Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կինոյում հաստատված այս մռայլ պատկերը կինոյի պետական կառավարման այսօր գործող արատավոր մոդելի հետևանք է. Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա

Հունվար 25,2019 14:34

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի 9-րդ Հավաքի Հայտարարությունը

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա նախաձեռնությունը (ՖԱՀՖ) ՀՀ գործադիր իշխանության ուշադրությունը հրավիրում է կինոյի կառավարման արմատական բարեփոխումների հրատապ անհրաժեշտության վրա։

ՖԱՀՖ-ը, վերլուծելով 2016-2018թթ-ին հայկական կինոյի պատկերն ու վիճակագրությունը հավաստում է, որ վերջին երեք տարում ՀՀ պետական բյուջեից հայկական կինոյին հատկացվել է 2,472,000,000 (երկու միլիարդ չորս հարյուր յոթանասուներկու միլիոն) ՀՀ դրամ։ Պետական ուղիղ աջակցությունը տրամադրվել է ՊՈԱԿ-ների, ՀԿ-ների, հիմնադրամների։ Ֆիլմերի արտադրությամբ զբաղվող 3 կազմակերպություններ ստացել են 1,332,300,000 ՀՀ դրամ։ Պետական երկու ՊՈԱԿ-ների աջակցությամբ արտադրվել են 101 ֆիլմեր՝ այդ թվում 69 խաղարկային և փաստագրական, 20 դեբյուտային, 12 անիմացիոն ֆիլմ։

Այս ազդեցիկ թվային ցուցանիշների հետևում առկա է այլ՝ կինոարտադրության շղթայի՝ արտադրություն – վարձույթ – հանդիսատես, կատարյալ տապալման իրողություն։ Ֆիլմերի բացարձակ մեծամասնությունը չի հասել հանդիսատեսին՝ ոչ ներքին շուկայում, ոչ միջազգային վարձույթում։ Ֆիլմերը չեն ընդգրկվել խոշոր կինոփառատոնների մրցութային ծրագրերում, չեն ստացել բարձր հարգի մրցանակներ, չեն հայտնվել միջազգային մամուլի, տեսաբանների, վերլուծաբանների, լրագրողների ուշադրության ներքո։ Կինոյի կառավարման մարմինները չեն հրապարակել ամբողջական տեղեկատվություն վարձույթում ֆիլմերի տարածման, FIAPF-ի՝ Ֆիլմարտադրողների Համաշխարհային Ֆեդերացիայի հավաստագիր ունեցող փառատոներում հայկական ֆիլմերի մասնակցության և մրցանակների մասին։

Նույն ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել են անկախության շրջանի համար աննախադեպ երևույթներ՝ արգելափակվել են կինոնախագծեր, կինոյի պետական կառավարման ստվերայնությունը հասել է վտանգավոր բարձր, իսկ ֆիլմերի ֆինանսավորման գործընթացի օրինականությունը անթույլատրելի ցածր նշաձողի։ 2018թ-ին ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ-ի կողմից ընդունվել է ժամանակավոր կանոնակարգ, որն օգտագործվել է անցանկալի կինոնախագծերի մերժման նպատակով։ Նույն տարում շրջանառության մեջ է դրվել նոր կանոնակարգ, որում ամրագրվել են պետական պաշտոնյաների կողմից կինոնախագծերի ընտրությանը միջամտելու դրույթներ։

Կինոյի կառավարման դաշտում իրավական խառնաշփոթ է։ Չկա կինոյի մասին օրենք, ՀՀ պետական բյուջեից ուղիղ աջակցություն ստացող կազմակերպությունների ընտրությունը կամայական է, ներքին շուկայում հայրենական ֆիլմերի արտադրողները զրկված են միջազգային պրակտիկայում կիրառվող արտոնություններից։

Չկան ներդրումները խրախուսող, դրանց պաշտպանությունը երաշխավորող օրենսդրական կարգավորումներ։ Ֆիլմերի խմբերում ընդգրկվող մասնագետների աշխատանքային, մասնագիտական իրավունքները պաշտպանված չեն։ Կինոարտադրող ընկերությունների միջև ձևավորված է անվստահության, անգամ թշնամանքի մթնոլորտ, բացակայում է մասնագիտական փոխգործակցության մշակույթը։

Հայկական կինոյում հաստատված այս մռայլ պատկերը կինոյի պետական կառավարման այսօր գործող արատավոր մոդելի հետևանք է։ Մոդել, որի ստվերային կառավարողները այսօր ջանք չեն խնայում արտոնյալ դիրքերը պահպանելու, պետական կառավարման նոր ձևաչափին ինտեգրվելու, բարեփոխումների ընթացքը հնարավորինս վերահսկելու համար։

ՖԱՀՖ-ը ՀՀ գործադիր իշխանության ուշադրությունը հրավիրում է վերջին տարիներին կինոյի աղետալի վիճակագրության վրա և ահազանգում է կինոյի պետական կառավարման բարեփոխման հրատապ անհրաժեշտության մասին։

ՖԱՀՖ-ը պահանջում է՝ Հայաստանի Ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարի անհապաղ ազատումը և կինոկենտրոն ՊՈԱԿ-ի հերթական ժամանակավոր կանոնակարգի ընդունման բացառումը։

ՖԱՀՖ-ը առաջարկում է՝ կինոյի կառավարմամբ զբաղվող և միևնույն գործառույթներն ունեցող կառույցների լուծարում, կառավարությանը առընթեր մեկ պետական կառույցի՝ կինոյի ազգային գործակալության կամ կինոյի պետական կոմիտեի ստեղծում և կինոյին տրվող պետական աջակցության կենտրոնացում այդ կառույցի ներքո։

ՖԱՀՖ-ը հորդորում է ՀՀ կառավարությանը և վարչապետին՝ հանդիպել ՖԱՀՖ անդամների հետ, հայկական կինոյի զարգացման ՖԱՀՖ հայեցակարգը, կինոյի պետական կառավարման կառուցվածքի վերաբերյալ ՖԱՀՖ առաջարկները քննարկելու և դրանք կիրառելու նպատակով։

Հայտարարությունը ընդունված է ՖԱՀՖ 9-րդ հավաքի և հաստատված է բոլոր անդամների կողմից։

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031