» առաջ գնանք, «դուխով» հետ ենք գնում»:
Մեկ այլ քաղաքացի էլ՝ Հեղինե Օվչյանը, անդրադառնալով այդ դրույթի՝ ՓՄՁ-ի վրա ազդեցությանը, գրել է. «Փոքր եւ միջին բիզնեսի խթանմանը հակասող նախագիծ է, որը միանշանակ մեծացնելու է ստվերային դաշտը: Ի վերջո, կառավարությունը պետք է հավասար դաշտ ստեղծի բոլոր ոլորտների համար: ԱԱՀ-ի դաշտ տանելով հաշվապահին, իրավաբանին, խորհրդատուին՝ կառավարությունը չի կարող խթանել փոքր եւ միջին բիզնեսին»:
Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիան էլ իր տեսակետն է հայտնել. «Հաշվապահական ծառայություններ մատուցողներին՝ առավել եւս ՓՄՁ հանդիսացող հարկ վճարողներին ծառայություններ մատուցողներին արգելելով շրջանառության հարկով աշխատել, դա նշանակում է ծառայությունների այդ ոլորտում խթանել ստվերը, ծառայությունների արժեքի բարձրացում, որը ուղիղ ազդում է ՓՄՁ հանդիսացող հարկ վճարողների վրա: Այսպե՞ս եք ցանկանում ՓՄՁ-ներին աջակցել»:
Արթուր Կարապետյանն էլ հոդված 15-ի վերաբերյալ գրել է. «Առաջարկում եմ Շրջանառության հարկի շեմը զգալի բարձրացնել: Նախագծի հոդված 15-ում նշված փոփոխությունը նախկինում նույնպես կատարվել է բազմիցս՝ 58,35 միլիոնից 115 միլիոն, եւ հակառակը, որը համարում եմ անարդյունավետ եւ նախկին իշխանությունների շարունակությունը: Տեղեկացնում եմ, որ մեծ քանակի առեւտրային գործունեություն իրականացնող ընկերություններ, որոնց եկամտաբերությունը կազմում է 10-15% (կախված գործունեության տեսակից), եւ որոնց շրջանառության շեմը գերազանցում է 115 միլիոնը, եթե անցնեն շահութահարկի եւ ԱԱՀ-ի դաշտ, ապա կունենան բացասական շահույթ եւ ուղղակի կդադարեն գոյություն ունենալ: Դրանից խուսափելու համար կսկսեն թաքցնել հասույթի մի մասը, եւ արդյունքում ոչինչ չի փոխվի: Ստվերը չի վերանա: Պատրաստ եմ ՊԵԿ ցանկացած պաշտոնյայի ապացուցել վերոնշյալը՝ թվերով, փաստերով, այս պահին գործող օրինակներով»:
Ինչ վերաբերում է նախագծի այլ փոփոխություններին, ապա առաջարկվում է ԱԱՀ-ի շեմը վերականգնել տարեկան կտրվածքով շրջանառության 115 միլիոն դրամի մակարդակում, հիմա շեմը 58.35 միլիոն դրամ է: Ըստ հեղինակների՝ ԱԱՀ-ի շեմի նվազեցումը 58.35 մլն դրամի գնահատվում է որպես ՓՄՁ-ի հարկային միջավայրի վատթարացում: «Այս փոփոխության արդյունքում, այլ հավասար պայմաններում, շուրջ 2800 տնտեսվարող սուբյեկտներ շրջանառության հարկի համակարգից կտեղափոխվեն հարկման ընդհանուր համակարգ, որի պարագայում հարկային բեռը էականորեն ավելի բարձր է, քան շրջանառության հարկի համակարգի հարկային բեռն է»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Առաջարկվում է նաեւ 2020 թվականի հաշվետու տարվա եւ դրան հաջորդող տարիների համար երկու տոկոսային կետով նվազեցնել շահութահարկի դրույքաչափը եւ սահմանել 18% տոկոս: Ըստ նախագծի հիմնավորման՝ «Ներկայումս ՀՀ-ում շահութահարկի դրույքաչափը 20% է: Ձեռնարկատիրական գործունեության ֆինանսական արդյունքների (շահույթների) հարկման ոլորտի միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ շահութահարկի գծով հարկային բեռը նույնպես մեր երկրում համեմատաբար բարձր է, ինչը բացասաբար է անդրադառնում ազգային տնտեսության ներդրումային գրավչության ու երկրում տնտեսական ակտիվության մակարդակի վրա: Խնդիրն այն է, որ ազգային տնտեսության ներդրումային գրավչությունը մեծապես կախված է ներդրումների հետ գնման ժամկետներից, որոնց վրա ուղղակի ազդեցություն ունի շահութահարկի դրույքաչափը»:
Նախագծի փոփոխություններով սահմանվում է՝ «2020 թվականի հունվարի 1-ից էականորեն պարզեցնել փոքր ձեռնարկատիրության հարկման համակարգը: Առաջարկվում է վերացնել արտոնագրային հարկի համակարգը, իսկ ինքնազբաղված անձանց հարկման համակարգի եւ ընտանեկան ձեռնարկատիրության համակարգի փոխարեն ներդնել մեկ միասնական՝ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգ՝ սահմանելով, որ հարկման այս համակարգից կարող են օգտվել ինչպես իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը, այնպես էլ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, եթե վերջիններիս իրացման շրջանառության տարեկան մեծությունը չի գերազանցում 24 միլիոն դրամը: Առաջարկվում է սահմանել նաեւ, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկման այս համակարգից կարող են օգտվել առանց անհատ ձեռնարկատեր հաշվառվելու, եթե զբաղվում են օրենսգրքով սահմանվող՝ գործունեության պարզունակ տեսակներով: Հարկման համակարգի այս վերանայումների շրջանակներում նախատեսվում է սահմանել, որ՝
ա. միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել Երեւան քաղաքի վարչական սահմաններում, ինչպես նաեւ Երեւան քաղաքի վարչական սահմաններից դուրս՝ առեւտրի իրականացման վայրերում, առեւտրի կենտրոններում եւ տոնավաճառներում առեւտրական (առքուվաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը,
բ. միկրոձեռնարկատիրության սուբյեկտները իրենց գործունեության մեջ, որպես վարձու աշխատող, կարող են ներգրավել ֆիզիկական անձանց առանց սահմանափակումների, որոնց վճարվող եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվելու է հինգ հազար դրամի չափով,
գ. միկրոձեռնարկատիրության սուբյեկտների գործունեության իրականացման վայրերի քանակը չի սահմանափակվում»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
25.01.19