Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տիգրան Մանսուրյանը` հանգուցյալ տիկնոջ, իր ուսուցիչ Ղազարոս Սարյանի եւ մեծ հավատարմության մասին

Հունվար 25,2019 14:18

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն «Արմենպրեսում» կայացած ասուլիսում խոսելով հոգեւոր երաժշտության մասին, ասաց, որ ինքը հոգեւոր երաժշտության ոլորտ մի քանի անգամ մտել է, ու Ներսես Շնորհալու աղոթքների շարք ունի գրած: Նրա ձեւակերպմամբ, այդտեղ լուրջ գործ կա անելու, եւ իր պարտքն է հաջորդ սերնդին այդպիսի մի աշխատանքային ծրագիր փոխանցելը: «Երբ բացում ես մեր շարականները, միջնադարյան հոգեւոր տեքստերը, այնքան հարուստ նյութ կա, այնքան գործ կա անելու…Օրինակ, Կոմիտասի արածը կոմպոզիտորական արվեստ բերելն էր նույն մեղեդիների…Բայց այսօր նաեւ մեղեդիներ պետք է կարողանան գոյացնել, կոմպոզիցիոն աշխատանք անել ինքնուրույն`առանց Շնորհալու, առանց Նարեկացու տաղերին դիմելու»,-ասաց մաեստրոն:

Հարցին, թե հոբելյանի առիթով ամենացանկալի մաղթանքն ումից կուզենար լսել, Տիգրան Մանսուրյանը պատասխանեց. «Օհ, Աստված իմ…Երեւակայությունս հիմա աշխատեցնեմ…Մի քիչ սենտիմենտալ կարող է հնչել, բայց հենց իմ կնոջից կուզեի լսել, որը հիմա չկա»:

Խոսելով իր անցած ուղու մասին, նա հավելեց, որ երիտասարդ տարիներին աշխատել է, բայց շատ ավելի եռանդով կարող էր աշխատել ու ավելի շատ արդյունք կարող էր ունենալ. «Այն տարիներին չէի հավատում, որ կարող են ցանկությունները լիովին իրականանալ, քանի որ սովետական համակարգը կար, որի ներսում ինձ չէի զգում հարազատ երեւույթ, թեեւ չեմ կարող ասել, որ ինձ նեղացրել են կամ խորթ զավակ եմ եղել…

Ես աշխատել եմ ոչ այնքան ինտենսիվ, որքան այն ժամանակ, երբ սովետը վերացավ…Ցավոք, կարծում էի, թե այդ համակարգն անվերջ է…Սովետական մարդը չգիտեր, որ գալու է այս ինտենսիվության շրջանը: Ես հիմա ունեմ մեծ թվով պատվերներ արտասահմանից, հրատարակություն ունեմ…»:

Կոմպոզիտորը սովետի թեման որակեց հիվանդագին եւ ցավոտ. «Շատ մարդիկ, առհասարակ մենք ինքներս մեծ կորուստների գնով ունեցանք այս անկախությունը, թեեւ հիմնականում դա եղավ Արցախը, ինչը մեծագույն երեւույթն էր, որ մեր ժողովրդի կյանքում տեղի ունեցավ»:

Նա հիշեց նաեւ իր ուսուցիչ Ղազարոս Սարյանին. «5 տարի սովորեցի Ղազարոս Սարյանի մոտ: Ես շատ բարձր եմ գնահատում իմ հարաբերությունը այդ մեծ մտավորականի, մեծ երաժշտի, մեծ ընտանիքի զավակի` Մարտիրոս Սարյանի որդու հետ: Շատ բարձր եմ գնահատում, որ գրեթե տան տղայի պես այցելում էի Սարյանի տուն: Երբ ավարտեցի կոնսերվատորիան եւ 2 տարի պետք է Մոսկվայում կոնսերվատորիա սովորեի, իմ ուսուցիչը առաջարկեց, որ ուրիշի մոտ սովորեմ, ես ասացի, որ հենց իր մոտ եմ ուզում, ինչի համար հպարտ եմ…

Իմ բնավորության մեջ կարեւոր տեղ ունի հավատարմությունը…Օրինակ, երբ Շոստակովիչը երաժշտություն էր գրում, ու մենակատարներից մեկին ընտրում էր իր համար, բայց հետո կարող էր հայտնվել մեկ այլ երաժիշտ, որ ավելի մեծ անուն ու փառք ուներ, շատ ավելիով կարող էր ներկայացնել այդ գործը, միեւնույն է` քանի որ Շոստակովիչը պայմանավորված ուներ պայմանականորեն ավելի նվազ մեկի հետ, երբեք չէր փոխում իր որոշումը…Հավատարմությունը ես էլ եմ շատ կարեւորում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031