Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տիգրան Մանսուրյան. «Չեմ կարողանում հաշտվել հոգնելու հետ»

Հունվար 25,2019 13:51

ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին «Արմենպրեսի» մամուլի սրահում ասուլիսից առաջ լրագրողները ծափահարություններով դիմավորեցին: Մաեստրոյի համար տարին հոբելյանական է: Հունվարի 27-ին Լոս Անջելեսում տեղի կունենա նրա 80-ամյակին նվիրված հոբելյանական համերգ, որին մասնակցում են աշխարհահռչակ երաժիշտներ: Նա ասաց, որ հնչելու են տարբեր տարիների իր մի շարք գործեր, այդ թվում` Չարենցի խոսքերով «Արվեստ քերթության» երգչախմբային կոնցերտը, որ ամբողջ մի համերգային բաժին է, այլ կոնցերտ նույնպես: Համերգին կմասնակցի աշխարհահռչակ ալտահարուհի Քիմ Քաշքաշյանը: Վերջինս Տիգրան Մանսուրյանի լավագույն բարեկամներից է: Մի համերգ էլ հունվարի 30-ին է նախատեսված` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:

Այնտեղ եւս կամերային գործեր կհնչեն: Մարտ ամսին 2 համերգ է նախատեսված Հայաստանի կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար` Ռոբերտ Մլքեյան), նվագախմբի եւ մեներգիչների մասնակցությամբ:

Մաեստրոն ասաց, որ Ազգային սիմֆոնիկ նվագախումբն է ցանկություն հայտնել 3 համերգ իրականացնել, Ֆիլհարմոնիկը նույնպես համերգ է ծրագրում:

Composer, RA People’s Artist Tigran Mansuryan gave a press conference in ‘Armenpress’ state news agency

Տիգրան Մանսուրյանը հայտնեց, որ իր հոբելյանի առիթով Հայաստան են ժամանել քույրերը, դուստրը, մեծ թվով աշխատանքներ ունի` համերգների նոտային տեքստերի հետ կապված, դրա համար առայժմ հանգստանալու ժամանակ չունի:

Ինչ վերաբերում է իր ծննդյան օրվան, Տիգրան Մանսուրյանն ասաց, որ լինելու է ընտանեկան հավաք, իր խոսքով` ոչ պաշտոնական. «Կլինենք մենք ու մենք, տարիների իմ ընկերները, իմ ընտանիքի անդամները: Ցերեկը կնստենք, որ ամեն մեկը կարողանա իր երեկոն տնօրինել»:

Հարցին` իր ծննդյան օրը ինքն իրեն որեւէ նվեր կանի՞, մաեստրոն համեստորեն պատասխանեց. «Հազիվ թե, ձեռքիս մի գործ կա, որը պետք է մաքրագրեմ, դրա հետ կաշխատեմ…Ես կարեւորություն չեմ տալիս տոնական օրերին: Երբեք թույլ չեմ տալիս, որ իմ վրա իշխող դեր ունենան տոնական օրերը, սթափ եմ, աշխատանքի հանդեպ իմ սթափությունը չեմ կորցնում»:

Իր ստեղծագործական ուղին նա որակեց ծայրահեղ հագեցած. «Երաժշտության ճանապարհ մտնելու ամենասկզբից մինչեւ այսօր կայացման մի լուրջ կռիվ է, եւ այդ պահը, որ պիտի ինձ ազատ թողնեմ, դեռ չկա, թեեւ 80 տարին էլ ահագին տարիք է, որ պետք է հոգնելուն տեղ տաս, բայց չեմ կարողանում հաշտվել հոգնելու հետ…Պետք է հոգնել էլ իմանաս»:

Մեր ժամանակների մշակութային իրողություններին էլ անդրադարձ եղավ:

«Բոլոր հոգսերը մանրամասնաբար գիտեմ, բայց դետալներին չեմ տրվում: Մի ամբողջ ընդհանուր երեւույթ է տեղի ունեցածը: Հիմա կոնսերվատորիա եկավ նոր սերունդ, նոր ուժեր, օրինակ՝ Շվեյցարիայում սովորած Արամ Հովհաննիսյանը, որ գիտական գծով պրոռեկտոր է: Մինչդեռ մեր երիտասարդության տարիներին այդպիսի մեկը չէր կարող հայտնվել այդպիսի գործի գլխին, սա երեւույթ է…Մյուս կողմից, դաշտը թողել ենք ազատ, որովհետեւ Սովետի տարիներին հսկում էին, որ ռաբիսը ռադիոյով չհնչի, օտարամիտ բան չմտնի եթեր, հիմա այդպես չէ: Մենք ասացինք, որ բոլորս ապրելու իրավունք ունենք մեր գրագիտությամբ, զարգացածության աստիճանով եւ այլն, եւ այլն, եւ իրենք էլ կյանք մտան, հիմա այդ խառնակությունը չափազանց մեծ է, եթե արգելվեր դա, չէր լինի այդ ամենը, բայց մենք բոլոր բնագավառներում հրաժարվեցինք արգելող ձեռնափայտից»:

Ասուլիսից հետո մաեստրոն սիրով նվագեց լրագրողների համար: Ասաց, որ «Աշնան արեւ» ֆիլմի մեղեդին է, Հրանտ Մաթեւոսյանին է նվիրում, որովհետեւ նա շատ էր սիրում այդ գործը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031