Փաստացի Հայաստանում 2 պրոբլեմ կա` Ղարաբաղը և 5 մարզպետների ու 1 քաղաքապետի պարգևատրումները: Կամ` վարչապետի ու կուսակցապետի արժեքային համակարգերը շահերի բախում ունեն իրար հետ: Եվ ի՞նչ է ասում` որ պարգևավճարը աշխատավարձի մաս է, նախկինում էլ է եղել, և հիմա էլ շարունակում է գործել այդ համակարգը։ Այսինքն` Լենա Նազարյանին ինչո՞ւ էիք քննադատում, Նիկոլ Փաշինյանն էլ հաստատում է, որ պարգևավճարները իներցիա են` նախկին համակարգի մտածողությունը շարունակում է գործել։ Այսինքն` «Մարդ ա վատացել», կամ` Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, որ ինքը հեղափոխություն է արել, հին արժեհամակարգ է մերժել ու հիմա իրավունք չունի ասել` ավանդույթը վաղուց է եղել, ու ինքը վարչապետ դառնալուց հետո հրահանգել է ոչ մի «վատացնող քայլ չձեռնարկել մինչև աշխատավարձերի հետ կապված թնջուկը լուծվի»:
Մարզպետների սկանդալը ունի իրավական, քաղաքական, բարոյական ու համակարգային շերտեր և միայն իրավական առումով` կիսապաշտպանված լինելով` ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ նրա նշանակած մարզպետները, ոչ ՔՊ պատգամավորները իրավունք չունեն մոռանալ հարցի քաղաքական ու բարոյական կողմը, առավել ևս` համակարգը փոխելու անհրաժեշտությունը: Նյուտոնի առաջին օրենքը, կամ իներցիայի օրենքը ասում է. «Ամեն մի մարմին գտնվում է հանգստի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման մեջ այնքան ժամանակ, քանի դեռ նրա վրա գործող ուժերը չեն փոխել այդ վիճակը»: Իներցիան մարմնի հատկությունն է` մնալ անշարժ կամ հավասարաչափ, ուղղագիծ շարժման վիճակում` արտաքին ներգործությունների բացակայությամբ, նաև` խոչընդոտել իր արագության փոփոխությանը` արտաքին ուժերի առկայությամբ:
Բայց կա Նյուտոնի երկրորդ օրենքը` նյութական կետի արագացումը ուղիղ համեմատական է շարժումը հարուցած ուժին և հակադարձ համեմատական է նյութական կետի զանգվածին: Ֆիզիկոսների ծիծաղը չհարուցելու և քաղաքականության մեջ խրվածներին իներցիայի հմայքները բացատրելու համար թարգմանեմ` իներցիան կամ իներտությունը շարունակվելու է այնքան, քանի դեռ բոլորին ձեռնտու է, եթե ձեռնտու չէ, պետք է ոչ թե «վատացնող քայլ չձեռնարկել», այլ մարզպետների ու մարզպետարանների գործունեության մեջ փոփոխություն մտցնել: Օրենքով: Ոչ թե լրագրողներին ու հասարակությանը մեղադրել, որ նոր Հայաստանում հին կառավարում չեն ուզում: Առավել ևս, որ կա Նյուտոնի երրորդ օրենքը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում