Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիի հետ, ով ավարտում է դիվանագիտական ծառայությունը մեր երկրում:
Վստահություն հայտնելով, որ առաջիկայում երկու երկրների փոխգործակցության շրջանակը կշարունակի ընդլայնվել` զրուցակիցները արդյունավետ ու հաջողված են գնահատել Հանրապետության նախագահի՝ վերջերս Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցը, հանդիպումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: Նշվել է, որ դրանց իրականացումը նոր թափ կհաղորդի հայ-էմիրաթական համագործակցությանը՝ այն բարձրացնելով որակական նոր մակարդակի:
Հանրապետության նախագահը դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին հաջողություններ է մաղթել նրա հետագա գործունեության մեջ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ